Երեկ Սահմանադրության օրն էր: Վարչապետը ժողովրդին կոչ է արել կարդալ Սահմանադրությունը, «այն ոչ երկար, բայց բովանդակային փաստաթուղթ է»: Դա ճիշտ է: Բայց մի փոքրիկ խնդիր կա՝ մեր պետության հիմնական փաստաթուղթը մնում է մեր ժողովրդին ամենախորթ փաստաթուղթը: Որովհետև Սահմանադրությունը ոչինչ չի կարող անել, երբ վարչապետի ավտոշարասյունը մարդ է սպանում ու պատասխան չի տալիս:

Նկատենք, այդ կինը միակն էր, ի վերջո, որին, թող ինձ ներվի այդ արտահայտության համար, այս իշխանությունը պառկեցրեց ասֆալտին: Սահմանադրությունը ոչինչ չի կարողանում անել, երբ քաղաքացին արդեն 5 տարի ոչ մի դատարանում չի կարողանում ապացուցել, որ ինքը 45 տարվա աշխատանքային ստաժ ունի, ոչ թե՝ 23:

Սահմանադրությունը մեղկ է՝ հենց իր անունից է այսօր հարստանում ցանկացած ՔՊ-ական ու իր անունից չեն աղքատանում նախկին բոլոր թալանչիները: Հենց այդ Սահմանադրությունը փակեց մարտի 1-ի գործը և անդատապարտելի դարձրեց Ռոբերտ Քոչարյանին, իսկ զոհերի հարազատների բերանն ամենևին էլ Սահմանադրությամբ չփակվեց: Սահմանադրության մեջ գրած չէ, որ ՔՊ-ական պատգամավոր կարող է ԱԺ ամբիոնից ասել՝ մենք ենք որոշում, երբ ծեծել ընդդիմությանը, երբ՝ չծեծել:

Այսպիսի բաները խորթ են Սահմանադրությանը, եթե հանկարծ, իհարկե, վաղը դրա բարեփոխումը չվստահեն, ասենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչեր ասես, որ չեն արվում Սահմանադրության անունից, որտեղ, ի դեպ, նշված է, որ պետության տարածքային ամբողջականության երաշխավորը այդ պետության իշխանությունն է, մինչդեռ երկիրն ամեն ինչ ունի, մինչդեռ տարածքային ամբողջականություն չունի:

Վաղը, եթե Ալիևը թարս ոտքի վրա արթնանա, էդ տարածքային կիսաամբողջականությունը կարող է ավելի կիսատվել ու էլի դրա համար պատասխան տվողներ չեն գտնվի: Սահմանադրությունը խոսում է նաև խոսքի ազատության երաշխիքներից: Գտեք մի լրագրող ՀԺ-ի լրագրողներից բացի, որը կասի որ՝ հա, մեր երկրում կիսաիդեալական խոսքի ազատություն է և, որ չկա օրենքով թույլատրելի մի հարց, որը մնում է անպատասխան:

Մեկ էլ երևի Սուրեն Պապիկյանն է Սահմանադրության մեռած, քանզի, եթե Սահմանադրությամբ լիներ, հաստատ նախարարի աշխատավարձով անգամ վարկով չէր կարողանա 412 հազար դոլարանոց տուն գնել: Եվ եթե վարչապետը դեռ ծիծաղում է լրագրողների վրա ասելով՝ գնացեք էդ տունն առեք ու վաճառեք 400 հազար դոլարով, ուրեմն վարչապետը գիտի, որ Սահմանադրությունը թղթի կտոր է, որով զսպում են բոլորին, որոնք իշխանություն չունեն։

Քանզի Պապիկյանը դեռ պիտի բացատրի, թե եթե նախարար չլիներ, ո՞վ իրեն մեկ տարվա ընթացքում 19 միլիոն դրամի նվեր կտար։ Սահմանադրության վրա զվարճանում են ու լուրջ դեմքով կարևորում այն։ Ծիծաղելիներ․․․

Մհեր Արշակյան

Մհեր Արշակյան

Pin It on Pinterest