Այս շաբաթ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, որ Զվարթնոց օդանավակայանից ռուս սահմանապահներին կփոխարինեն հայերը, իսկ Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որտեղ նշված է․ «եթե Հայաստանը շահագրգռված է ԵՄ թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելով և շարունակի ժողովրդավարությունը ամրապնդող կայուն բարեփոխումների ճանապարհը, ապա դա կարող է հիմք դառնալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։

Այս ամենը իշխանամետ եւ արեւմտամետ մամուլը ներկայացրեց որպես Փաշինյանի պատմական ձերքբերում եւ Հայաստանի «արտաքին կողմնորոշման կտրուկ փոփոխոթյուն», որը կբերի պայծառ ապագայի։

Սակայն, ինչպես ասում են, սատանան մանրուքների մեջ է։ Ի՞նչ են իրականում ենթադրում նշված որոշումները։

Նախ՝ Զվարթնոցի մասին․ պարզվում է՝ ռուսները դուրս կգան այնտեղից օգոստոսի 1-ին միայն, եւ հայտնի չէ, թե ինչ կփոխվի մինչեւ օգոստոս։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ԶԼՄ-ներով նույնիսկ տարածել են, որ այս օրերին հնարավոր է սադրանք, ՀԱՊԿ-ը չի միջամտի, եւ Հայաստանը կհայտարարի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հենց Պուտինի ընտրության օրը՝ մարտի 17-ին։ Ընդ որում, Բելարուսի նախագահ Լուկաշենկոն արդեն հայտարարել է, որ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, կազմակերպությունը կդիմանա։

Այս երկու հարցերին Ռուսաստանի բավական զուսպ արձագանքից դատելով՝ Հայաստանը համաձայնեցրել է Մոսկվայի հետ քայլերը՝ ավելի կարեւոր նպատակի հասնելու համար։

Ի՞նչ է թաքնված այս քաղաքական պրիմիտիվ ակրոբատիկայի հետեւում։ Փաշինյանը, ինչպես միշտ, ամենաանկեղծն է։

Նա ողջունել է Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը եւ նշել, որ «բանաձեւը անդրդվելի աջակցություն է հայտնում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը, ինչպես նաև համերաշխություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերին»։

Այսինքն՝ այդ բանաձեւի իմաստը ոչ թե Հայաստանի անդամակցության հարցն է, որը դեռ հայ հասարակությունը պետք է քննարկի, այլ՝ Ալմա-Աթայի հռչակագրին «անդրդվելի աջակցությունն է» Եվրախորհրդարանի կողմից։

2020 թվականի պատերազմից հետո Փաշինյանը փնտրում է որեւէ մի փաստաթուղթ, որը «կհաստատի» Արցախի եւ Նախիջեւանի պատկանելությունը Ադրբեջանին։ Քանի որ նման փաստաթուղթ իրականության մեջ գոյություն չունի, որպես «ապացույց» ընտրվել է ԱՊՀ ստեղծման մասին Ալմա-Աթայի հռչակագիրը։

Եթե սկզբից արեւմտյան երկրները, իրավական հիմք չունենալով, չէին ճանաչում ռազմական ճանապարհով Արցախը Ադրբեջանի կողմից «վերանվաճելու» իրավականությունը, խոսում էին ինքնորոշման, ուժ չկիրառելու անթույատրելիության մասին, ապա հիմա պնդում են ոչ միայն Ալմա-Աթայի հռչակագիրը, այլեւ ՌԴ Գլխավոր շտաբում պահվող քարտեզների հիման վրա սահմանազատման անհրաժեշտությունը։

2020 թվականից Փաշինյանը համոզում էր արեւմտյան երկրներին որպես հիմք ընդունել «ռուսական» տարբերակը եւ «ուժային լուծումների արդյունքում ստեղծված իրականությունը», սակայն դա ընդունելի չէր Արեւմուտքի համար։ Բայց 2022 թ․ ամռանից, երբ Ուկրաինան որպես վերջնական նպատակ հռչակեց Ղրիմի ազատագրումը, Արեւմուտքը «հիշեց» Ալմա-Աթայի հռչակագիրը, քանի որ միայն այդ փաստաթուղթն է հաստատում Ղրիմի պատկանելությունը Ուկրաինային։

Իսկ 2023 թ․ հոկտեմբերի 7-ից Գազայում տեղի ունեցող իրադարձությունները «ստիպել են» արեւմտյան հասարակությանը «ճանաչել» ուժի կիրառումը եւ Իսրայելի «ինքնապաշտպանության իրավունքը»։

Միջազգային վերջին փաստաթղթերում հիմնարար երեք սկզբունքների՝ ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի չկիրառում, փոխարենը ամրագրվեց երեք այլ սկզբունք՝ տարածքային ամբողջություն, ինքնիշխանություն եւ սահմանների անձեռնմխելիություն։

Հայաստանի կառավարության ջանքերը հասան նպատակին․ արեւմտյան երկրները «ճանաչեցին» Ալմա-Աթայի սահմանները եւ ուժի կիրառման արդյունքները։ Այսպիսով, նույիսկ եթե Հայաստանը գնա դեպի Արեւմուտք, ճանապարհը կանցնի Ալմա-Աթայով։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest