Դեռեւս հայտնի չէր, թե երբ արցախցի մեր հայրենակիցները կկարողանան տեղահանվել եւ տեղափոխվել Հայաստան, սակայն մայրաքաղաքի որոշ կետերում արդեն ընթանում են նրանց դիմավորելու նախապատրաստական աշխատանքներ: Այդ աշխատանքներին մասնակցում են ոչ միայն տեղացիներն, այլ նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխված ռելոկանտներ:

Արդեն մի քանի օր է, ինչ շատերը աշխատում են Թումանյան 37 հասցեում` Armenian Food Bank-ում:

Կամավորներից Վիտալիի խոսքով, նախօրեին ինքը մի քանի տոպրակ չփչացող մթերք էր բերել օգնության հավաքագրման այս կետը, իսկ հաջորդ օրն արդեն որոշել է, որ պետք է գա հենց աշխատանքներին մասնակցելու համար:

Անդրեյն էլ ասում է` եկել է օգնելու, քանի որ ունի սկզբունք` եթե կարող ես մարդկանց համար լավ բան անել, արա դա:

Կամավոր կանանցից մեկի խոսքով, ինքը օգնում է ընդունել եւ դասավորել այն ամենն ինչ բերում են բարի մարդիկ. «Մենք շատ մեծ հույս ունենք, որ ինչ-որ մարդիկ կգան, ցավոք, բոլորին չենք կարողանա օգնել:  Առհասարակ ցանկալի է պատրաստ լինել ամեն ինչին, նախորոք պատրաստ լինել: Շատերը մթերք կամ իրեր են բերում, շատերը իրենց աշխատանքն են առաջարկում: Գուցե ասածս շատ էմոցիոնալ թվա, բայց այսօր օգնելու լավագույն ձեւը  մարդ մնալն է»:

«Մենք ընդունում ենք բոլորի օգնությունը» ,- ասում է Սեդան, ով կամավոր է եղել նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ: «Մենք հավաքում ենք չփչացող սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ, երեխաների համար հագուստ, տակդիրներ, կեր եւ այլն: օգնել ցանկացողները կարող են գալ ցանկացած օր, ցանկացած ժամի: Այստեղ միշտ մարդ կա: Շատ ուրախ ենք, որ մարդիկ ոչ միայն բերում են այդ ամենը, այլ նաեւ մնում են կամավորություն անելու»:

Նրա խոսքով, հնարավոր չէ ասել, թե մինչ այս պահն արդեն քանի հոգի է մասնակցել կամավորական աշխատանքներին, միայն կարող է նշել, որ հաճախ մարդիկ ավելի շատ են, քան առկա աշխատանքը:

Ի պատասխան մեր հարցին, թե ինչ ձեւով է հավաքված բարիքը հետագայում հասնելու շահառուներին, Սեդան ասաց. «Մենք պաշտոնապես գրանցված հիմնադրամ ենք եւ ունենք կոնտակտներ, որոնց միջոցով կազմակերպվելու է այս ամենի հանձնումը այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն»:

Նշենք, որ արցախահայերին օգնելու նպատակով դրամահավաք են սկսել «Էթոս» եւ «Վիվա» բարեգործական հիմնադրամները, որոնք մինչ այժմ օգնում էինք պատերազմից տուժածներին` Ուկրաինայում:

Անի Գևորգյան

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest