Միջանցքի ապաշրջափակման համաժողովրդական շարժումը հուլիսի 12-ին Ստեփանակերտում ակցիա և երթ է անցկացրել՝ Արցախի իշխանություններին և ռուս խաղաղապահներին ուղղված պահանջներով։ Երթի մասնակիցները, որոնց թիվը անցնում է 100-ից, մտադիր են ինքնուրույն բացել միջանցքը՝ հույսը չդնելով իշխանությունների ու ռուս խաղաղապահների վրա։

«Ադրբեջանը հստակ նշում է իր նպատակը՝ Արցախի ժողովրդին սովի մատնել և ստիպել ինտեգրվել։ Քանի կա միջանցք՝ չկա ինտեգրում և հայրենազրկում, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ամեն գնով միջանցքը բացել։ Մենք գնում ենք դեպի խաղաղ անհնազանդություն»,- ասել է երթի մասնակից Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

Նա նշել է, որ ռուս խաղաղապահներն ուղղաթիռներով իրենց համար ապրանք են ներկրում, և եթե ռուսները չկատարեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իրենց ստանձնած պարտավորությունները և չբացեն միջանցքը, ապա արցախցիներն իրավունք են վերապահում իրենց վերահսկողության տակ վերցնել Ստեփանակերտի օդանավակայանը։ Եթե ​​հայերի համար մատակարարումներ չկան, ապա ռուսների համար էլ մատակարարումներ չպետք է լինեն։

Մի քանի օր առաջ Ադրբեջանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի համար հերթական անգամ ամբողջությամբ փակել է Լաչինի միջանցքով առանց այդ էլ սահմանափակ տեղաշարժը։ Ավելի վաղ՝ հունիսի 15-ին, Հաքարի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպից հետո, Բաքուն ամբողջությամբ փակել էր միջանցքը՝ տեղադրելով բետոնե պատնեշներ։ Այնուհետեւ արգելապատնեշները հանվել են, սակայն երթեւեկությունը բացվել է միայն Կարմիր Խաչի մեքենաների համար։

Օրերս Բաքուն հայտնել էր, որ իբր Կարմիր խաչի մեքենաներում հայտնաբերել են «չարտոնված ապրանքներ»՝ վառելիք, սնունդ, դեղամիջոցներ։ Ի պատասխան Արցախում ԿԽՄԿ գրասենյակը, որը բացվել էր դեռ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, հայտարարել է, որ «չարտոնված ապրանքների ներմուծմամբ» վարձու վարորդներն են զբաղվել, և նրանց հետ պայմանագրերը խզվել են։

Մեր տեղեկություններով, բեռնափոխադրմամբ զբաղվել են նաև Արցախի որոշ պաշտոնյաներ, որոնց հրաժարականի պահանջ այժմ կա։

Բայց ո՞վ է «արտոնում», թե ինչ ապրանքներ կարելի է ներկրել Արցախ։ Կարմիր Խաչի ներկայացուցիչներն ասում են, որ խնդիրները «համաձայնեցնում են բոլոր կողմերի հետ»: Ե՞րբ և ո՞ւմ կողմից է համաձայնեցվել, որ Կարմիր Խաչը չի կարող սննդամթերք ներմուծել Արցախ։ Եվ ինչո՞ւ է Բաքուն այդքան վախենում մանկական սննդի ու մի քանի լիտր բենզինի՝ Արցախ ներմուծելու հանգամանքից։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել, որ Բաքվի նպատակն է Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ գրասենյակը դուրս բերել Արցախից կամ ենթարկել Բաքվի ԿԽՄԿ գրասենյակին։ Նկատենք, որ Ստեփանակերտի գրասենյակը մի քանի տասնամյակ գործում է որպես ինքնավար գրասենյակ։

«Սրա նպատակն է միտումնավոր խոչընդոտել Արցախում գործող միակ միջազգային մարդասիրական կազմակերպության կողմից իրականացվող առաքելությանը։ Ադրբեջանը հստակորեն անտեսում է ԿԽՄԿ-ի՝ միջազգային իրավունքին համապատասխան հատուկ կարգավիճակը, ինչը ենթադրում է ԿԽՄԿ-ի անձնակազմի, տրանսպորտային միջոցների և բեռների անձեռնմխելիություն»,- ասել է օմբուդսմենը։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest