Ասկերանի Իվանյան գյուղից տեղահանված 22 հոգանոց ընտանիքից 15-ը երեխաներ են: Բոլորը միասին այժմ ապրում են Արարատի մարզի Զորակ համայնքում գտնվող մի փոքրիկ տնակում: Ասում են` պետք է փորձեն այնպես անել, որ ընտանիքը չցրվի, բոլորը միասին մնան: 44-օրյա պատերազմի հետեւանքով ընտանիքը կորցրել է միանգամից 4 տղամարդ:

Նվարդ տատի 2 որդին է զոհվել  ու 2 աղջիկների ամուսինները: «Թոռով ծոռով այստեղ ենք` վարձով: Տղաներս Շուշիում են զոհվել` Նոյեմբերի5-ին: Սասուն Թորոյանը ու Արթուր Թորոյանը: Նրանց զոհվելուց հետո տեղափոխվեցի այստեղ: Հիմա այստեղ դիմավորեցի իմ մյուս տղաների ու աղջիկների ընտանիքները»:

Նվարդ տատի որդիներից 37-ամյա Սահակ Թորոյանն այժմ փորձում է հոգալ իր մեծ ընտանիքի կարիքները, կարգի բերել փոքրիկ եւ հին տունը:

«Մենք չորս եղբայր էինք: Երկուսը զոհվել են: 44-օրյա պատերազմի ժամանակ մերոնք` ծնողներս եկան այս գյուղ, այստեղ տուն գտան ու մնացին, ես ու քույրերս մնացինք Արցախում: Արցախում ես գործեր ունեի` ես զբաղվում էի գյուղատնտեսությամբ, չէի կարող ամեն ինչ թողնել: Ինձ մոտ աշխատող յոթ ընտանիք էի պահում: Սեպտեմբերի 19-ի կռվից հետո բոլորս եկանք այստեղ` ծնողներիս մոտ, հիմա բոլորս այստեղ ենք բնակվում, Հայաստանում այ տեղ չունենք գնալու… Ամսի 19-ին գյուղում էինք, մեր առօրյա գյուղատնտեսական գործերով էինք, երեխաները դպրոցում էին: Երբ կռիվը սկսվեց բոլորս խուճապի մատնվեցինք, հասկացանք` պատերազմ ա: Մենք սպասում էինք, որ տղամարդկանց պետք է կանչեն համապատասխան տեղը, որտեղ մենք պետք է լինենք, բայց ոչ ոք մեզ չկանչեց: Հետո ռուս  խաղաղապահները եկան մեզ տեղեկացրին, որ երկու ժամ ունենք գյուղը  ազատելու համար, որ պետք է այստեղ Ադրբեջանի դրոշը դրվի: Երեխաների հագուստ վերցրինք, եկանք Ստեփանակերտ, մինչեւ սեպտեմբերի 29-ը  մնացինք հյուրանոցում, ամսի 30-ին հասանք այստեղ», — պատմում է Սահակը:

Նա հիշում է, որ շրջափակման ժամանակ բենզին չլինելու պատճառով իր  մեքենան վաղուց չէր վարել, ինչի հետեւանքով այն փչացել էր: Սահակը ստիպված մեկ այլ մեքենա էր գտել, սակայն դրանով չէր ցանկացել երեխաներին տեղափոխել. «Մտածեցի, կարող է ճամփին մնար, որոշեցի էրեխեքին ավտոբուսով ուղարկեд: Ես ու քրոջս մեծ տղան էլ եկանք մեքենայով…»:

Սահակի քույրը, ում ամուսինը զոհվել է 44-օրյա պատերազմում, 9 երեխաների մայր է: Ասում է` լավ է, որ հիմա բոլորով մեկ տանիքի տակ են, սակայն դեռեւս անորոշ է, թե ինչպես են կազմակերպելու իրենց կյանքը: Բանն այն է, որ եւ որպես բազմազավակ մայր եւ որպես զոհվածի կին, Գայանեն Արցախում սոցիալական աջակցություն էր ստանում, սակայն սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո աջակցության բոլոր ծրագրերը դադարեցվել են:

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութի հեղինակ Ռուզաննա Քոչարյան

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest