ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել։ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար։ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են համատեղ քննության եւ/կամ Ադրբեջանական կողմին փոխանցել համապատասխան տեսանյութեր»։

Պատկերացնել կարելի է, թե ինչպես էին ադրբեջանցիները քահ-քահ ծիծաղում, նայելով ուղարկած նյութերը։ Եւ ինչպես են ապշում՝ ո՞նց է Ալիեւին հաջողվել այդ աստիճան չեզոքացնել հայոց բանակն ու սահմանապահներին։ Ախր մի քանի տարի առաջ նույնիսկ թռչունը չեր կարող Հայաստանի սահմանը անցնել։ Իսկ հիմա՞։

Չկրակելու, չպատասխանելու, փախնելու եւ «ավելի լավ է գերի հանձնվելու» հրամանը՝ ամենալավ երաշխիքն է թշնամու համար։ Հայը չի պայքարում, ոնց ճնշես՝ ճնշվում է, կարելի է գնալ ինչքան ստացվի, մտածում է թշնամին։ Եւ գնում է, ասելով, որ չի ստացվում,քանի որ Իրանն է դեմ։

Կապանի դեպքը չէր լինի, եթե բառացիորեն երկու օր առաջ չլիներ հայ զինվորի գերեվարման դեպքը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 16-ին մարտական ​​դիրքը լքել է պահեստազորի, ուսումնամարզական հավաքի մասնակից Գ.Վ-ն։ Այս հաղորդագրությունից կարճ ժամանակ անց Բաքուն հայտնել է, որ իրենք հայ «դիվերսանտի» են ձերբակալել։

Բաքուն մեղադրել է հայկական կողմին «դիվերսիայի» փորձի մեջ։ Հայկական կողմն ի պատասխան տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Բաքվի զինվորականները մոտենում հայ զինվորին, զրուցում նրա հետ և գերեվարում նրան։ Հայկական կողմն ասել է, որ տեսանյութը «բացահայտում է դիվերսիայի վերաբերյալ Ադրբեջանի ապատեղեկատվությունը»։

Այսինքն, հայկական կողմի աչքի առաջ տանում են հայ զինվորին, դա նկարահանվում է եւ ուղարկվում Բաքու, որպեսզի ինչ-որ բան «բացահայտվի»։ Կարեւորը՝ հաջող նկարահանում է եղել։

Դուք ձե՞ռ եք առնում մարդկանց։ Կարո՞ղ է մի հատ էլ սկավառակներ սարքեք ու տարածեք, ի ցույց դնելով սեփական մերկությունը։

Քանի՞ նման դեպք է արդեն տեղի ունեցել։ Առաջինը՝ հենց Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը, երբ Հայաստանի տարածք ներխուժումը նույնիսկ արդարացվեց Հայաստանի վարչապետի կողմից․ դա մեր հողը չէ, էյվազլի-չայզամի է, ասել է վարչապետը, հեշտությամբ հաշտվելով միջպետական ճանապարհի կորստի հետ եւ հարկատուների փողն ուղղելով նոր ճանապարհի կառուցմանը։

Չկրակելու հրամանի «շնորհիվ» Խծաբերդում զոհվեցին եւ գերեվարվեցին հարյուրավոր հայեր։

Նույնը կատարվում է հիմա՝ Երասխում կրակում են կառուցվող գործարանի տարածքին, նույնիսկ երկու հնդիկ բանվոր է վիրավորվել, բայց ոչ ոք չի հարցնում՝ իսկ ինչո՞ւ չեն չեզոքացվում այն կրակակետերը, որտեղից կրակ են բացում Հայաստանի «սուվերեն» տարածքի վրա։ Արդյո՞ք դա չէ բանակի եւ ԱԱԾ սահմանապահների պարտականությունը։

Թե՞ պարտականությունները փոխվել են, երբ վարչապետ է դարձել լրագրողը։ Հիմա պետք է ոչ թե կրակել, այլ նկարահանել ու տեսանյութեր պատրաստել։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest