Բայդենը և մյուս առաջնորդները կարող են հրապարակայնորեն մեղադրել Ալիևին ցեղասպանություն իրականացնելու մեջ, և դա բավական կլինի նրան կանգնեցնելու համար, ասել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Օկամպոն ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ՝ խոսելով այն մասին, թե ինչ կարող է անել միջազգային հանրությունը՝ ցեղասպանությունը Արցախում կանխելու համար։

Հայաստանի անվտանգության երաշխավոր և նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրող Ռուսաստանը վերջնականորեն հրաժարվեց կատարել իր պարտավորությունները և բռնեց Բաքվի կողմը, որը պատրաստում է Հայոց ցեղասպանության նոր ակտը։

Այս ֆոնին ԱՄՆ-ը և ԵՄ-ն ակտիվացրել են Բերձորի միջանցքում տիրող իրավիճակի քննարկումները, սակայն սահմանափակվում են հայտարարություններով և կոչերով։ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը բերանի մի անկյունով ասաց, որ « համարժեք լուծման բացակայությունը կարող է գործնական ազդեցություն ունենալ ԵՄ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունների վրա»: Ճիշտ է, նա անմիջապես վերապահում արեց, որ ԵՄ-ն չի խզելու Բաքվի հետ էներգետիկ համաձայնագիրը։

Ալիևի քաղաքականության վրա ազդեցության ի՞նչ լծակներ ունեն համաշխարհային դերակատարները։ 8-ամսյա շրջափակումից հետո ակնհայտ է դառնում, որ միջազգային հանրությունը չի ցանկանում օգտագործել օրինական լծակներ՝ սպասելով, որ Ալիևը կիրականացնի Արցախի բռնակցումը և նրա բնակչության տեղահանությունը։

Արցախի դիմադրությունը խախտում է այդ ծրագրերը. ամեն ինչ վաղուց որոշված ​​կլիներ, եթե Արցախի բնակչությունը համաձայներ «ինտեգրվել» Բաքվի հետ, Ակնայի ճանապարհը բացել կամ «ինքնակամ» հեռանալ։ Բայց Արցախը միանշանակ համաձայն չէ ոչ մեկի, ոչ էլ մյուսի հետ։

Սա ստեղծում է մի իրավիճակ, որը կարող է լուծվել երկու ճանապարհով՝ կամ միջազգային դերակատարները կստիպեն Ալիեւին նահանջել, կամ նա կդիմի ռազմական գործողությունների։ Այժմ Ալիևը ավելի շուտ ռազմական գործողությունների պատրաստակամություն է ցուցաբերում, քան նահանջելու։

Ադրբեջանը չունի որևէ փաստաթուղթ, որը կհաստատի Ղարաբաղի և Բերձորի միջանցքի նկատմամբ իր իրավունքը։ Պատերազմից հետո ամբողջ 3 տարին Բաքուն, միջազգային միջնորդները և նույնիսկ պաշտոնական Երևանը փնտրում էին նման փաստաթուղթ և ոչինչ չգտան, բացի 1991 թվականի Ալմա-Աթայի քնձռոտ հռչակագրի։ Պարզ չէ, թե ինչ հիմքով են ոմանք պահանջում, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում։ Եթե ​​Ալիևը նման փաստաթուղթ ունենար, ապա այն կփորագրեր իր հոր բազմաթիվ հուշարձանների վրա։ Բայց նման փաստաթուղթ չկա։

Ուստի հարցը պետք է լուծվի կա՛մ ուժով (ինչը փորձում է անել Բաքուն), կա՛մ ինքնորոշման իրավունքի միջոցով։ Համաշխարհային հանրությունը դեռ ուժ և կամք ունի՞ պաշտպանելու իր արժեքները և խնդիրը լուծելու ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Առայժմ դա տեսանելի չէ։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ և կոչ արել բացել Լաչինի միջանցքը։ Բլինկենը նաև ընդգծել է կողմերի միջև երկխոսության և փոխզիջման անհրաժեշտությունը։ Ի՞նչ նկատի ունի Բլինկենը՝ փոխզիջում ասելով: ԱՄՆ-ն համոզո՞ւմ է Ալիևին գնալ զիջումների։

Միաժամանակ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Բանախոսները միաձայն պնդում են, որ այն, ինչ տեղի է ունենում, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ցեղասպանություն է։

Իր հերթին, սեպտեմբերի 6-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստում քննարկվել են Լաչինի միջանցքի արգելափակումը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը։

«Որպես առաջին քայլ՝ Եվրոպայի խորհուրդը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽԽՎ-ի բանաձևը նաև փաստահավաք առաքելություն է խնդրել, և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հաստատել է Լեռնային Ղարաբաղ մեկնելու իր պատրաստակամությունը»,- ասաց ԵԽ-ում Հայաստանի դեսպան Խաչատրյանը։

Սեպտեմբերի 6-ին Եվրամիությունը եւս հայտարարություն է տարածել. «Եվրամիությունը ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը՝ ապրանքներ առաքել Աղդամ քաղաքով։ ԵՄ-ն հաստատակամ է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն նախկին պայմանավորվածությունների և միջազգային դատարանի որոշման»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անունից հայտարարություն էր տարածվել, որում ասվում է, որ «Բաքուն պետք է ղարաբաղցիներին բացատրի Լաչինի միջանցքից օգտվելու կանոնները»։ ԵՄ վերջին հայտարարության մեջ նման ստոր կոչ չկա։

Մինչդեռ հայկական կողմը կոչ է անում միջազգային հանրությանը զսպել Ադրբեջանի հավանական ռազմական ագրեսիան։ Հայ-ադրբեջանական սահմանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքերի կուտակումներ կան. այս մասին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղեկացրել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​ներկայացուցչությունների ղեկավարներին։ «Արմեն Գրիգորյանը կարևորել է միջազգային գործընկերների ջանքերը՝ կանխելու Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիան»,- ասվում է զեկույցում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունում եւս ընդունել են երկրում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներին։

Իր հերթին, Լեմկինի ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտը հրապարակել է 126 էջանոց արտակարգ զեկույց «Արցախում (Լեռնային Ղարաբաղում) Ադրբեջանի կողմից ցեղասպանության վտանգի մասին»:

Լեմկինի ինստիտուտը խորհուրդ է տալիս միջազգային հանրության անդամներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի անդամ երկրներին, որոնք ազդեցություն ունեն Ադրբեջանի վրա, ճանաչել Արցախում և Հայաստանում Հայոց ցեղասպանության վտանգը, ակտիվորեն միջամտել Արցախը Ադրբեջանի զինված հարձակումից պաշտպանելու համար, ստեղծել անկախ հետաքննչական խումբ, որը կանցկացնի Արցախում առկա իրավիճակի հիմնավոր փաստագրում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմի ընթացքում և դրանից հետո ադրբեջանցի զինվորների կողմից իրականացված վայրագությունների հետաքննությունը։

Բացի այդ, ինստիտուտը խորհուրդ է տալիս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը դիտարկել որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest