Սուպեր Սաքոն դա իրավունք ուներ ասելու ամենուր և ցանկացած եթերում, նույնիսկ Հանրային Հեռուստաընկերությունում: Հարցն այն է, թե արդյո՞ք իր կանոնադրության մեջ Հանրայինը նաև այդպիսի խոսքի համար հարթակի իրավունք ունի և երկրորդ, ո՞վ է Սուպեր Սաքոն:

Մարդը Կոմիտասի հետ է քայլ գցում: Եվ իրավունք ունի: Ո՞վ է հիմա հիշում Կոմիտասին: Վերաձևակերպելով Փաշինյանին՝ ո՞ւմ տանն են հիմա Կոմիտաս լսում: Իսկ Սուպեր Սաքոն աստղ է: Եվ ահա թե ինչու Հանրայինը աստղին հրավիրել է եթեր, որտեղ էլ պարզվել է, որ բացառապես մահմեդական կրոնի արդյունք համարվող մուղամը նաև մերն է: Մուղամը ազգային ստեղծագործություն չէ, այլ՝ կրոնական: Սա է, որ չգիտի Սուպեր Սաքոն: Հետևաբար, նա Հանրայինի եթերից գրեթե հպարտորեն ասում է, որ մենք մահմեդական ենք:

Ահա այս կետից պետք է սկսվի քննարկումը՝ արդյո՞ք մենք մահմեդական ենք: Ես կասեի՝ ոչ, մենք իսկի քրիստոնյա չենք: Ու մենք մահմեդական չենք ոչ թե՝ «դա ի՞նչ կրոն է որ», այլ որ մահմեդական կրոնը նույնպես համաշխարհային մշակույթի գանձեր է տվել, և ես չէի ասի, որ մուղամը դրանցից մեկն է:

Էդ տղան սենսացիա անելու միտում չի ունեցել, պարզապես չի կարողանում չխոստովանել, որ իր երգածը մուղամ է: Հո չի՞ ասի, որ մուղամ երգելն ավելի հեշտ է, քան Կոմիտասի նման ազգային երգ ստեղծելը: Երբեք չի ասի, խելքն էլ չի ձգում, որ ասի: Ինքը ամենամարդկային ձևով անկեղծացել է, որ, այո, երգածը մուղամ է, ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Ու պաշտպանում է իր երգը, որովհետև բոլոր նյարդերով զգում է, որ ընդամենը երեք տարի առաջվա պատերազմի արդյունքում թուրք-ադրբեջանական զինուժի ձեռամբ 4 հազարից ավելի զոհ ունեցող երկրում իրեն կարող են մեղադրել ադրբեջանցի լինելու մեջ: Մեղադրանքի դեմն առնելու ամենահեշտ ձևը ո՞րն է՝ ասել, որ մուղամը մերն է: Սուպեր Սաքոն խորամանկել է: Ինքն էլ այդպես է խորամանկում, ինչպես մեզանից յուրաքանչյուրը մեր ոլորտում:

Իսկ ինչու՞ է նրան խոսափող տրվել: Պարզ է, չէ՞, որ նայել են նրա երգերի դիտումները: Դրանցից մեկն, օրինակ, 17 միլիոն դիտում ունի: Մի երգ էլ ունի ռաբիս երգիչ Թաթուլի հետ՝ 52 միլիոն դիտում: Ո՞վ լիներ, որ նրան չկանչեր եթեր: Վաղն էլ կարող է ասել, որ Հովհաննես Թումանյանը թուրք է: Կարող է ասել, բայց դա, մեր մեջ ասած, «բանաստեղծի» ասելիք է: Այսօր Սուպեր Սաքոն է մեր եթերի, մեր սեղանի, մեր «սռաչի» հեղինակությունը: Ոչ ոք նրանից դա չի խլի: Ես լա՞վն եմ Սուպեր Սաքոյից, երբ իմ սիրտը խառնում է նրա ցանկացած երգից: Ոչ, լավը չեմ: Հարցն այն է, թե ես ով եմ:

Ընկերներ, Սուպեր Սաքոն մեր «պոստմոդեռն» ռաբիսի արքան է, գրեթե երկինք հասած հեղինակություն, որի մուղամների «շնորհիվ» մենք վաղը սպառիչ ոգևորությամբ մշակութապես կլինենք ոչ մեկը: Հիմա պատկերացրեք ադրբեջանցիների արձագանքը նրա ասածին, թե մուղամը մերն էլ է: Սաքոն ի՞նչ է ասում, նա ասում է, որ մենք ու ադրբեջանցիները մի արմատ ունենք, մենք ու թուրքերը մի արմատ ունենք, նա հայ-թուրքական երկխոսության հարց է լուծում, որտեղ մենք ոչ մեկն ենք: Ահա թե ով է Սուպեր սաքոն: Նա վաղվա բանակցությունների «ոսկե» էջն է բացում, որտեղ ցանկացած թուրք մեզ կասի՝ ձեր երգածը մուղամ չէ՞, ինչ եք փորձում մեզնից տարանջատվել:

Մհեր Արշակյան

Մհեր Արշակյան

Pin It on Pinterest