Նոյեմբերի 14-ին, օրհնությամբ Մասյացոտնի Թեմի առաջնորդ Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի, Մասիս համայնքի 7 եկեղեցիներում կատարվել է Արցախից բռնի տեղահանված ավելի քան 140 հոգու մկրտության արարողություն։ Նախքան մկրտությունն այս առիթով քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցիում տեղի է ունեցել համայնքի քահանա հայրերի, 140 արցախահայերի եւ նրանց ապագա կնքահայրերի հանդիպումը:

Նախաձեռնության հեղինակները Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն ու Մասյացոտն թեմի առաջնորդ Գեւորգ Եպիսկոպոս Սարոյանն են։ Համբարձումյանն ասում է` իրենց նպատակն է, որ արցախցիներն ինտեգրվեն համայնքի կյանքին:

Մկրտված արցախցիներն իրենց հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո այս արարողությունը կարեւոր ու խորհրդանշական են համարում, ասում են` լի են հույսով ու հավատով:

Մասիսում մկրտության արարողությանը զուգահեռ արցախցիների համար նաեւ հյուրասիրություն էր կազմակերպվել։ Սեղանները զարդարում էր արցախյան ավանդական ժենգյալով հացը, որը թխել էր ստեփանակերտցի Նարինե Ավետիսյանը։

«Պատրաստելիս Արցախի համ ու հոտն էի զգում, ամբողջ գիշեր թխել եմ ժենգյալով հացը, չեմ հոգնել, քանի որ գիտեի` ինչ նպատակով եմ անում։ Այդպես էլ ինձ մոտ էի զգում Արցախին` երազելով հետ գնալ Արցախ»,- ասում է Ավետիսյանը։

Անի Գևորգյան

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest