Որ պահից «Ալենն էլ է մարդ» (ինչպես ՀՀ վարչապետն ասել էր իր վերջին ասուլիսում), այդ պահից բոլոր հանցագործությունների համար կա արդարացում: Օրինակ, մարդ է ՄԻՊ-ը, որը ոչինչ չէր ասում դիլիջանցի անչափահասի ծեծի ու այդ ծեծը կոծկելու մասին, մինչև չստիպեցին ասել:

Դիլիջանի քրեականի պետն էլ է մարդ, որը ծեծում էր անչափահասին՝ եթե հյուրանոցի համար չեն վճարում, ձայնդ կտրիր, վեր ընկիր տեղդ, այ տղա, դու մարդու հետ գործ ունես: Պակաս մարդ չէր էն ոստիկանը, որը Երևանում Գինու փառատոնի օրը «հավեսին» չափալախեց անկառավարելի ու հարբած երիտասարդին, փոխանակ օրենքին համապատասխան բերման ենթարկեր:

Էս երկրում օրենքներ չկան, կան մարդիկ: Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ է մարդ, որը անչափահասին ծեծի ենթարկելու մասին մինչև տեսանյութի հրապարակումը որևէ տեղեկություն չի հաղորդել հանրությանը: Հլը ասեք հանրություն՝ դուք էդտեղ մարդ տեսնո՞ւմ եք: Դուք կարող է տեսնում եք, Քյարամյանը մարդ է, կարող է և չի տեսնում: Մարդը բարձրագույն արժեք է աշխարհի բոլոր Սահմանադրություններում, հենց այդ պատճառով էլ Հայաստանում գնացել են աննախադեպ քայլի՝ մարդը վեր է օրենքից: Ավելի ճիշտ, պաշտոն ունեցող մարդն է վեր օրենքից: Մեր Սահմանադրությունը պետք է փոխել, այնտեղ մի կետ պետք է ավելացնել՝ զոհը մարդ չէ:

Օրինակ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարդ է, նա պարտավոր չէ ասել, թե մարզային դատախազն ինչ պատասխանատվության է ենթարկվելու Դիլիջանի քրեականի պետին պատասխանատվության չենթարկելու, քննիչի միջնորդությունը բավարարելու համար:

Բոլորը մարդ են, խոսք չկա, բայց ոմանք,-վերախմբագրե՞նք Ջորջ Օրվելին,-ավելի մարդ են: Հենց այդ ավելի մարդկանց, այսինքն, իրավապահ համակարգի բոլոր աշխատողների աշխատավարձն էլ օրերս 100 տոկոսով բարձրացնելու որոշում է կայացրել կառավարությունը: Եվ, իսկապես, ինչպե՞ս չբարձրացնել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի աշխատավարձը: Դուք ավելի մարդ մեկին ճանաչո՞ւմ եք:

Ինչի՞ համար են օրենքները, ովքե՞ր են պաշտոնյաները։ Օրենքներն այն բանի համար են, որպեսզի որևէ մեկը մյուսի հանդեպ մտքին եկածը չանի։ Պաշտոնյաները անձինք են, որոնց օժտում են լիազորություններով, որպեսզի մտահոգվեն բոլոր մյուսների կարիքներով։ Պաշտոնյան «մարդ» չէ, որովհետև եթե մարդ լինելով լինի, ցանկացած հանցագործ կհամարվի մարդ, քանզի հաստատ մի խնդիր ունի, որ դիմում է անօրինական գործողության, մարդ են քաղաքապետարանի այն պաշտոնյաները, որոնք Երվանդ Զախարյանի նման աջ ու ձախ Երևանի տարածքները հանձնում են իրենց ընկերներին կամ ծախում են ոչ ընկերներին, մարդ են մարտի 1-ի բոլոր մարդասպանները, որոնց դատելու ոչ մի միտք չունի հեղափոխական իշխանությունը։

Մարդը չի կարող «մեծամասնություն» լինել օրենքի նկատմամբ։ Որ պահից նա դարձավ «մեծամասնություն», այդ պահից իշխանությունն ստիպված կլինի ընտրություն կեղծել, քանի որ նա դա անելու է իր համար և ոչ թե երկրի։ Ձեր կարծիքով Ռոբերտ Քոչարյանը մարդ չէ՞ր, երբ հրահանգեց սպանել «պրիվետ, Ռոբ» ասողին։ Փաշինյանը բացել է Հայաստանում «պրիվետ, Ռոբ» ասելու համար սեփական անզորությամբ վճարելու փակված էջը։ Հետևաբար, ընտրություն կեղծելը նույնպես սարերի հետևում չէ։

Մհեր Արշակյան

Մհեր Արշակյան

Pin It on Pinterest