Հայոց ցեղասպանության «ռեվիզիայի» թեման ակտուլացնելու առաջին, բայց ոչ վերջին փորձը մի քիչ անփառունակ ավարտվեց, սակայն հիմնական նպատակին հասել է՝ Ցեղասպանության թեման քաղաքական եւ իրավական մակարդակից իջեւցվեց հուզական եւ թվաբանական դաշտ։

Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը Հայոց ցեղասպանության տարելիցից երկու շաբաթ առաջ տարբեր հայտարարություններ են արել, որոնք լայն արձագանք են ստացել։

Նիկոլ Փաշինկանը ասել է, թե Հայոց ցեղասպանության պահանջատիրության թեման սրել է Ռուսաստանը, ավելի ճիշտ՝ ԽՍՀՄ-ը՝ 1946-ից սկսած, երբ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները սրվեցին, եւ ստեղծվեց ՆԱՏՕ-ն։ Փաշինյանի խոսքով՝ ՌԴ-ն եղեռնից մազապուրծ գաղթականների վերադարձ կազմակերպեց, որն ավելի սրեց պահանջատիրության հարցը։

Սա քաղաքական գնահատական է, որին պետք է հաջորդեն քաղաքական քայլեր, եւ ամենատրամաբանականը՝ Փաշինյանի կառավարությունը պետք է պահաջեր ապօրինի ճանաչել 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերը եւ վերացնել ռուս-թուրքական նենգ համաձայնության հետեւանքները։ Սակայն ոչ, քաղաքական հետեւանքների փոխարեն արվել են պրովոկացիոն հայտարարություններ, որոնք հուզական ալիք են առաջացրել՝ թաքցնելով քաղաքական իմպոտենցիան։

«Ի վերջո, պետք է ունենալ բոլոր զոհերի ցուցակը: Հանկարծ ավելի կամ պակաս է լինում` 1,5 միլիոնից, ինչպես ընդունված է համարել»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հայտարարությունը Փաշինյանի վարկանիշին հերթական հարվածն հասցրեց, եւ Քոչարյանը «հետ վերցնեց» իր խոսքերը։

Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի ցուցակներ կազմելու թեմայով որևիցե քաղաքական որոշում չկա, Ազգային ժողովի իշխող խմբակցությունը նման քննարկում չի ունեցել, իսկ հնչեցված միտքը ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի անձնական կարծիքն է։ Այս մասին նա ասել էր «Արմենպրես»-ի հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նման քաղաքական որոշում գոյություն ունի։ «Փաստագրելը չի նշանակում կասկածի տակ դնել Ցեղասպանությունը, կամ Ցեղասպանության զոհերի թիվը»,- նշել էր նա ու հավելել․

«Սա պահանջատիրական մոտեցում է։ Իսկ նման հավելյալ փաստագրումները թույլ կտան ավելի շոշափելի դարձնել պահանջատիրությունը, ինչը խիստ անհրաժեշտ է մեր իրավաբաններին։ Նման կերպ մենք ոչ թե միայն թիվ կհնչեցնենք, այլ անհատապես` անուններ։ Իսկ երբ դու նշում ես անուններ, նշում ես, որ այսինչ մարդը այսինչ վայրում այսինչ պայմաններում սպանվել է, այսինքն` ավելի հասցեական ես դարձնում քո պահանջը, շատ դժվար է լինում դա հերքել։ Շատ ընտանիքներ պահպանել են փաստաթղթերը, ինչը անգամ թույլ կտա փոխհատուցում պահանջել Թուրքիայից»։

Քոչարյանը չի մանրամասնել, թե ի՞նչ պահանջ է Հայաստանը պատրաստվում ներկայացնել Թուրքիային, հատկապես՝ «խաղաղության ժամանակաշրջանի» համատեքստում։ Արդյո՞ք Հայաստանը Թուրքիայի դեմ գույքային եւ տարածքային պահանջներ է պատրաստում։ Թե՞ խոստովանում է, որ ոչ մի փաստագրված տվյալ չունի, ուստի չի կարող պնդել, որ ցեղասպանություն է տեղի ունեցել։

Քոչարյանի սադրանքը միանգամից «սատարել» է Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Թուրքիայի այն պնդումների ֆոնին, որ Հայաստանի հետ «խաղաղությանը» խանգարում է հայկական Սփյուռքը, այս հայտարարությունները զրոյացնում են հայկական լոբբինգի բազմամյա գործը եւ չեզոքացնում հայ ժողովրդի՝ որպես իրավա-քաղաքական մեկ միավորի գործոնը։

ՔՊ-ի վախերը, ինչես միշտ, մանկական պարզությամբ ներկայացրել է Հովիկ Աղազարյանը։

«Բա որ հանկարծ Թուրքիան վերցնի ու մի քանի նահանգ տա Հայաստանին, ի՞նչ է տեղի ունենալու: Օպերայի հրապարակում հանրահավաք կլինի, մենք կզրկվենք իշխանությունից եւ իշխանությունը կանցնի այլ ժողովրդի ձեռքը։  Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից: Պահանջատեր լինենք, որ ի՞նչ, ասենք՝ էդ հողերը տվեք Հայաստանի Հանրապետությա՞նը: Ո՞ր միջազգային նորմերի հիման վրա», ասել է նա։

Իսկ մինչ այդ պաշտոնանկ արված դատավոր, ներկայում փաստաբան Զարուհի Նախշքարյանը ֆեյսբուքյան գրառմամաբ հիշեցրել է ՀՀ Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը.

«Հոդված 136. Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»։

Pin It on Pinterest