Անցած շաբաթ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ նախարարությունը մտադիր է օրենսդրական փոփոխություն նախաձեռնել՝ տարածքային պաշտպանության հրամանատարություն ներդնելու համար։

«Հրամանատարությունը կունենա նաև բանակի սպա, որը կպատրաստի պահեստազորայիններին։ Վերջիններս էլ իրենց հերթին կիմանան, թե ում անմիջական հրամանատարությամբ և որտեղ պետք է իրականացնեն իրենց առաքելությունը։ Այս հարցում մենք պետք է ապահովենք բոլորի համար հավասարություն և ներառականություն»,- ասել է նա։ «Մենք խնդիր ենք դրել պահպանել պահեստային մարտունակության բարձր մակարդակ։ Անցած տարիներին մենք աշխատանքներ ենք կատարել և կշարունակենք ապագայում»,- հավելել է նախարարը։

Նման հայտարարությունը, որը հնչում է պատերազմի խիստ հավանականության եւ պրոֆեսինալ բանակի անցնելու մասին հայտարարությունների ֆոնին, ենթադրում է, որ իշխող կառավարությունը գնում է բանակի պարտականությունները ժողովրդի վրա դնելու ճանապարհով։ Դա է վկայում «հավասարություն և ներառականություն» սկզբունքը, որն այժմ արտահայտված է պարտադիր զինակոչի ինստիտուտի մեջ։ «Спасение утопающих – дело самих утопающих»՝ ասում էր «թուրքահպատակ» կոմբինատոր Օստապ Իբրահիմովիչ Բենդերը։ Առավելագույնը, որ կարող ենք անել, տարածքային պաշտպանությանն ու աշխարհազորին օգնելն է, ասում է Պապիկյանը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակն այլևս չպետք է կանգնի Ադրբեջանի հետ սահմանին. սահմանազատման մասին համաձայնագրի կնքումից հետո այնտեղ կկանգնեն սահմանապահները։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հետ պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերը տեղակայված են Հայաստանի՝ Թուրքիայի և Իրանի սահմանին։ 2020 թվականի ռազմական ագրեսիայից հետո ռուսական զորքերը հայտնվեցին նաեւ Սյունիքի մարզում և այլ վայրերում, թեև տեղեկություն չկար, արդյո՞ք այդ մասով Ռուսաստանի հետ պայմանագրում փոփոխություններ են կատարվել։

Այսպիսով, եթե հայկական բանակը դառնա պրոֆեսիոնալ, համալրվի կանանցով ու ծրագրավորողներով, չպաշտպանի երկրի սահմանները, իսկ «լոկալ ագրեսիաները» հետ մղելու գործառույթը վերապահվի «տարածքային պաշտպանությանն» ու աշխարհազորին, ի՞նչ խնդիրներ կկատարի բանակը։ Թե՞ բանակ չի լինելու։

Հայ փորձագետներն արդեն ասում են, որ Բաքվի հետ ապագա համաձայնագրի կետերից մեկը լինելու է Հայաստանի ապառազմականացումը, ինչպես եղավ Արցախի դեպքում։ Սա ենթադրում է զինաթափում, չհարձակման պայմանագիր և բանակի գործառույթների սահմանափակում ներքին խնդիրներով։

Իր գործունեության 6 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը հետևողականորեն վարել է «ռազմատենչ պացիֆիզմի» քաղաքականություն։ Այս քաղաքականությունը ենթադրում է հրաժարում ամենասուրբ արժեքներից, այդ թվում՝ բանակից և ազգային շահերից՝ հօգուտ «միայն թե պատերազմ չլինի» թեզի։ Այս թեզը Փաշինյանի կուսակցությունը ակտիվորեն օգտագործում էր նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ «արդյո՞ք ուզում եք, որ ձեր երեխաները Ղարաբաղում զոհվեն» անվան տակ։ 2020 թվականից հետո դա այլ կերպ է հնչում՝ «արդյո՞ք ուզում եք, որ ձեր երեխաները մեռնեն ուրիշների տների եւ գյուղերի համար»։ Թող տարածքային պաշտպանությունը պաշտպանի:

Պարտադիր զորակոչի հարցը Հայաստանում շատերի համար չափազանց ցավոտ ու «թույլ տեղ» է։ Պարտադիր զինվորական ծառայության վերացումը կարող է քաղաքական տեխնոլոգիաների հաջող մեթոդ դառնալ ներկայիս իշխող կուսակցության համար՝ նոր Սահմանադրություն ընդունելու հարցում: Եթե ​​Անկախության հռչակագրի վերացումը, դենացիֆիկացիայի եւ դեմիլիտարիզացիայի դրույթները ներկայացվեն պարտադիր զորակոչի վերացման հետ փաթեթով, ապա հասարակությունը կարող է նույնիսկ կողմ քվեարկել նման Սահմանադրությանը։

Եթե հրաժարվում ես «բոլոր քաղաքացիների տների պաշտպանությունը պետության եւ բանակի խնդիրն է» սկզբունքից, պետությունը վերածելով հարկ վճարող առանձին տնտեսությունների փակ բաժնետիրական ընկերության։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest