Նիկոլ Փաշինյանը մինչ այժմ չի մեկնաբանել մարտի 24-ին Երեւանի Նոր-Նորքի ոստիկանության բաժանմունքում տեղի ունեցած միջադեպը, երբ երեք տղամարդ մտել են բաժին եւ երկու ժամ, սպառնալով պայթեցրել նռնակները, պահանջներ ներկայացրել։ Երեքից երկուսը վիրավորվել են սեփական նռնակի պայթյունից, իսկ երրորդը ձերբակալվել է։ «Տուժել է» միայն բաժանմունքի դուռը։ Քնչական կոմիտեն քրեական վարույթն հարուցել է ահաբեկչություն հոդվածով։

Սա թերեւս աշխարհի ամենաանհասկանալի ահաբեկչությունն էր, որը բազմաթիվ հարցեր էր առաջացրել։ Մասնավորապես, երկար ժամանակ չէր հայտարարվում, թե ի՞նչ պահանջ ունեն «ահաբեկիչները»։

«Շենքը պայթեցնելու սպառնալիքով, ձեռքերում ցուցադրական պահելով վերը նշված, այդ թվում՝ արդեն մարտական վիճակի բերված նռնակները, վերջիններս հերթապահ մասում ծառայություն իրականացնող ոստիկաններից պահանջել են ազատ արձակել իրենց համախոհներին, բացել հերթապահ մասի դուռը, իրենց տալ այնտեղ պահվող զենքերը և ազատել շենքը, որը զուգորդվել է նշված շենքում գտնվող անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով», դեքպից շատ ուշ հայտարարություն էր տարածել ՀՀ Քննչական Կոմիտեն:

Ազգային ժողովրդավարական բեւեռը հրապարակել է ոստիկանության Նոր Նորքի բաժին մտած զինված անձանց լուսանկարները եւ գրառում արել․ «Երեկ՝ մարտի 24-ին, Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքի մոտ տղաները ներկայացրել են հետևյալ պահանջները (խոսքը սղագրված է համացանցում շրջանառվող տեսանյութերից).

Ոստիկաններ, հետ գնացեք, հեռու կանգնեք, ՄԵՆՔ ՄԵԶ ԿՏՐԱՔԱՑՆԵՆՔ… Նիկոլին Փաշինյան, որ հանդիսանում է ՀՀ ղեկավարը, առաջին հերթին պետք է ժամ առաջ հեռացնել, որովհետև դավաճանել է իմ ազգին, իմ ժողովրդին, Հայաստանի անկախությանը և հայ ազգին հասցրել է կատաստրոֆիկ վիճակի… հողերը հերթով հանձնում է, մեր նման տղերքին էլ ձերբակալում են: Մենք պետք է կռվենք, ոչ թե թողնենք, որ թուրքի յաթաղանը ներս մտնի»:

Ստեփան Հովակիմյանը, որին ուժայինները ամենավերջում վնասազերծեցին, ոստիկանության բաժին գնալուց անմիջապես առաջ Ֆեյսբուքում լայվ էր արել։ Սահմանային Ոսկեպարում իրենց թիմակիցների ձերբակալության լուրից հետո տղամարդն իր վրդովմունքն էր հայտնել, մեկ ամիս առաջ էլ ուղիղ հայտարարել էր՝ ապստամբելու է իշխանությունների դեմ։

Զինված մյուս անձինք 51-ամյա Վարդգես Գևորգյանն էր ու 55-ամյա Արթուր Մովսիսյանը։ Վերջինը նույնպես ընդվզելու կոչեր է արել Ֆեյսբուքում ։ Դատելով իշխող կուսակցության ներկայացուցիչների արձագանքից, Նոր-Նորքում կատարվածը նրանք ընկալել են որպես իրենց իշխանության եւ զիջողական քաղաքականության դեմ ուղղված քայլ եւ կոչ են արել «օրորոցում խեղդել» ցանկացած նման փորձ։

«ՀՀ-ում որեւէ ապօրինի զինված խմբավորում չի կարող լինել, թաքնված զենք չի կարող լինել: Փաստորեն դեռ տներում շատ զենք կա», -հայտարարել էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ու հավելել․ «Որեւէ մեկի մտքով չպետք է անցնի, որ գիտես ինչ, իր պատկերացմամբ ինչ-որ պահի մասնակից է եղել ինչ-որ գործողությունների… մենք պետք է հարգանքով վերաբերվենք Եռաբլուրին եւ նրանց, որոնք իրենց կյանքն ու ամեն ինչն են տվել: Այսօր դա դարձնել դրոշակ, մտնել եւ պահանջներ դնել պետության առաջ, դա որեւէ երկիր չի հանդուրժի»։

Գործող իշխանությունը վախենում է ոչ այնքան արտաքին թշնամուց, որքան ներքին ապստամբությունից, նախկին եւ գործող զինվորականներից, դիմադրության եւ սեփական հողը պահելու կոչ անող մարդկանցից։ Ցանկացած նման պոռթկում ներկայացվում է որպես «նախկինների ռեւանշ»։

Ապստամբության դեպքերին չառերեսվելու համար իշխանությունները պատրաստ են ցանկացած զիջման։ Օրինակ, ադրբեջանցի դիվերսանտները, որոնք իսկական ահաբեկություն էին կատարել հայերի նկատմամբ, նրանց կյանքի սպառնալիք էին, ավելին՝ Կապանում մարդ էին սպանել, հեշտ ու հանգիստ փոխանցվեցին Ադրբեջանին։ Դրանք ահաբեկիչներ չէին։ Բացի այդ, իշխանությունները չեն բացառում, որ կհրաժարվեն Բաքվի դեմ հայցերից, որոնք ներկայացվել են զանգվածային ահաբեկչական գործողությունների վերաբերյալ։ Ադրբեջանցիներն այլևս ահաբեկիչ չեն։

Ի վերջո, այդպես էլ չհնչեց, ի՞նչ է իրականում կատարվել Սուրմալու առեւտրի կենտրոնի պայթյունի եւ Ազատ գյուղի հրդեհի ժամանակ։ Ահաբեկչության եւ դիվերսիայի վարկածները այդ երկու դեպքերում միանգամից բացառվեցին վարչապետի մակարդակով։ Իսկ Կապանի սպանությունը որպես ահաբեկչություն որակվեց միայն այն բանից հետո, երբ տեղի բնակիչները բռնեցին դիվերսանտներին։

Այն, ինչ սպառնում է ոչ թե իշխանությանը, այլ մարդկանց, հողերին, երկրին, ահաբեկչություն չի որակվում։ Բայց ցանկացած ոտնձգություն իշխանության անօրինական քայլերի դեմ միանգամից ահաբեկչություն է համարվում։

ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, իշխանությունը կորցնելու վախից, բոլորին կապեց իրար՝ ԱԺԲ-ն՝ նախկինների հետ, Տեր-Պետրոսյանին՝ հոկտեմբերի 27-ի հետ։  «Մինչեւ 2020 թվականը թեթեւակի շարժումներ էին, իսկ 2020-ին, պատերազմը դեռ չավարտված իրենք սկսեցին ահաբեկչական գործողությունները: Լավ եք հիշում նոյեմբերի 9-ի երեկոյան հարձակումը Ազգային ժողովի վրա, այնուհետեւ վարչապետի նստավայրի վրա, տան վրա: Ահաբեկչությունը սկսվել է 2020-ից: Սա շարունակական բնույթ է կրում, իրենք արյան կարոտ են: Հիմա էլ իշխանություն են ուզում, իշխանության կռիվ է:

1994-ին, որ սկսեցին ահաբեկչությունը, էլի իշխանության համար էր, պահանջում էին Լեւոն Տեր-Պետրոսյանից հեռանալ: Դեռ պատերազմը չէր ավարտվել, որ սկսեցին իրենց շարժումները, եւ 1999-ի հոկտեմբերի 27-ին իրագործեցին, վերջացրին: Բայց մինչ այդ 1998-ին հեղաշրջում կատարեցին, իսկ 1999-ին, երբ վտանգ էր սպառնում իրենց իշխանությանը, նրանք գնացին ահաբեկչության»,-ասել նա:

Հարցին՝ կոնկրետ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վրա հարձակման նպատակը ո՞րն էր, Մելքոնյանը պատասխանեց. «Նույն նպատակն էր, ինչ 1999-ին: Նույն ձեռագիրն է: Ով ինչ խոսում է, վերջում ասում է՝ իշխանությունը պետք է փոխվի, վարչապետը պետք է գնա: Իրենք տեսնում են, որ ժողովուրդ չի հավաքվում փողոցներում, մարդ չի գնում իրենց հետեւից, այդ ժամանակ արդեն դիմում են ահաբեկչության»:

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest