Միշտ ամեն ինչ կարելի է նորից սկսել եւ թող ամեն օրը բոլորի կյանքում մի նոր բանի սկիզբ լինի: Կիրակի օրը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում այս խոսքերը հնչեցին` նվիրված այն տղաներին, որոնք տարբեր պատճառներով հաշմանդամություն ձեռք բերելուց հետո որոշել են նոր կյանք սկսել եւ զբաղվոլ պարով:

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի  տնօրեն Հայկուհի Մինասյանի խոսքով՝ տղաներն ապացուցում են,  որ անհնարին ոչինչ չկա, եթե կա ցանկություն եւ կամք:

«Ինչպես մեր տղաներն են սիրում ասել՝ սա ապացույց է, որ կարելի է նորից ապրել, հասնել հաջողությունների եւ բարձրունքների, որոնց մասին անգամ մտածել չենք կարող: Սա մեր տղաների համար մեծ հաղթանակ եւ ոգեւորություն էր: Այն կյանքին «այո» ասելու եւ ապրել շարունակելու մասին էր, բոլորին հույս տալու մեծ հնարավորություն էր: Սովորաբար իրենց են մխիթարում, քաջալերում, բայց այս անգամ իրենք բոլորիս քաջալերեցին»,-ասում է Հայկուհի Մինասյանը:

Համերգային ծրագրին ներկա էին տղաների հարազատները, նաեւ հայրենիքի համար անմահացած զինվորների ծնողներն ու հարազատները:

Անվասայլակներով պարող տղաներից մեկը նախկին զինվորական, 3 երեխաների հայր  Անդրանիկ Մարգարյանն է, ով ողնաշարի վիրավորում էր ստացել 44-օրյա պատերազմի ժամանակ` Զրականում:

«Իմ ընկերներն ու բարեկամները շատ էին զարմացել, գիտեին, որ ես նախկինում պարի հետ կապ չեմ ունեցել։ Իսկ հիմա պարում եմ եւ դա շատ ոգեւորում է: Բացի պարելուց մենք տղաներով անընդհատ շփվում ենք եւ դրա շնորհիվ պարապմունքների գալիս մենք զգում ենք, որ կարծես ընտանիքի մեջ լինեն ու մեզ ավելի ինքնավստահ ենք զգում»,- ասում է նա:

44-օրյա պատերազմի ժամանակ ԱԹՍ հարվածից հետո հրաշքով ողջ մնացած Վարդան Վարդանյանը եւս նախկինում ծառայել է:

«Մեր պարերի մեջ ամեն մեկը իրանն է տեսնում: Մեկը դրան  նայելու է ու մտածի` անհնար ոչինչ չկա, մարդիկ կան, մտածելու են` կյանքը շարունակվում է: Մենք ամեն ինչ տալու ենք, բայց ամեն մեկը իրանն է վերցնելու»,- ասում է նա:

Անի Գևորգյան

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest