Հայկական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրներին, գրում են, որ հոկտեմբերից սկսած ՀՀ քննչական մարմիններն արցախցի տարբեր պաշտոնյաների, ակտիվ գործիչների պարբերաբար հրավիրում են, նրանց հետ «բացատրական» աշխատանքներ տանում՝ փորձելով կանխել արցախցիների հնարավոր ակտիվությունը։

Արցախի օկուպացիայից եւ բռնի տեղահանումից 5 ամիս է անցել, եւ «արցախցիների կողմից իշխանափոխության» գուշակություններն այդպես էլ իրականություն չդարձան։ Ավելին՝ 5 ամսվա ընթացքում չի կայացել ՀՀ եւ Արցախի իշխանությունների գեթ մեկ պաշտոնական հանդիպում, քաղաքական շփումներ չկան, իսկ Արցախի հարցը այլեւս չի հիշատակվում պաշտոնական Երեւանի հռետորաբանության մեջ։ ՀՀ կառավարությունն արդեն ակնհայտ հայտարարում է, որ նոր Սահմանադրության մեջ հղում չի լինելու 1989 թ․ դեկտեմբերի 1-ի՝ Արցախի եւ Հայաստանի վերամիավորման որոշման վրա։ ՀՀ իշխանությունները ամեն մի քայլով եւ խոսքով ցույց են տալիս, որ իրենց իրավասությունը Արցախի վրա չի տարածվում եւ երբեք չի տարածվել։

Քաղաքական շփումների իսպառ բացակայության ֆոնին առավել ցայտուն են թվում արցախցիների նկատմամբ իրավական գործողությունները, որոնք քաղաքական ճնշման արդյունավետ մեթոդ են։

Մեր տեղեկություններով, 2023 թ․ դեկտեմբերի 10-ին հրապարակած կոչի հեղինակներին հրավիրել են համապատասխան տեղեր եւ զգուշացրել՝չտարածել արցախյան իրավունքների խոսույթը։ Հիշեցնենք, որ այդ կոչին արցախյան 250-ից ավելի քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ են միացել, եւ այնտեղ ֆիքսված են Արցախը վերադարձնելու պայմանները, որոնք կտրուկ մերժվում են ՀՀ իշխանությունների կողմից։

Հետո կայացան ՀՀ ընդդիմության եւ Արցախի ղեկավարության ինչ-որ «գաղտնի» հանդիպումներ, ստեղծվեց «վերադարձի կոմիտե», որը ղեկավարում է Վարդան Օսկանյանը։ Սակայն Արցախի ղեկավարությունը ոչ մի քաղաքական քայլ չի կատարել եւ պահպանել է զգուշությունը։

Բայց փետրվարի 20-ին Արցախի նախագահի այցը Եռաբլուր փոթորկեց իրավիճակը։ Թեկուզ Շահրամանյանը չի պատասխանել լրագրողների հարցերին, իսկ նրա թիկնազորի անդամը նույնիսկ «հայհոյանք» է հնչեցրել լրագրողի հասցեին, միայն Արցախի նախագահի ներկայության փաստը ամեն ինչ խառնել է իրար։

Թեկուզ Երեւանում Արցախի ներկայացուցչությունում հավաքված Արցախի պատգամավորները քաղաքական պահանջներ չեն ներկայացրել, իսկ երեկոյան Ազատության հրապարակում կայացած միտինգում քաղաքական իրավունքների մասին չի խոսվել, ակնհայտ է, որ լռությունը, տեռորը, վախեցնելը չի կարող փակել Արցախի հարցը, եւ ՀՀ իշխանությունները ստիպված են լուծումներ գտնել։ Արցախի հարցը նույնպիսի հիմք է, ինչպես Արարատը, եւ նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չէ չտեսնելու տալ այն։

Իշխանությունները գնացին իրենց բնորոշ՝ քաղաքական ակտիվությունը իրավական ճնշումներով լռեցնելու ճանապարհով։ Սամվել Շահրամանյանին Հակակոռուպցիոն հանաձնաժողով հրավիրեցին, իսկ նրա «ուշունցատու» թիկնապահ Աշոտ Դանիելյանին ձերբակալեցին, բայց թմրանյութի հետ կապված անհեթեթ մեղադրանքով։

Ես կխնդրեի ուժային մարմիններին շատ կարճ ժամանակում լուծել Աշոտ Դանիելյանի ազատ արձակելու հարցը, քանի որ այդ գործը շինծու է: Այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ զրույցում նշլ է հենց Սամվել Շահրամանյանը:

«Մենք բոլորս ականատես ենք եղել դրան: Մեծ հարցեր է առաջացնում նաեւ այդ ձերբակալության օրինաչափությունը: 20 հոգով դիմակավորված քաղաքի կենտրոնում ձերբակալել են անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ, ձերբակալել իրեն նախագահին սպասարկող մեքենայի միջից, ինձ թվում է՝ դրանք մեծ հարցեր են առաջացնում եւ առաջիկայում մենք կստանանք դրանց պատասխանները:

Այս ամենը կապ ունի նրա հետ, որ փորձում են այն ամենը, ինչը կապ ունի Արցախի հետ, կափարիչ դնել դրա վրա եւ փակել այդ հարցը: Բայց ինձ թվում է, որ պետք չի գնալ այդ ճանապարհով, պետք է գտնել լուծումներ Արցախի խնդրի, արցախցիների խնդիրների լուծման համար: Իմ կարծիքով, մինչեւ այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը, որը միշտ արնահոսելու է»,- հայտարարել է Շահրամանյանը:

Զուգահեռ ՀՀ իրավապահները «կանչում են» Արցախի Պաշտպանության բանակի սպաներին եւ մեղադրում Արցախի տարածքում տեղի ունեցած գործողությունների ժամանակ դասալքության կամ այլ «հանցագործությունների» մեջ։

Մարդկանց ձերբակալելու եւ դրանով վախեցնելու փորձերը մատնում են այդ մեթոդների հեղինակների դառը փորձը կալանավայրում։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest