Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, թե ՀՀ-ում լավ ապրելու հնարավորությունները շատացել են։ Ինչպե՞ս։ Պատասխանը սենսացիոն է։ Այն աշխարհի արարումից ի վեր հնչում է առաջին անգամ՝ լավ ապրել հնարավոր է աշխատանքով։

Դե հիմա ի՞նչ մտածես այս նախադասությունն ասողի մասին, որի լավ ապրելու պաշտոնական հովանավորն ինքը չի, այլ ՀՀ քաղաքացին, որը համ պիտի աշխատի, որ վարչապետը ոչ մի դարդ չունենա, համ էլ մտածի լավ ապրելու մասին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազնվորեն զվարճանում է հպարտ քաղաքացու վրա։ Դե Ադրբեջանի,Վրաստանի, Թուրքիայի կամ Իրանի քաղաքացու վրա զվարճանալ չի կարող, նրան տրված չէ նրանց կյանքը վատացնելու պատմական հնարավորություն, ահա ինչու ՀՀ հպարտ քաղաքացու վրա է զվարճանում։

Բայց էդ մարդը անձամբ ճանաչո՞ւմ է իր շրջապատի հետ կապ չունեցող գոնե մեկ ՀՀ քաղաքացու, որի կյանքը լավացել է հենց իր ասած «լավ ապրելու հնարավորությունների»շրջանակում։

Մեկդ ուշքի բերեք էս մարդուն՝ Հայաստանում աշխատատեղերը հոլիվուդյան դերեր չեն, որոնց համար միլիոնավոր դոլարներ են վճարում, Հայաստանում հոլիվուդյան են միայն հարկերը։ Աշխարհի ոչ մի երկրում այսքան ցածր եկամուտ ունեցող ոչ մի քաղաքացի այդքան աստղաբաշխական հարկեր չի վճարում պետությանը։

Մեկդ ՀՀ վարչապետին ասեք, որ Հայաստանը աշխարհի ամենաթանկ երկրներից է կյանքի պայմանների մասով, բայց ոչ եկամուտների և բոլոր տնտեսական աճերը հենց թանկությամբ են պայմանավորված, ինչպես նաև՝ դրսից ուղարկված փողերով։ Հայաստանի քաղաքացուն ոչ մի իշխանություն, նույնիսկ Քոչարյանի իշխանությունը, որը միայն շինարարությամբ երկնիշ տնտեսական աճեր էր գրում, այսպես ձեռ չի արել։

Նույնիսկ տարրական մաթեմատիկա չանցած մեկը այսպիսի Հայաստանում տնտեսական աճ կապահովի անընդհատ թանկացնելով ապրանքները, դրսից եկող փողերով։ Ավելին, պետք է զարմանալ, թե ինչու աճը եռանիշ չէ։

Մարդը 5 տարի իշխանության գլխին է, հպարտորեն ասում է, որ այս 5 տարվա մեջ ծայրահեղ աղքատությունը մեր երկրում կրճատվել է 0,3 տոկոսով։ Եվ անմիջապես անում է ամենասենսացիոն հայտարարությունը, որպիսին երբևէ լսել է մարդկությունը և որն այդպես էլ այսքան հասկանալի չկարողացան ձևակերպել Մարքսը և Էնգելսը․ «Յուրաքանչյուրը պետք է իմանա, որ աղքատությունը հաղթահարելու ճանապարհը միայն ու միայն աշխատանքն է»։ Անձամբ 800 կյանք պիտի ապրես այսպիսի մտքի հանգելու համար, իսկ Փաշինյանին մեկ կյանքն էլ բավարար է։

Բայց եթե աշխատանքն է աղքատությունը հաղթահարելու ճանապարհը, ինչո՞ւ մեր աղքատը չի ոգեշնչվում: Պատասխանը պարզ է՝ իմաստ չունի: Իմաստ չունի գոյատևելը «լավ ապրելու հնարավորություններով», որոնք Հայաստանի այցեքարտն են նույնիսկ այստեղ եկած հնդիկների համար:

Ի վերջո մեկդ ասեք այդ մարդուն, որ վատ ապրելու պատճառը աշխատանք չունենալը չէ, վատ ապրելու պատճառը եկամուտների տոտալ արգելափակումն է կյանքի ծանր պայմանների պատճառով: Իսկ ինչո՞ւ են  տուրիստներ գալիս, եթե ամեն ինչ այդքան վատ է: Որովհետև մեր աղքատությունն էկզոտիկ ու հիգիենիկ է՝ կարծես թե ուտելու բան չկա, բայց իրար չենք ուտում:

Մհեր Արշակյան

Մհեր Արշակյան

Pin It on Pinterest