Արցախից բռնի տեղահանված ընտանիքն արդեն քանի ամիս է ապրում է լավաշի արտադրամասում՝ Մասիսում։ «Սկզբում վիճակն ահավոր էր, հնարավոր չէր ապրել, բայց տղաս պատերը սպիտակացրեց, մի քիչ կարգի բերեց։ Այսքան կարճ ժամանակում պատերը նորից խոնավացան ու սեւացան»,- պատմում է ստեփանակերտցի Նելլի Գարաքյանը։

Ընտանիքը, որը Ստեփանակերտում երկու տուն է թողել, այժմ փորձում է վարձով այլ բնակարան գտնել, սակայն ապարդյուն։ «Տանը փոքր երեխա ունենք, հարսս էլ հղի է։ Այս օդը շնչում ենք… Թե Ստեփանակերտում ինչ տներ ենք թողել, Աստված գիտի։ Հիմա ամեն ձեւ նոր տուն ենք փնտրում, բայց գիտեք, թե ինչ դժվար է նորմալ գնով նորմալ բան գտնելը… Ստեփանակերտում երկու տուն ոնեմ՝ մեկը Հաղթանակի կոլցեվոյում, մյուսը Արցախ թաղամասում։ Առաջին տանը ես, տղաս, հարսս ու թոռս էինք ապրում, մյուս տանը ապրում էր մեծ տղաս իր ընտանիքի հետ»,- պատմում է տիկին Նելլին։

Ասում է, իր երեք երեխաներին միայնակ էր մեծացրել՝ ամուսնուն Արցախյան առաջին պատերազմում կորցնելուց հետո. «Ամուսինս առաջին պատերազմում զոհվեց։ Փոքր երեխաներ էին, երբ դեպքը եղավ…Ամուսնուս փակած բերել էին, փակած տարել։ Երեխաներս բան չէին հասկանում, մի օր չդիմացա, ասացի՝ էլ պապա չունեք… Մարտի մասնակցելուց առաջ ամուսինս ասաց՝ երեւի սա վերջին կռիվն ա, գնամ Ֆիզուլի, սրանով գուցե պատերազմն ավարտվի… Պատերազմն էլ պրծավ, նրա կյանքն էլ պրծավ…Ծննդյանս օրը նրա մահվան յոթն էր»։

Բռնի տեղահանված կինը դեռ չի հավատում, թե այլեւս իր տուն ոտք չի դնելու, քանի որ տեսել է արցախյան առաջին պատերազմի հաղթանակը եւ հասկացել է, որ ամեն ինչ հնարավոր է..« Այն ժամանակ մեկս մյուսին  նայելով համբերել ենք, դիմացել ենք, դա է եղել հայի ճակատագիրը, ասել ենք՝ գոնե հաղթել ենք, ազատագրել ենք։  Իսկ հիմա ի՞նչ ասենք։ Այսքան տղա զոհ տվեցինք, հողը տվեցինք, դրան էլ  գումարած բենզալցակայանի պայթյունի դեպքը։ Այն ժամանակ  իմացել ենք, որ մի բանի հասել ենք, բա է՞ս ինչ ասենք։ Մարդիկ ո՞նց դիմանան»։

Ամսի 19-ին երբ Ադրբեջանը Արցախում սկսել է ռազմական գործողությունները, տիկին Նելլին տանն է եղել. «Մենք մտանք նկուղ։ Տղաներս դիրքերում էին։ Հետո լուրեր բաներ չէինք իմանում, գիտեինք, որ լուրջ վիճակ է, հետո զոհերի ու վիրավորների մասին լուրերը սկսեցին գալ, հետո էլ ասացին՝ պետք է դուրս գանք։ Մեր հագի հագուստով դուրս ենք եկել։ Որդիներս արդեն հետ էին եկել, հագուստները փոխել էին։ Կամուրջի մոտ շատ էի վախենում, որ որդիներիս կպահեն, չեն թողնի անցնեն։ Երբ անցանք՝ հավատս չէր գալիս… տղաներս հրաշքով են պրծել։ Շրջափակման մեջ են մնացել, հետո քիչ էր մնացել մինայի վրա մնան…հրաշքով փրկվել են։ Միշտ Աստծո հետ խոսացել եմ՝ հորը տարել ես, գոնե էրեխեքիս պահիր։ Հիմա բոլորս էլ առողջություն էլ չունենք, ոչ էլ աշխատանք է լինում գտնել, փորձում ենք յոլա գնալ, բայց դժվար է… Այնտեղ բլոկադայի մեջ ահավոր վիճակ էր։ Բան չկար, ինչ էլ կար, ահավոր թանկ էր։ Չէի կարողանում գոնե գազար գտնել, որ թառանս համար մի բան սարքենք, վիտամին ուտի։ Հացի հերթերի մասին էլ չասեմ։ Այդ հացը երեխան չէր ուտում, այնքան կոշտ էր։ Բայց մի բան ասեմ։ Թող սոված մնայինք, բայց մեր տանը լինեինք։ Ես մեր տունն եմ ուզում։ 45 տարի ապրել եմ նույն տանը։ Ամուսնացել եմ այդ տանը, երեխա եմ ունեցել, թոռ եմ ունեցել։ Ամբողջ կյանքս անցել է այդ տանը…»։

Անի Գևորգյան

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest