2023 թվականի սեպտեմբերի 19-ից ի վեր իրավապաշտպան «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» մեդիա կազմակերպությունը հավաքագրում, փաստագրում և ժամանակագրում է այն մարդկանց պատմությունները, ովքեր հարկադրված են եղել լքել իրենց տները Ղարաբաղում և Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի սահմանամերձ գյուղերում։

Կազմակերպությունը Forrights.am կայքում հրապարակել է բազմաթիվ վերլուծական և այլ նյութեր, որոնք ցույց են տալիս ադրբեջանական զորքերի կողմից Ղարաբաղի օկուպացիայի, խաղաղ բնակիչների տեղահանման, Հայաստանի տարածքի մի մասի բռնակցման, վիճահարույց հարցերի լուծման ժամանակ ապօրինի ուժի կիրառման ընդհանուր պատմությունը։ Ի ցույց է դրվում, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, մարդկանց զրկանքների եւ հայրենազրկման պատճառը՝ հակամարտության կողմերի քաղաքական որոշումներն են, ռուսական զորքերի հրամանատարությամբ՝ ռազմական գործողությունները և միջազգային հանրության հրաժարումը քաղաքական հարցերի լուծումից և խաղաղապահ ու այլ գործողություններին մասնակցելուց։

2022 թ․ դեկտեմբերի 12-ից, երբ էկոակտիվիստների ակցիայի պատրվակով փակվեց Հայաստանը Արցախին կապող միակ՝ Բերձորի միջանցքը, Հայաստանի կառավարությունը խոսում է բացառապես արցախահայերի հումանիտար խնդիրների մասին։ Իսկ 2023-ի սեպտեմբերի 19-ի ագրեսիայից եւ հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած բռնի տեղահանումից հետո՝ միայն ու միայն արցախցիների սոցիալական խնդիրների մասին։ Հայաստանի կառավարության ձեռամբ նույնիսկ ՀՀ բարեկամ երկրները դադարեցին քաղաքական լուծումների մասին խոսել։ Թեկուզ ակնհայտ է, որ արցախցիների զրկանքներն ու հայրենիքի կորուստը՝ քաղաքական որոշումների եւ ռազմական գործողությունների հետևանք է։ Եւ հակառակ քայլերը նույնպես պետք է քաղաքական, այլ ոչ թե հումանիտար լինեն։

Տարեգրությունը դեռ թարմ է բոլորի հիշողության մեջ

2020 թվականի պատերազմ, Արցախի մի մասի օկուպացիա, նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարություն, ռուսական զորքերի մուտք, այնուհետև 10-ամսյա շրջափակում, որը հանգեցրեց սովի եւ հուսահատության։ Ուժասպառ եւ հյուծված մարդիկ պատրաստ էին լքել իրենց տները՝ երեխաներին կերակրելու, հիվանդներին հանելու և դեղ գտնելու համար։

Սեպտեմբերի 19-ի ագրեսիա

2023-ի սեպտեմբերի 19-ին ռուսների հետ համատեղ օկուպացված գյուղերի բնակիչների ժամանումը Ստեփանակերտի օդանավակայանում տեղակայված ռուսական բազա, օգնության բացակայություն, Արցախի գրեթե բոլոր գյուղերի հայաթափում՝ սպանություններով, խոշտանգումներով։ Գյուղերից մարդկանց տեղահանումը Ստեփանակերտ (մարդիկ 1-2 ժամում լքել են իրենց տները, փախել անտառներով, հասել են Ստեփանակերտ, մեկ շաբաթ այնտեղ ապրել փողոցում, առանց սննդի և ապաստանի, թողնելով հայրենի գյուղերում հարազատներ, չթաղված դիակներ)։

Պայթյուն Ստեփանակերտի վառելիքի պահեստում, գերիներ

Հրամանագիր՝ Արցախի հանրապետությունը կազմաքանդելու եւ բանակը զինաթափելու մասին (թեև դիրքերում գտնվողները կռվել են մինչև վերջ)։

Ելք՝ դժոխքի ճանապարհ, 70 մարդու մահ, երեխաների ծնունդ, Ռուսաստանի հայտարարությունն այն մասին, որ խաղաղապահները ապահովել են «խաղաղ հեռացում», Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալությունը։

Արդեն Հայաստանում՝ արցախցիների նոր զրկանքներ, անիրավություն, նույնիսկ տեղական կառավարում ունենալու իրավունքի բացակայություն, սոցիալական խնդիրներ, աշխատանքի չընդունելու հրաման եւ այլն։

***

Բաքուն և Մոսկվան պնդում են, որ Արցախից հայերի արտագաղթը տեղի է ունեցել «կամավոր», ոչ ոք չի ստիպել հայերին հեռանալ, ընդհակառակը, նրանց խրախուսել են մնալ և ինտեգրվել։ Ըստ այդմ, փաստարկվում է, որ օկուպացիա կամ տեղահանություն չի եղել։ Իր հերթին, ՀՀ կառավարությունը թեև խոսում է «էթնիկ զտումների» մասին, սակայն չի նախաձեռնել քաղաքական և իրավական ընթացակարգեր՝ Ադրբեջանին մեղադրելու բնիկ բնակչության էթնիկ զտումների և տեղահանության մեջ։

Փաստերը, սակայն, վկայում են, որ Արցախից հայերի տեղահանությունը տեղի է ունեցել հետևողական ցեղասպանական գործողությունների հետևանքով։ Խախտվել է ուժի չկիրառման հիմնարար միջազգային սկզբունքը. եվ հենց դրանից ելնելով պետք է քաղաքական և իրավական գործողություններ ձեռնարկվեն՝ ուժի անօրինական կիրառման, ցեղասպանության և տեղահանության հետևանքները վերացնելու համար։

Այդ համատեքստում անհրաժեշտ է դիտարկել նաեւ ռուս «խաղաղապահների» դերը եւ միջազգային ատյաններում պարզել, թե ինչո՞վ էին նրանք զբաղված սեպտեմբերի 19-ին, ո՞ւմ են «փրկել» եւ ի՞նչ հիմունքներով են պահպանում ռազմական ներկայությունը Արցախում:

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest