Խորհրդարանն օրենք է ուզում ընդունել, որով փորձում է հեշտացնել Նիկոլ Փաշինյանի կյանքը, երբ նա այլևս չի լինի ՀՀ վարչապետ։ Ըստ այդ օրինագծի, պաշտոնաթող վարչապետը կկարողանա օգտվել օդանավակայանի հատուկ սրահից։ Գործող օրենքով պաշտոնաթողներից այդ կարգից օգտվելու իրավունք ունի միայն պաշտոնաթող նախագահը։

Որտե՞ղ է կազուսը «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի մեջ, որը պատրաստվում է  ընդունել խորհրդարանը։ Կազուսն այնտեղ է, որ Փաշինյանը այս կարգը փորձում է սահմանել անկախ նրանից, թե ինչ հիմնավորմամբ կզրկվի իշխանությունից։ Նա կամ նրա քաղաքական ուժը մոռանում է, որ խորհրդարանական կառավարման համակարգում ինքնին վարչապետը ոչ մեկն է ի տարբերություն նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգում՝ ՀՀ նախագահի։ Փաշինյանն ուզում է պարզապես չկորցնել այն նշանակությունը, որ ունի որպես գործող վարչապետ, ուզում է ոչ մեկը չլինելու ժամանակ էլ իրենից ինչ-որ բան ներկայացնի։ Մինչդեռ պաշտոնաթող նախագահ և պաշտոնաթող վարչապետ լինելը նույն բանը չէ։ Եթե նույն բանը լինեին, համակարգերի փոփոխության կարիք չէր լինի։

Բացի դրանից, այս օրինագծով Փաշինյանը մատնում է, որ ինքը մինչև վերջ մերվել է կառավարական հաճույքներին և ոչ մի կերպ չէր ցանկանա պաշտոնանկությունից հետո կորցնել դրանք։ Սա միակ փոփոխությունը չէ, նա դեռ շատ բան է պահանջելու իր համար, երբ այլևս ոչ մի պաշտոն չի ունենա։ Այդքանից հետո ինչո՞ւ Էմմա Պալյանը չի կարող իր ամուսնուն գնական նշանակել, ինչո՞ւ արտասահմանյան գործուղումները խորհրդարանում և կառավարությունում 5 տարվա ընթացքում չպետք է եռակի անգամ գերազանցեն ՀՀԿ-ական իշխանության գործուղումները ամբողջ 20 տարվա ընթացքում։

Էս մարդիկ ՀՀԿ-ից տարբերվում են մի ընկալումով՝ Հանրապետականը վստահ էր, որ մինչև աշխարհի վերջը մնալու է իշխանության ղեկին, ահա ինչու լիքը ժամանակ ունեն վայելելու այդ իշխանությունը, սրանք գիտեն, որ իշխանությունն իրենցից ժամանակավոր է, պետք է նրանից քերել առավելագույնը։

Երևանի քաղաքապետի երդմնակալությունը հիշո՞ւմ եք։ 87 միլիոն դրամ էին ծախսել հարկատուի գրպանից։ Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարի պատճառաբանությունը, թե ինչո՞ւ այդքան շատ, ուղղակի մահացու էր՝ որպեսզի Երևանի պատմությունն ուսումնասիրելիս ապագա սերունդները տեսնեն, թե ինչքան լավ ենք թագադրել մեր օրերի «Տիգրան Մեծին»։

Հասկանո՞ւմ եք, թե որն է ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանի ու ՔՊ-ական ինտելեկտուալի տարբերությունը՝ Սեդրակյանը ղժժում էր իր վրա, ՔՊ-ն ղժժում է ժողովրդի վրա։ Որովհետև ՔՊ-ին ժողովուրդն է ընտրել ու ահա թե ինչպիսին է արդյունքը՝ փորձում են ամեն արարքով հեռու կանգնել ժողովրդից։

Հարցերի հարցը՝ իսկ ժողովրդի համար ի՞նչ են արել։ Նրանք արել են ամենավատը, որ կարող էր անել որևէ իշխանություն՝ նրանք ժողովրդին ցույց տվեցին, որ իշխանություն փոխելն իմաստ չունի, նույնիսկ ամենալեգիտիմ իշխանությունը միևնույն է մտածելու է իր գրպանի, իր հաճույքների և իր հարազատների մասին։ Ըստ իս հեռու չէ այն օրը, երբ ՔՊ-ն վարչապետի համար տեղ կդասավորի նույնիսկ Կոմիտասի անվան Պանթեոնում։

Մհեր Արշակյան

Մհեր Արշակյան

Pin It on Pinterest