«Արմանը թիկունքով պահել է ընկերոջը, ընկել է նրա վրա. ընկերը ողջ է մնացել, ինքը զոհվել է»

90

Ստեփանակերտում ծառայող Արման Ալեքսանյանը զոհվել է 2020թ-ի հոկտեմբերի 12-ին` Հադրութում: ժամկետային զինծառայության առաջին տարին նա անց էր կացրել ավագ եղբոր` Պարույրի հետ, ով զորացրվել է պատերազմից երկու ամիս առաջ:

Ստեփանակերտի «Ցոր»-ում նրանց ծառայությունը հանգիստ էր անցնում եւ տղաների մայրը որեւէ անհանգստանալու առիթ չէր ունենում: 2020թ-ի ամռանը Պարույրին բանակից դիմավորելուց հետո տիկին Զարուհու մտքով անգամ չէր անցնում, որ կրտսեր որդուն նույն կերպ դիմավորել չի կարողանալու:

Զոհված զինվորի մայրը` Զարուհի Այվազյանը պատմում է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան տան գործերն անելիս անընդհատ տարբեր բարեկամներից զանգեր էր ստանում, բոլորը հետաքրքրվում էին Արմանով, սակայն ինքը չէր հասկանում, թե պատճառը որն է. «Հետո անցավ մի քանի ժամ, եկա, հեռուստացույցը միացրի ու մնացի բազմոցին նստած: Ամուսինս այգուց ձայն է տալիս, ես դե չեմ պատասխանում: Զղայինացած եկավ, թե չես լսում … ինքն էլ դռան մոտ մնաց կանգնած: Ու վերջ, մեր ամբողջ օրն այդպես անցավ»:

Արմանից առաջին զանգը հնչել է հոկտեմբերի 2-ին: Խոսել է եղբոր հետ, ասել է, որ լավ է:  Ավելի ուշ պարզվել է, որ նա պատերազմի հենց առաջին օրը Ստեփանակերտից տեղափոխվել է Հադրութ` առաջնագիծ:  

«Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 12-ին: Շատ հանգիստ էր: Ինքը ֆագոտ զենքի վրա էր ծառայում: Դա այն զենքն է, որը առաջին հերթին են տանում առաջնագիծ: Ու ես հոգուս խորքում  լավատես էի: Ինքը ասում էր, թե քիչ լսեք այդ լուրերը, լուրերով շատ են ամեն ինչ չափազանցնում, ամեն ինչ այդպես չի»,- պատմում է  մայրը: Որոշ ժամանակ եղբորից զանգ չստանալուց հետո, Պարույրը սկսել է զանգել իր հին ծառայակիցներին, սպաներին, ովքեր նրան ասել են, որ հեկտեմբերի 12-ի գիշերը Արմանը զոհվել է:

«Նրան գտել ենք նոյեմբերի 23-ին, դեկտեմբերի 4-ին նոր ինձ մոտ է եղել… Մեջքից է վիրավորված եղել ինքը ու դեմքը ֆացիալիս էր, այսինքն բեկորները մեջքից խփել են, դեմքի նյարդը վնասվել էր ու ծռվել էր: Ու որ ինքը արտահագուստով էր, երկար ժամանակ նրա նկարը պահվում էր հայտնաբերվածպամանագրային ծառայողների ցանկում, չէին հասկացել, որ ինքը ժամկետային զինվոր է… առաջին հարվածը որ եղել է, իրենց ընկերներից մեկը վիրավորվել է: Հարվածը էդ էրեխուն շպրտել է կողքի խրամատ: Երբ վիճակը մի քիչ խաղաղվել է, Արմանը ընկերոջ հետ գնացել է, որ վիրավորված տղային հետ բերեն: Ոտքից էր վիրավորված: Գնացել են, որ օգնեն ու տեղափոխեն իրենց մոտ: Հենց այդ պահին մեկ այլ ԱԹՍ է խփել: Այդ ժամանակ Արմանը թիկոնքով պահել է ընկերոջը, ընկել է նրա վրա: Ընկերը ողջ է մնացել, ինքը զոհվել է»,-պատմում է տիկին Զարուհին:

Մայրը անձամբ է մտել դիահերձարան ու ճանաչել որդուն. «Հաստատ վստահ էի, որ ինքն է, բայց մեքենայով գալուց ասում էի` կարող է հիմա զանգի: Երբ Պարույրիս հետ տուն եկանք, ասեցի` պապային ու պապիկին մի ասա, որ ճանաչել ենք, կարող ա մենք սխալվում ենք, թող ԴՆԹ-ն էլ հաստատվի… մինչեւ վերջին պահը դեռ հույսը կար»:

Անի Գեւորգյան