Ֆրանսիայի Սենատը երեկ 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձևը։ Բանաձևով կոչ է արվում նաև պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգո սահմանել։ Բանաձևով նաև պահանջվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շոնրհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին՝ երեկ ընդունած բանաձևի կապակցությամբ: «Շնորհակալություն Ֆրանսիայի Սենատի մեր գործընկերներին՝ Հայաստանին և հայ ժողովրդին աջակցող այս կարևոր հանձնառության համար», — X-ի իր միկրոբլոկում գրել է Ալեն Սիմոնյանը:

Ու վերջ։ Հայաստանի խորհրդարանի նախագահը ոչ մի խոսք չի ասել այն մասին, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմիանա Ֆրանսիայի Սենատին եւ կպահանջի, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն, չի ասել, որ Հայաստանն ամեն ինչ կանի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերականգման եւ հայրենիք վերադառնալու համար։

Ֆրանսիայի Սենատի որոշման մեջ այնպիսի ձեւակերպումներ են օգտագործված, որոնք Հայաստանի իշխանությունը իր քաղաքականությանը հակադիր է համարում։ Խոսքը առաջին հերթին քաղաքական եւ իրավական լուծումների մասին է, ինչի մասին Հայաստանի վարչապետը հորդորում է չխոսել։ ՀՀ Կառավարությունը Արցախի ժողովրդի խնդիրը դիտարկում է միայն «հումանիտար» համատեքստում, բացառելով ցանկացած քաղաքական եւ իրավական լուծում։

Ֆրանսիայի Սենատի որոշման մեջ թվարկվում են այդ լուծումները եւ, ինչը ոչ պակաս կարեւոր է՝ տրվում են է Արցախում տեղի ունեցածի քաղաքական եւ իրավական գնահատականներ։

Մինչ այսօր Հայաստանի խորհրդարանը ոչ մի քաննարկում չի անցկացրել Արցախում տեղի ունեցած ցեղասպանության, արտաքսման հարցերով։ Ավելին՝ դեռ շարունակվում է 2020 թ․ 44-օրյա պատերազմի «հանգամանքների ուսոիմնասիրման» իմպոտենտ հանձնաժողովի անպտուղ աշխատանքը։

Ի տարբերություն ՀՀ խորհրդարանի, Ֆրանսիայի Սենատը փաստում է, որ տեղի է ունեցել ագրեսիա Արցախի հանդեպ։ Թվարկենք մի քանի  ձեւակերպումներ․ «2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին տեղի է ունեցել Ադրբեջանի գլխավորած ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում՝ իր դաշնակիցների աջակցությամբ, որը ստիպել է այնտեղ բնակվող գրեթե ողջ հայ բնակչությանը արտագաղթել»։ Սենատը «հիշեցնում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը, որը տարածվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության միակ հնարավոր ճանապարհն է»։

«Հաշվի առնելով 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրականացված ռազմական ագրեսիան՝ ի խախտումն 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի պայմանագիր», «ռուսական խաղաղապահ ուժերի անգործությունը և ձախողումը», «ռազմական ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի հեռացումը տեղի է ունեցել ադրբեջանական իշխանությունների կողմից տասը ամիս տեւած շրջափակումից հետո, որը ճանաչվել է որպես էթնիկ զտումներ» եւ այլն։

Ալեն Սիմոնյանը կարծես ասում է՝ մերսի, Ֆրանսիա, բայց չարժեր։

Նաիրա Հայրումյան

 

Pin It on Pinterest