Ներքին Հանդում նոր սադրանքը, որը 4 հայ զինվորի կյանք խլեց, ներքին քննարկումների նոր ալիք բարձրացրեց Փաշինյանի կառավարության «լավագույն պաշտպանությունը նահանջն է» քաղաքականության նպատակահարմարության վերաբերյալ։

Այս մարտավարությունը սկիզբ է առել 2020 թվականից. 44-օրյա պատերազմի շատ մասնակիցներ ասում էին, որ իրենց հիմնականում հրահանգ էին տալիս «նահանջել», հատկապես այն ուղղություններով, որոնցով թշնամու զորքերը պետք է հասնեին Շուշի։ Թե որքանով է դա «ուժերը խնայելու» կամ հատուկ մշակված պլան եղել, կարող են դատել միայն ռազմական փորձագետները։ Սակայն ակնհայտ է, որ 44-օրյայի դիմադրությունը եւ սխրանքները՝ անձնական հերոսության, ոչ թե տակտիկական ճիշտ կառավարման արդյունք էին։

44-օրյա պատերազմից հետո այս մարտավարությունն ավելի բացահայտ դարձավ. երբ 2020 թվականի դեկտեմբերին ադրբեջանական զորքերը փակեցին Գորիս-Կապան-Իրան միջպետական ​​ճանապարհը, Փաշինյանն ասաց, որ, ոչինչ՝ Տաթևով ճանապարհ կկառուցենք դեպի Իրան։ Հայկական բանակը ոչ մի գործողություն չի ձեռնարկել հակառակորդի անցակետը վերացնելու ուղղությամբ, ավելին, Փաշինյանը հայկական բնակավայրերը հատուկ անվանել է Էյվազլի և Չայզամի, ցույց տալու համար, որ պետք չէ դրա համար կյանքեր զոհաբերել։

Հետո նույնը եղավ Սոթկայում 2021-ի մայիսին, երբ ՀՀ սահմանադրական տարածքի օկուպացիան ուղղակի արձանագրվեց եւ ոչ մի գործողություն զավթած հողերը հետ վերադրաձնելու համար չիրականացվեց։

2022-ի սեպտեմբերին Ջերմուկում հայկական զորքերը դիմադրեցին, սակայն այդ օրը 200-ից ավելի մարդ զոհվեց կամ գերի ընկավ։ Ջերմուկի իրադարձությունները պաշտոնական քարոզչությամբ ներկայացվում էին հետեւյալ կերպ․ «այսպես է լինում, երբ դիմադրում ես»։

Բացի այդ, Փաշինյանի քարոզչությունը որպես ազատագրական պայքարի եւ դիմադրության «խորհրդանիշ» ներկայացնում էր Եռաբլուրը. բանակի օրը կամ ազգային տոներին իշխանությունն այցելում է Եռաբլուր, այլ ոչ թե հերոսների հուշարձաններ կամ ռազմական փառքի վայրեր։ Ամեն ինչ արվում է դիմադրությունը ներկայացնելու որպես ճանապարհ դեպի Եռաբլուր, այլ ոչ թե ծառայություն հայրենիքին։

Դիմադրելուց հրաժարվելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց վերջին հարցազրույցներից մեկում, ասելով, որ եթե կարմիր շորերով ցլի կողքով ես անցնում, ապա ավելի խելամիտ է կարմիր հագուստը հանել, թեկուզ այն քո համար շատ թանկ է։  Փորձագետները վիճում են՝ վախի քարոզչությունը բանակում չծառայած Փաշինյանի և նրա թիմի մարդկային որակների՞ արդյունքն է, թե՞ հանցավոր դավադրության մեխանիզմ։

Հայտնի երգիչ Արսեն Սաֆարյանը «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում ասել է․ «Բանակը նրա համար է, որ հասարակությունը չվախենա: Եթե պիտի բանակն էլ վախենա, էլ ինչի՞ մասին է խոսքը: Եթե զինվորը չպետք է կրակի, չպետք է պատասխան տա ագրեսորին, էլ ինչի՞ համար է սահմանին կանգնած»:

«Չկրակել» հրամանով և առանց դիմադրության, առավել ևս առանց հակագրոհների, բանակի գոյությունը կորցնում է իր իմաստը։ Ավելին, սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, քանի որ պետական ​​անվտանգության համակարգը մարդկանց կյանքի և այլ հիմնարար իրավունքների իրացման երաշխավորն է։ Այս համակարգի միտումնավոր թուլացումը, նրա մարգինալացումը իշխանության կողմից հանցագործություն է սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ։

Վերջերս Վարդենիսում բողոքի ակցիաների ժամանակ, որոնց մասնակիցները պահանջում էին չդատարկել իրենց քաղաքը և չզրկել պետական ​​կառույցներից, տղամարդիկ պահանջում էին զենք բաժանել։ Մարդիկ չեն վստահում ոչ թե բանակին, այլ ռազմաքաղաքական ղեկավարությանը, որը հետեւողականորեն զրկում է քաղաքացիներին պաշտպանվելու իրավունքից ու հնարավորությունից։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest