«Ես 2020-ին մինչեւ վերջին օրը Շուշիում մնացել եմ, բայց այդպիսի ապրումներ չեմ ունեցել, ինչպես վերջին պատերազմին եղավ, երբ գյուղում ապրող մեր հարազատներից լուրեր չկային ու լսում էինք, որ կրակում են»,- ասում է Զարինե Ավագյանը, ով Արցախի շրջափակման ամիսների աշխատում  էր Ստեփանակերտում` հացի փռում:

Զարինեն հիշում է շրջափակման ամիսները, ասում է` օր օրի իրավիճակն ավելի էր բարդանում ու ծանրանում, սակայն մարդիկ լավատես էին. «Շատ դժվար էր բոլորիս համար: Հացը թխում էինք երեք տեսակ ալյուրով` սպիտակ ալյուր, խամբարի /եգիպտացորենի/ ալյուր ու թեփ: Երեք տեսակից կիլոգրամներով չափում, գցում էինք, որ մի բան ստացվեր: Մեզ կարծես կերակրում էին խոզերի կերով, այդ թեփով: Բայց դրանից էլ էինք գոհ, որ այդ օրը սոված չմնացինք: Ընտանիքներ կային, որ գալիս էին հաց առնելու, ու գիտեի, որ մեծ ընտանիք է: Մի ընտանիք կար, վեց երեխա ուներ: Նրանց հասնում էր երեք հատ հաց, բայց խիղճս չէր տալիս: Այդ ժամանակ էլ կտրոններով էին արդեն հացը բաժանում, տնօրինություննը ասում էր` պարտադիր պետք է չափսերով տաք ու ըստ կտրոնների, որ մեզ դրա չափով հետո ալյուր տան: Հովհարային անջատումներ էին լինում, ամբողջ գիշերն աշխատում էինք, որ առավոտյան երբ մարդիկ գան, պատրաստ լինենք: Լինում էր դեպքեր, երբ այդպիսի ընտանիքներին մի քիչ շատ էի հաց տալիս, օրվա վերջում, երբ կտրոնները հաշվում էինք, հրցնում էին, բա ինչի է պակաս… խիղճս թույլ չէր տալիս, որ փոքր երեխաներ ունեցող ընտանիքներին քիչ հաց տայի»:

Արցախցի կինը ասում է` շատ էր ցավում, երբ տեսնում էր մարդկանց դժվար կացությունը. «Մարդ կար, միայնակ էր, գալիս էր, 200 գրամ հաց էր վերցնում մեկ օրվա համար, իհարկե հասկանում էի, որ այդ մարդը չի կարող դրանով ապրել: Տարիքով մարդ էր, ես էլ նրան մեկ հաց էի տալիս: Միշտ նման դեպքերում մտածել ենք, լավն անենք, Աստված մեր դեմը կբերի… Հիմա, փառք Աստծո, զգում ենք, որ Աստված բերել ա մեր դեմը: Ոչինչ չունենք, բայց ողջ-առողջ ենք բոլորս, հիմա էլ փորձում ենք մեր գործին վերադառնանք… Ասում են` հայի ճակատագիրն է, հաց թխելն էլ է հայի ճակատագիրը…Մի քանի օր ալյուր չկար, շատ ծանր ապրումների մեջ էինք ընկել, գիտեինք, որ մարդիկ սոված են, ճիշտ է` մենք էլ, բայց այդ իրավիճակում մարդկիանց մասին էինք մտածում, ովքեր գալիս էին, մեզ հարցնում էին, թե ինչու չկա, երբ կլինի ու մենք մեզ վրա պատասխանատվոթյուն էինք զգում, թեեւ մեզնից ոչ մի բան կախված չէր»:

Սեպտեմբերի 19-ին Զարինեն աշխատանքի էր, արդեն ավարտում էր ու հագուստս էր փոխում, երբ մեն ինչ սկսվեց:

«Դե տրանսպորտ չկար, ժողովուրդը ոտքով էր տեղաշարժվում, ես էլ ոտքով գնացի տուն… Ապաստարանում էինք, կապի միջոց չունեինք, բոլորիս տանն էլ զինծառայողներ կային, բայց ոչ մեկից նորություն չունեինք: Ահավոր ապրումներ ենք ունենում հիմա էլ հիշելով: Այստեղ գալուց հետո մեկ ամիս ուշքի չէինք գալիս, շոկի մեջ էինք… Երբ հրետանին աշխատում էր, ուրախանում էինք, ասում էինք` մերոնք են, հետո նրանք էին խփում, լռում էինք: Հետո էլի մերոնք էին խփում:  Շատ լավ էին աշխատում մեր տղաները: 11 հոգով մեկ մեքենայով մեկնել ենք Հայաստան, հասել ենք Կոռնիձոր, որտեղ մեր հայրենակիցները մեզ լավ դիմավորել են… »:

Արցախցի կինը ասում է` հիանում է այն բոլոր արցախցիներով, ովքեր այսքան տարի այսքան դժվարություն ու ցավ են կրել, այսօր էլ փորձում են կանգուն մնալ. «Աշխատում էինք, փորձում էին նորը ստեղծել: Փորձում էինք նորը ստեղծել, բայց նոր պատերազմ սկսվեց: Հույս ունեմ, որ հետ ենք գնալու… երեւի կգնանք… պետք է ուժեղ լինենք…»:

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest