ԱԺ այսօրվա նիստում քվեարկության դրվեց Բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանները ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն դեմ քվեարկեց, եւ հարցը հանվեց օրակարգից։

Առաջարկը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանն էր։ Ըստ այդ խմբակցության պատգամավորների, հանձնաժողովի ստեղծման հիմնական նպատակն Արցախի ժողովրդի կենսագործունեության ապահովման պայմանների ուսումնասիրությունն է, կարիքների գնահատման համակարգի վերլուծությունը և իրականացվող ծրագրերի միջև անհամապատասխանության փաստերի արձանագրումն ու լուծումների առաջարկը։

«Հսկայական միջոցներ սփյուռքից և միջազգային կառույցներից հատկացվել են Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման համար: Պառլամենտը պարտավոր է իրականացնել արդյունավետ վերահսկողություն»,- ասաց պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Արցախցիներին՝ մոտ մեկ տարվա ընթացքում հատկացվող օժանդակությունը իրոք գույքագրման եւ վերահսկողության կարիք ունի։ Մեկ տարվա ընթացքում Կառավարությունը չի ստեղծել առանձին հիմնադրամ կամ այլ կառույց, որը համակարգված ձեւով կտնօրիներ արցախցիներին հասցեագրված միջոցները, կապահովեր օգնության տրամադրման թափանցիկությունը եւ կփարատեր կասկածները։

Քանի որ միջոցները ուղղվում են ՀՀ բյուջե, ոչ մի տեղ չկա տեղեկություն այն մասին, թե ինչքան գումար է մուտք գործել, ինչպես է ծախսվել եւ ինչ արդյունք է ստացվել։ Իհարկե, կառավարությունը հաշվետվություն է տալիս, թե քանի մարդու եւ ինչքան գումար կամ այլ օգնություն է տրամադրել, սակայն տեղեկությունը կենտրոնացված չէ։

Այս ամենը մի քանի լուրջ խնդիր է առաջացնում եւ ամենակարեւորը՝ արցախցիներին՝ իրենց համար տրամադրված միջողցներից «հեռու պահելը»։ Գաղտնիք չէ, որ արցախյան կառույցները, հատկապես համայնքային կառավարման մարմինները, կարող են օգտակար լինել կարիքների գույքագրման եւ գնահատման գործում։

Այս խնդիրն առավել ցայտուն դառավ, երբ Կառավարությունը հայտարարեց Արցախցիների բնակապահովման ծրագրի մասին, որին մասնակցելու հիմնական պայման դրվեց «ՀՀ քաղաքացիություն ընդունելը»։ Հունիսին մեկնարկած ծրագրին դիմել են շատ քիչ թվով մարդիկ, այս 3-4 ամսում միայն 30 սերտիֆիկատ է տրվել։ Արցախցի հասարակական գործիչները խոսում են ծրագրի ձախողման մասին։

Այնինչ սկզբից ակնհայտ էր, որ քաղաքացիություն ստանալու պայմանը կբերի ծրագրի եթե ոչ ձախողման, ապա 6-12 ամիս «հետաձգման»։ Եւ պարզ չէր, թե ով եւ ինչպես է տնօրինելու այդ ծրագրի համար տրամադրված գումարները՝ մինչև որ նրանք հասնեն հասցիատիրոջը։ Դա կասկածներ է հարուցել, որ ծրագիրը հատուկ «հետաձգվում է», որպեսզի այդ կապիտալը հնարավորինս երկար «ազատ» մնա։

Այդ մասին խոսում են նաեւ միջազգային կազմակերպությունները, որոնք զարմանում են, ինչո՞ւ ՀՀ կառավարությունը չի ուզում կենտրոնացնել Արցախին տրամադրվող օգնությունը մեկ տեղ եւ Հոգեբարձուների խորհուրդ ստեղծել՝ այն արդյունավետ տնօրինելու համար։

Հիմա ՔՊ-ն մերժում է հանձնաժողով ստեղծելու առաջարկը, չբացատրելով, դա արցախցիների խնդիրը խորհրդարան չբերելու քաղաքականոությո՞ւն է, թե՞ ուղակի թաքցնելու բան կա։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց՝ իրենք դեմ են քվեարկելու նախագծին:

Կոնջորյանը հիշեցրեց՝ ՀՀ Կառավարությունը և կառավարող խմբակցությունը առաջին իսկ օրվանից բազմաթիվ ծրագրեր է իրականացրել և մի շարք օրենսդրական կարգավորումներ է ներդրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսագործունեության ապահովման, սոցիալական, բնակարանային աջակցության ապահովման և մի շարք այլ ծրագրերի ուղղությամբ և դրանք շարունակվում են:

«Մեր հանրությունը դա ամենօրյա ռեժիմով տեսել և ականատես է եղել դրան: Եվ մենք կարծում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունն իր պատգամավորական գործառույթների շրջանակում օժտված է բոլոր լիազորություններով և լծակներով, որպեսզի անի հարցադրումներ, հարցապնդումներ և փորձի այն բոլոր փաստերը կամ տեղեկությունները, որոնք մտահոգում են իրենց այս գործընթացների հետ կապված, և մենք էլ՝ որպես կառավարող մեծամասնություն, պատրաստ ենք աշխատելու խորհրդարանական ընդդիմության հետ բոլոր ֆորմատներում, այդ թվում՝ հանձնաժողովներում համատեղ աշխատանքի, այդ թվում՝ ինչու չէ, աշխատանքային խմբեր ստեղծելով, եթե դրա անհրաժեշտությունը կլինի»,- հայտարարեց Հայկ Կոնջորյանը:

Նաիրա Հայրումյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest