Մհերյաների ընտանիքում 2019թ-ից սկսած ողբերգական դեպքերը հաջորդել են մեկը մյուսին: Նախ մահացել է ընտանիքի հայրը` Սանասարը, ապա 44-օրյա պատերազմում զոհվել է ավագ որդին` Վոլոդյան, վիրավորում է ստացել կրտսերը` Էդգարը, իսկ դեպքերից մեկ ամիս անց էլ չի դիմացել պապիկի` ավագ Վոլոդիայի սիրտը:

Տղաների մայրը` Քրիստինեն պատմում է` այս դեպքերը հաղթահարելուն իրեն օգնում էր այն միտքը, որ ինքը պարտավոր է սթափ մնալ հանուն փոքրիկ դստեր. «Աղջիկս շատ ծանր տարավ այս ամենը, նույնիսկ հոգեբանի մոտ էի տարել, բայց ի վերջո նրան օգնեց պարի հաճախելը ու այդպես իրականությունից շեղվելը»:

Վոլոդյա Մհերյանը պայմանագրային զինծառայող էր հստակ որոշել էր, որ կյանքը պետք է նվիրի զինվորական գործին: Նա ազատամարտիկի որդի էր, 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին կուրսանտ էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Ափսոսում էր, որ չի թույլատրվում մասնակցել պատերազմին, սակայն պատերազմից հետո մասնակցել էր ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության «Մենք ձեզ հետ ենք, Դուք մենակ չեք» ծրագրին, որի շրջանակներում, որպես օրինակելի եւ առաջադեմ կուրսանտ, այցելում էր Ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներին։

2020-ի պատերազմի օրերին նա արդեն գործող սպա էր: 44-օրյա պատերզմի ընթացքում նա մարտեր է մղել՝ թշնամուն հասցնելով մեծաթիվ զրահատեխնիկայի եւ մարդկային ուժերի կորուստներ։ Շարունակել է հրամանատարությունն ու մարտը անգամ մեկ հրետանիով, մյուս բոլորի շարքից դուրս գալուց հետո:

Հայտնի է, որ Վոլոդյան զոհվել է հ ոկտեմբերի 22- ին` Մարտունի 2-ում: «Այդ օրը շատ թեժ մարտ է եղել: Տղաս իր սերժանտների հետ բլինդաժ է մտել, որպեսզի ինչ-որ գործողություն անեն: Հստակ բան չեն ասում, ամեն մեկը մի բան է ասում, կարծես թե գնացել են քարտեզ նայելու ու հենց այդ պահին ինքնաթիռի ական  են գցել… նրանք մնացել են այդ բլինդաժի մեջ: Դիվիզիոնի հրամանատարը, ինքը, սերժանտները» ,- պատմում է մայրը:

Կրտսեր որդին վիրավորում էր ստացել սեպտեմբերի 29-ին, սակայն յոթ օր բուժում ստանալուց հետո վերադարձել էր առաջնագիծ: «Տղաներս տարբեր տեղերում էին: Նրանց կապող օղակը ես էի: Երբ խոսացել եմ մեկի հետ, Վադիիս եմ ասել, նրա հետ խոսալուց հետո էլ Էդգարիս եմ ասել: Ամսի 21-ին իրար հետ կապնվել են, խոսել են: Փոքր տղաս ասել է` գալու ենք դեպի Մարտունի, ինչ բերեմ, Վադիս ասել է` էրեխեքիս քաղցր կբերես: Էրեխեքս` այդպես ասում էր իր զինվորների մասին… Ավախ, փոքր տղաս չհասավ: Վադիս ուզած քաղցրն ու կոլան ես հասցրի իր ողջ մնացած զինվորներին, բայց արդեն պատերազմից հետո»:

Զոհված զինվորի մայրն ասում է, եթե պատերազմը չլիներ, իր ընտանիքում մեծ ուրախություն էր լինելու` հոկտեմբերի 20-ին պետք է կայանար Վոլոդյայի հարսանիքը: «Եթե ամեն ինչ այլ կերպ լիներ, տղաս հիմա կշարունակեր զբաղվել իր սիրելի աշխատանքով, ընտանիք կազմած կլիներ, գուցե արդեն երեխա ծնված լիներ… Ցավոք… 2020-ին մենք հարսանիքի էինք պատրաստվում»:

Անի Գևորգյան

Մանրամասները տեսանյութում՝

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest