«Մենք 30 տարի մեր սիրելի հայրենիքում ապրում ենք մի տեղ, որի «կադաստրի վկայականը» չունենք։ Ընդ որում՝ ՀՀ-ն իրա բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք «կադաստրի վկայական» չի ունեցել։ Եթե մեր ուզածը ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք «կադաստրի վկայական»»,- օրերս Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Փաշինյանը, որի միակ սահմանադրական պարտականությունն է տեր կանգնել Հայաստանի «կադաստրային» ամբողջականությանը, ամբողջ թիմով աշխատում է, ինչպես իր նոր ներկայացման մեջ ասում է Վարդան Պետրոսյանը՝ ապացուցելու, որ տեր չեն։ Տե՞ր ես, որդյակս։ Ոչ, տեր չեմ, ասում է Փաշինյանը՝ հայկական գյուղերը էյվազլի-չայզամի անվանելով, Սեւ լճի համար չկռվելով, Շուշին անդեմ քաղաք անվանելով։ Իսկ յուր զոմբիները բան ու գործ թողած պայքարում են «ոչմիթիզհողականների» դեմ․ ավելի լավ է թուրքը գա, վերջապես մեզ վարձակալման «կադաստրի թուղթ» տա, քան ոմանք հիշեցնեն հայկական հողերի հանդեպ անքակտելի սեփականության իրավունքի տիտղոսի մասին։

Տիտղոսի համար պայքարել է պետք, իսկ ե՞րբ պայքարես, երբ գլխումդ արդեն չեն տեղավորվում բախտի քմահաճույքով Հայաստանը հեղեղած փողերի զրոները։ 55 հազար բնակարան ենք կառուցում, աննախադեպ հարկեր ենք քերում, Երեւանում հայերի թիվը վերջապես հավասարեցրել ենք օտարերկրացիներին՝ արյուն ենք փոխում, ջհանդամը թե Արցախ կկորցնենք։ Մեր հաշվարկները ձեր իրավունքներով մի խառնեք՝ ասում են հաշվիչի վերածված նիկոլականները։ Հետո ինչ՝ Արցախում հայեր են ապրում, Գլենդելում էլ են ապրում, ասում է Արսենյանը։ Իսկ Արցախի հայերի նախնիների գերեզմանների տարեթվերը «կադաստրի թո՞ւղթ» չեն, հարցնում են գժի տերերը։ Ոչ, մեր կադաստրի թուղթը միայն Էրդողանն ու Պուտինը կարող են տալ, ինչպես 100 տարի դա արեցին Լենինն ու Աթաթուրքը։

Ո՞վ է ժամանակակից աշխարհում «կադաստրի թուղթ» տվողը։ Եվրոպական ամենաժողովրդավար երկրներում պատահական չեն միապետություն պահմանել․Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում, Դանիայում եւ այլ երկրներում «կադաստրի թուղթ» տալու իրավունքը թողել են թագավորներին, որպեսզի օրերից մի օր չգա անտեր անարմատ մեկը ու չասի՝ ես տեր չեմ, ով ուզումա, թող գա վերցնի։

Ոչ միապետական ժողովրդական երկրներում հողի սեփականության իրավունքի տնօրինումը պատկանում է պետությանը եւ պաշտպանվում Սահմանադրությամբ։ Այդ իրավունքը ձեռք է բերվում ինքնորոշման ուժով։ Այո, այն ինքնորոշման, որի գաղափարի հեղինակն, իմիջայլոց, Վուդրո Վիլսոնն է, ԱՄՆ նախագահը, որը 20-րդ դարի սկզբում մշակել է քանդված կայսրություններից հետո ինքնորոշված պետությունների «կադաստրի թղթի» ձեւը։ Նա է առաջարկել, որ պետության հիմք ընդունվի ինքնորոշումը, նա է ստեղծել այդ իրավունքը ժանաչող Ազգերի լիգան, նա է Հայաստանին «կադաստրի թուղթը» տվել՝ 160 հազ․ք․մ տարածքով՝ ճանաչելով հայկական տիտղոսն այդ հողերի հանդեպ, ինչն էլ ամրագրվել է Սեւրի պայմանագրով։

Բայց մենք ռեալիստ ենք, մենք «հեքիաթային» թղթերին չենք հավատում, փորձելով այն առավել թանկ ծախել նրանց, ովքեր քոչվորությամբ, զենքով, դաժանությամբ, ցեղասպանությամբ խլում են անտեր ազգերի տիտղոսները։

Փաշինյանն ասում է՝ մի քանի պետություն կա, որ մտածում է, թե երբ ուզի, կարող է Հայաստանին ասել՝ հավաքվեք, այստեղից դուրս եկեք, ու Հայաստանը չունի «կադաստրի թուղթ», որ ցույց տա այդ երկրներին։

Ո՞նց չունի։ Բա դու ինչի՞ համար ես աշխատավարձ ստանում։ Եթե դու չես ուզում պայքարես հայկական տիտղոսի, ամեն մի թիզ հողի մասին, ապա ո՞րն է քո գործը։ Պատկերացնո՞ւմ եք, եթե Բրիտանիայի թագավորը ասի՝ ես չգիտեմ, ինչ իրավունքով եմ տիրապետում այս հողին։ Եկե՛ք, վերցրե՛ք։

Նաիրա Հայրումյան

 

Pin It on Pinterest