Այն բանից հետո, երբ հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական կողմը գնդակոծեց Մարտակերտի և Մարտունու շրջանների հայկական դիրքերը եւ անօդաչու սարքով 4 մարդ սպանեց, Արցախի խորհրդարանն ընդունեց պարադոքսներով լի մի հայտարարություն։

Խորհրդարանը մի կողմից ընդգծում է Ադրբեջանի ագրեսիվության աճն այն պահին, երբ Վաշինգտոնում տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, իսկ մյուս կողմից՝ հայկական կողմին «կոչ է անում» հրաժարվել Վաշինգտոնում բանակցություններից, քանի դեռ չի երաշխավորվել կրակի դադարեցումն, ընդ որում՝ «փաստաթղթավորված»։

Արցախի խորհրդարանի հայտարարության մեջ «պարադոքսը» պայմանավորված է մի շարք գործոններով․ քննարկումները տեղի են ունենում բառացիորեն «զենքի սպառնալիքի» տակ, ու հիմնական միտքը նոր էսկալացիա ու նոր զոհեր չառաջացնելն է։ Երկրորդ կարևոր գործոնը ռուս գեներալների անտեսանելի ներկայությունն է Արցախի խորհրդարանում և կառավարությունում։ Նրանք ամենուր են՝ ականջին «թաքուն» տեղեկություն տրամադրելով, երբեմն էլ՝ ուղիղ հրահանգ տալով։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրեր առաջ միանգամայն անկեղծորեն ակնարկել էր, որ Հայաստանի հեռանալը եռակողմ (ռուս-հայ-ադրբեջանական) ձևաչափերից հղի է «տեղում» էսկալացիայով։ Ահա եւ էսկալացիան։

Այս բոլոր գործոններն, իհարկե, դժվար է անտեսել, բայց եկել է պահը, երբ վտանգված է արցախյան քաղաքական գործիչների երեխաների ապագան, և նրանք պետք է ընտրեն՝ պաշտպանել ռուսակա՞ն շահերը, թե՞ իրենց երեխաների շահերը։

Ի՞նչ կշահի Արցախը, եթե Հայաստանը խափանի բանակցությունները Վաշինգտոնում։ Բառացիորեն օրերս ԵԽԽՎ-ում և ԱՄՆ Կոնգրեսում արցախյան հիմնախնդրի և Լաչինի միջանցքի շուրջ քննարկումներ ծավալվեցին, որոնց մասնակիցներն ասացին այն, ինչ պետք է, բայց չի հնչում հայկական խորհրդարաններում։ Էսկալացիան սկսվեց հենց ԵԽԽՎ-ում բանաձեւի ընդունմամբ, որով պահանջվում էր բացել մուտքը եվրոպացի դիտորդների համար դեպի Արցախ եւ Լաչինի միջանցք։ Էսկալացիայի երկրորդ փուլը տեղի ունեցավ, երբ Վաշինգտոնում սկսվեցին բանակցությունները։ Ըստ փորձագետների, այնտեղ քննարկվում է Արցախի «իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու որոշակի միջազգային մեխանիզմ, որին դեմ են Բաքուն ու Մոսկվան։ Ստեփանակե՞րտն էլ է դեմ։

Այս պայմաններում Արցախի խորհրդարանը խոսում է հրադադարի պահպանման որոշ փաստաթղթային երաշխիքների մասին։ Ո՞վ է ստորագրելու այս երաշխիքները։ Ռուսաստանն, ըստ ամենայնի, առաջարկում է եռակողմ՝ Բաքու-Ստեփանակերտ-Մոսկվա ձևաչափի տարբերակ, իհարկե՝ Ադրբեջանին Արցախի փուլային «ինտեգրմամբ» և Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պահպանմամբ։

Ժամանակն է, որ արցախյան քաղաքական դասը, որը 2020 թվականի գարնանը, չնայած կատաղի համաճարակին, բառիս բուն իմաստով կենաց-մահու պայքար  էր մղում մանդատների ու աթոռների համար, սկսի հավաքել քարերը։ Ժամանակն է մտածել, թե տեղի ունեցածի մեջ որքան է իրենց մեղքի բաժինը, ինչքան մեղք են վերցրել իրենց վրա հանուն ռուսական ներկայության՝ հրաժարվելով ազգային իրավունքներից, տարածքներից ու կյանքերից։ Հայաստանի իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը նույնպես կանգնել են նույն ընտրության առաջ՝ դեմագոգիան ու պոպուլիզմն այլևս չեն անցնում, պարզ հարցերի պատասխաններ չկան։ Հոգեբանական եւ բարոյական խզվածքը բերել է անհաղթահարելի ճգնաժամի։

Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ զրուցելուց հետո տագնապալի գրառում է անում՝ հայտարարելով Հարավային Կովկասում ապակայունացման լուրջ սպառնալիքի մասին։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest