7 ամիս որպես անհետ կորած որոնվելուց հետո ապրիլի 21-ին հայտնաբերվել էր Արցախի Հանրապետության Ջրականի (Ջաբրայիլի) զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Արթուր Հակոբյանի դին: Շատերիս համար նա հայտնի էր դարձել պատերազմի օրերին «Զինուժի» պատրաստած ռեպորտաժներից մեկից, որտեղ նա ասում էր. «Խփեք դրանց, խփեք»։

Հակոբյանը Ջրականի զորամասի շտաբի պետ էր նշանակվել 2020 թ. փետրվարին: 37-ամյա հրամանատարը 2001-2006 թթ. սովորել էր Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքի օդադեսանտային ռազմական ինստիտուտում: 2011թ. մարտ ամսին Հայաստանում կազմավորվել էր «Դիպուկահարների» դպրոցը, եւ նա նշանակվել էր դպրոցի ավագ դասախոս, այնուհետեւ ղեկավարել էր դպրոցը: 2017-2019 թթ.-ին սովորել էր Մոսկվայի Ֆրունզեի անվան համազորային ռազմական ակադեմիայում: 2019թ. օգոստոսից նշանակվել էր Արցախի հանրապետության «Մարտունի-2» զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ:

Փոխգնդապետի հոր` Դավիթ Հակոբյանի խոսքով, պատերազմի օրերին պարբերաբար խոսում էր որդու հետ, սակայն գիտեր, որ որեւէ ավելորդ հարց տալ չի կարող:

«Ոչ թե մենք էինք իրեն հանգստացնում, այլ ինքը մեզ»,- հիշում է հայրը: Վերջին անգամ Արթուրի ձայնը լսել է նրա 6-ամյա որդին, երբ կեսգիշերն անց փոխգնդապետը զանգել է տուն, խնդրել է արթնացնել տղային ու շատ կարճ խոսել: Դավիթ Հակոբյանը համոզված է` որդին արդեն գիտեր, թե ինչ է լինելու եւ զանգել էր վերջին անգամ լսելու տղայի ձայնը.

«Ինքը գիտեր, թե ինչ բան է պատերազմը: Նրա նման զինվորական ճանապարհ անցած մարդիկ քիչ կան: Նայեք նրա կենսագրությունը եւ կհասկանաք, թե ինքը ինչ լավ էր ամեն ինչ պատկերացնում»:

Վարկածներից մեկով Արթուրը զոհվել է հոկտեմբերի 5-ին, զորամասի վրա հարձակման ժամանակ, նա անձամբ մեքենան վարելով՝ դուրս է եկել թշնամուն ընդառաջ: Դրանից հետո հայկական զինուժը Ջրականի տարածքից նահանջել է եւ տեղի ունեցածի մասին այլեւս մանրամասներ հայտնի չեն: Փոխգնդապետը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով:

Հոր մահվան մասին լուրը արդեն 7 տարեկան դարձած որդին իմացել է վերջերս, երբ հյուրասենյակ մտնելու պահին հեռուստատեսությամբ ցուցադրվել է հոր մասին պատմող հաղորդում: Նա հարազատներին որեւէ բան չի ասել, ուղղակի դուրս է եկել սենյակից:

Կոտայքի մարզի Գառնի համայնքի մուտքին կարելի է տեսնել Հակոբյանի լուսանկարով մեծ պաստառ` «Դու հաղթել ես» գրությամբ: Այս համայնքը պատերազմին տվել է ութ զոհ:

Անի Գեւորգյան

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest