Երևանի քաղաքապետի ընտրությունները աննախադեպ ժողովրդավարական էին։ Սա ոչ ոք և երբեք չի կարողանալու վիճարկել։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, արդեն ժողովրդավարության մասին կոմեդիայի թատրոն էր։

Տեսեք, ՔՊ-ն պարտվում է ընտրություններում, նույնիսկ հիմա՝ արդեն գործող ավագանիում փոքրամասնություն է, բայց քաղաքապետը բառացիորեն դավադրության արդյունքում իրենցն է։ Այդ դավադրությունը Սերժ Սարգսյանի ձեռագիրն է, ՔՊ-ն, այսինքն, Փաշինյանը, բառացիորեն շանտաժով «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանին (Դոգին) ստիպում են մասնակցել քաղաքապետի ընտրություններին։ Ինչո՞ւ շանտաժով։ Որովհետև իրենց մոտ պատանդ ունեն՝ Դոգի տեղակալը՝ Արտակ Գալստյանը և նրա կինը։ Այ կնոջն էլ դարձնում են շանտաժի առարկա՝ կմասնակցես ավագանու աշխատանքներին, Դոգի տեղակալի կնոջը բանտից ազատ կարձակենք։ Մասնակցեց, ազատ արձակեցին։ Թե չէ, էն հոդվածը (թմրամիջոցի ապօրինի խոշորածավալ շրջանառությամբ և դրանից ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խմբի ներկայացուցիչ), որ դրել են Դոգի տեղակալի ու նրա կնոջ վրա, համարյա պիտի փտեր բանտում։

Հաջորդը քաղաքապետի երդմնակալության ժամանակ լրագրողների ներկայության արգելքն էր այն հիմնավորմամբ, որ հյուրերը շատ են։ Սա ուղղակի արտագրել են Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունից, ՀՀԿ համագումարների ժամանակ լրագրողների ներկայության արգելքից, «Հայաստան-Սփյուռք» համաժողովներին լրագրողների ուղղակի ներկայության արգելքից։

Մի խոսքով, ՔՊ-ն թաքցնելու բան ունի։ ՔՊ-ն խայտառակվել է ու չի ուզում իր խայտառակությունը ներկայացվի։ Բայց ժողովրդավարության իմիտացիան ամբողջությամբ իր տեղն ընկավ, երբ «նորընտիր» քաղաքապետին շնորհավորեց Արարատյան թեմի հայրապետական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որն անձնական պատճառներ ունի ասելու՝ «Մեծարգո՛ նախագահ, մեծահա՛րգ վարչապետ․․․ և սիրելի՛ նորընտիր քաղաքապետ»։ Կճոյանի ձեռքը, որ ճար լիներ, երեքի տեղն էլ ցույց կտար ՀՀԿ-ական Հայաստանում և գուցե անձամբ անվերադարձ ուղեկցեր։ Հիմա թույլ է, խոնարհվում է թուրքական հայտնի ասացվածքի գյորա՝ այն ձեռքը, որը չես կարող կտրել, համբուրիր։

Այսինքն, Կճոյանը և հոգևորականները կարող են մասնակցել քաղաքապետի երդմնակալության արարողությանը, իսկ լրագրողները չեն կարող։ Այն դեպքում, երբ լրագրողներին ավելի պարտական են այսօրվա իշխանության համար, քան եկեղեցուն ամբողջությամբ վերցրած, որն այսօր էլ իրենց դեմ է և հարկ եղած դեպքում կկրծի իրենց կոկորդը։ Ինչպես ասում են՝ ձյուն գա ձեր ժողովրդավար գլխին։

Այս ամբողջ պատմության մեջ պետք է ի վերջո կարևորել այն, որ Փաշինյանի հենարան է դառնում Դոգը՝ մարդ, որը հակամետ է ինքնիշխանությանը, որը ի վերջո աշխարհի բոլոր երկրների հատուկ ծառայությունների փողերով կարող է սևացնել թե Փաշինյանին, թե Հայաստանի Հանրապետությանը։ Թվում է, թե Դոգի կողմնակիցներին ձերբակալելով Փաշինյանը նրան կառավարելի է դարձրել։ Բայց հիշենք, որ այսօր Դոգը տեղեկատվական դաշտում խաղում է նույն դերը, ինչ Փաշինյանը՝ ընդդիմադիր ժամանակ։ Դա սրբություն չունեցողի դերն է։ Դե թող իրար վայելեն, մինչև տեսնենք ինչպես է Երևանը դառնում 21-րդ դարի Էրեբունի։

Մհեր Արշակյան

Մհեր Արշակյան

Pin It on Pinterest