Այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» չի ստորագրվի մոտակա ժամանակներս, համենայնդեպս, դրա մասին է վկայում այն, որ նույնիսկ Երեւանի եւ Բաքվի աննախադեպ համատեղ հայտարարությունից եւ գերիների փոխանակումից հետո Բաքուն մերժում է բոլոր առաջարկները։

Ադրբեջանը չի համաձայնել Վաշինգտոնում 2024 թ․ հունվարին արտգործնախարարների մակարդակով հանդիպման, չի համաձայնել զորքերի հայելային հետքաշման մասին Հայաստանի առաջարկին եւ չի համաձայնել Արցախի մասին հիշատակել ապագա պայմանագրի մեջ։

Հայկական կողմը Բաքվի նման կամակորությունը փորձում է կապել  երաշխավորների բացակայության հետ։

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ասել է, որ «սխալ տպավորություն կա, որ եթե բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ում, Բրյուսելում կամ Մոսկվայում, ապա նրանք երաշխավորն են։ Բայց դա այդպես չէ։ Երաշխավորի մեխանիզմը պետք է փաստաթղթավորված լինի, դրանում պետք է նշվեն բոլոր պայմանները կողմերի միջև վեճի առաջացման դեպքում»:

Դատելով Մարուքյանի խոսքերից, ոչ ոք չի ուզում երաշխավորել ապագա խաղաղության պայմանագիրը։ Բաքուն երաշխավորի դերում առաջարկում է Թուրքիային՝ որպես անաչառ կողմ, բայց դա միայն ծիծաղ է առաջացնում։

Իսկ ինչո՞ւ մնացած միջնորդները չեն ուզում երաշխավոր լինել։ Արդյո՞ք նրանք չեն ցանկանում ի սկզբանե անօրինական գործարքի հանցակից դառնալ։ Օրինակ, ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Խոսեպ Բորելն ասել է, որ վերջին տարիներին ավելի ու ավելի շատ հակամարտություններ են լուծվում ուժային ճանապարհով։ Նա որպես օրինակ բերեց Ադրբեջանի գործողությունները.

«Օրինակ, տեսեք, թե ինչ է տեղի ունեցել Ադրբեջանում և Հայաստանում։ Երկար ժամանակ սառեցված հակամարտության ելքը, որը ես չէի ասի, կարգավորվեց, բայց լուծվեց ռազմական միջամտությամբ, մեկ շաբաթվա ընթացքում 150․000 մարդու ստիպեց լքել իրենց տները: Իսկ միջազգային հանրությունը ափսոսանք հայտնեց, մտահոգություն հայտնեց, հումանիտար օգնություն ուղարկեց, բայց ամեն ինչ եղավ ուժի կիրառմամբ»։

Այլ կերպ ասած, եթե Եվրամիությունը երաշխիք դառնա ապագա պայմանագրին, ապա պետք է ճանաչի ուժի կիրառման օրինականությունը։

«Ազատությանը» տված հարցազրույցում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն ասել է․ «Կարծում ենք, որ էթնիկ հայերը պետք է վերադառնալու իրավունք ունենան կամ գոնե կարողանան այցելել Ադրբեջանի այդ հատված, և նրանց անվտանգությունն ու իրավունքները պետք է երաշխավորված լինեն։ Փոքրամասնությունների պաշտպանության մասով կան միջազգային չափանիշներ, որոնք պետք է հարգվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, որի շրջանակում էլ պետք է փոքրամասնությունների այդ իրավունքները երաշխավորվեն»։

Երեք սխալ մեկ նախադասության մեջ․ նա Արցախի բնիկ հայերին փոքրամասնություն անվանեց, Արցախն անհասկանալի հիմքով Ադրբեջան կոչեց եւ որպես երաշխիք նշեց մի պետության սահմանադրությունը, որի գործած ցեղասպանության կրակը դեռ չի մարել։

Բայց նույնիսկ Միշելը հասկանում է, որ հանցագործություն է կատարվել։ Պատասխանելով հարցին, արդյո՞ք Եվրամիությունը պատրաստ է երաշխավոր լինել Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցմանը, նա խուսափեց ուղիղ խոսքից․

«Փաստացի միջազգային հանրությունը, ներառյալ ԵՄ-ն, նայում է, թե ինչ է կատարվում աշխարհի այս հատվածում»:

Հայտնի չէ՝ դիմե՞լ է արդյոք Հայաստանը որեւէ կողմին երաշխիք ստանալու համար և արդյո՞ք Հայաստանի կառավարությունը պատրաստ է երկիրը բացել առանց «երկաթյա» երաշխիքների։ Բաքուն չի թաքցնում, որ իրեն ձեռնտու չեն ուժեղ եւ «ոչ ռեգիոնալ» երաշխավորներ։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest