Ես այսպես եմ հասկանում՝ հայ-ադրբեջանական սահմանին շունը տիրոջը չի ճանաչում։ Հերթական հայ զինծառայողն է գերեվարվել։ Հերթական հայ զինծառայողն, ըստ ՀՀ ՊՆ-ի, ադրբեջանական կողմում է հայտնվել «դեռեւս չպարզված հանգամանքներում»։

Հիմա որևէ մեկն ինձ կարո՞ղ է ասել՝ իսկ ի՞նչ պիտի անեին ադրբեջանցիները, հետ ուղարկեին Հայաստա՞ն։ Հայստանի վրա հերթական լծակն է հայտնվել իրենց ձեռքում։ Ինչո՞ւ պիտի մեր զինվորը բաց տարածքում, որտեղ հստակ է, թե որտեղ է Ադրբեջանը և որտեղ է Հայաստանը, հայտնվի հակառակորդի տարածքում։ Ավելի «խելամիտ» չէ՞ մտածել, որ ադրբեջանցիք եկել ու մեր սահմանից առևանգել են նրան։ Ուղղակի եթե մեր ՊՆ-ն այդպես գրեր, բոլորը պիտի ասեին՝ էդ ի՞նչ անտերություն է սահմանին, որ գալիս են ու մեր տարածքից են ձերբակալում զինվորին։  Պիտի գրեին, թե ինչո՞ւ է դիրքերում մեն-մենակ մնացել այդ զինվորը կամ ինչո՞ւ չի կրակել մոտեցող հակառակորդի վրա։

Մենք չենք քննում «դեռևս չպարզված հանգամանքները», բայց 5 միլիոն դառնալ պատրաստվող պետության մեջ էս ի՞նչ մակարդակի անտերություն է, որ կամ զինվորը լքում է դիրքը, կամ մոլորվում է դիրքերում կամ էլ առևանգվում է հենց դիրքերից։ Ոնց նայում ես, «անտերություն» բառը նույնիսկ հաճոյախոսություն է։ Ի՞նչը էն չէ մեր բանակում։ Պարտությո՞ւնն է էս օրվան հասցրել։ Գերեվարվածը պահեստազորային է, 18-ամյա զինակոչիկ չէ։ Նշանակում է, պահեստազորայինը սահմանից ավելի լավ է հասկանում, քան՝ զինակոչիկը։

Եկեք հարցին նայենք այսպես՝ պահեստազորայինի փոխարեն ի՞նչ կաներ Սուրեն Պապիկյանը։ Կադրերում մեր զինծառայողը կարծես թե սպասում է, թե երբ կգան իր հետևից։ Ուրեմն կամ մոլորվել է, կամ էլ նպատակային գնացել է հակառակորդի տարածք։ Եթե, իհարկե, զինծառայող ընկերը նրան այդ կողմերը ջրի չի ուղարկել։

Այսպիսով ի՞նչ կաներ Սուրեն Պապիկյանը։ Ոչինչ էլ չէր անի, եթե անող լիներ, հիմա այդ զինվորը դա կաներ ու չէր հայտնվի հակառակորդի մոտ։ Եվ, ընդհանրապես, չէր ընկնի «դեռեւս չպարզված հանգամանքների» անդունդը։

Մեր բանակի հետ մի բան պետք է արվի։ Ինչո՞ւ չի արվում։ Որովհետև Պապիկյան Սուրենն այն այլևս չի դիտարկում իբրև կռվող բանակ։ Պապիկյան Սուրենն այն դիտարկում է խաղաղության մեջ ապրող բանակ, որին ոչ մի կռիվ պետք չէ։ Միայն «խաղաղության» մեջ ապրող Սուրեն Պապիկյանի զինվորը սուս ու փուս իր ոտքով կհայտնվի թշնամու մոտ ու ախ էլ չի քաշի։ Միայն խաղաղության մեջ ապրող Սուրեն Պապիկյանի զինվորը տարբերություն չի դնի մեր ու ձեր դիրքերի միջև։ ՊՆ-ն չգիտի, թե զինվորն ինչպես է հայտնվել ադրբեջանական կողմում։ Այսինքն, մեզ նախապատրաստում են, որ դասալիք է։ Կամ խմած էր։ Կամ գրազ էր եկել։ Ինչ ուզում եք ասեք։ Սրանք բոլորը դեռևս չպարզված հանգամանքներ են։

Իսկ ՊՆ-ում ոնց կար ամեն ինչ, այդպես էլ մնում է։ Թե՞ Պապիկյան Սուրենը Ադրբեջանի հետ պայմանավորվել է մի զինվորի դիմաց մի Բայրաքթար ստանալ։ Ինչ իմանաս։

Մհեր Արշակյան

Մհեր Արշակյան

Pin It on Pinterest