Արգիշտի Քյարամյանը հին դպրոց է: Ավելին, ըստ երևույթին հենց ռուսական ԿԳԲ-ական դպրոցի ներկայացուցիչ է: Եվ ամբողջ էությամբ կսազեր ոչ թե նույնիսկ Սերժ Սարգսյանի իշխանությանը, այլ՝ Ռոբերտ Քոչարյանի: Ըստ երևույթին Քյարամյանը հենց այն օղակն է, որն այնքան հարազատեցնում է Փաշինյանին ու Քոչարյանին:

Բացառված չէ նույնիսկ, որ Փաշինյանը Քյարամյանին նույնիսկ տոկոսով է վերցրել Քոչարյանից: Երեկ Տիգրան Առաքելյանը ֆեյսբուքյան եթերով պատմում էր, թե իր հանդեպ ինչեր է արել Քննչական կոմիտեի ղեկավարը: Ես չեմ քննարկում Առաքելյանին բերման ենթարկելու հիմնավորումները, այդ մարդը կարգին չբացատրեց էլ, գուցե նույնիսկ պետական դավաճան է, բայց, Քյարամյան, քո մեղադրանքի իրավացիությունը ծեծով ու մարդուն տրորելո՞վ է արտահայտվում: Դու հլը մեղադրանքն անգամ մեզ չես ներկայացրել ու արդեն մա՞րդ ես ծեծում: Ինչ էլ արած լինի, լսիր, դու էդ նույն Տիգրան Առաքելյանի հարկերով ես քո աշխատավարձն ստանում, տղա ջան, էդ նույն Տիգրան Առաքելյանի լիազորությունը կա քեզ էդ պաշտոնին նշանակելու, քեզ ո՞վ է իրավունք տվել մարդուն տրորել, էլեկտրաշոկի ենթարկել:

Նույնիսկ Քոչարյանի ժամանակ ոչ մի ղեկավար անձամբ չէր իրականացնում բռնությունը, քեզ էդ ի՞նչ իշխանություն է տվել Փաշինյանը, որ որոշել ես ոչ մեկին չթողնել բռնության իրավունքը, այլ անձամբ իրականացնել այն: Ես չգիտեմ՝ դու հրաժարական կտա՞ս, թե՝ չէ, բայց եթե Տիգրան Առաքելյանը ճիշտ է, դու պիտի նստես ու անձամբ համոզվես, թե իրականում ինչպես են իրականացնում քննչական գործողությունները: Այսինքն, հաջորդ ՔԿ ղեկավարը քո հանդեպ պետք է մարդ լինի, որովհետև նա այլընտրանք էլ չունի, նրա գործը մարդ կամ տմարդ լինելը չէ, նրա գործը օրենքը պաշտպանելն է:

Հեղափոխությունից հետո անցել է 5 տարի ու հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է ամեն ինչ վերադառնում այն ժամանակներին, որոնց պատճառով ժողովուրդը դուրս եկավ փողոց: Փաշինյանը կամ գլխի գալիքը չգիտի, կամ թքած ունի, որ մի օր էլ իրեն են մերժելու, կամ էլ գաղափար չունի, թե ինչ է կատարվում Քննչական կոմիտեում: Թեպետ Արգիշտի Քյարամյանին գրպանը դրած պաշտոնից պաշտոն ման տալը ենթադրում է, որ էդ մարդը Հրայր Թովմասյանի նվիրած գրիչի նման մի բան է, որից երբեք չի ազատվի:

Քյարամյանը պիտի մաքրվի պետական ապարատից, հետքն անգամ պիտի չերևա: Ու պիտի նստի: Ներողություն խնդրելով չպետք է պրծնի, որովհետև «ներողությունը» բառ է, արարք չէ: Դա բառ է, որը օրենքի զգացում չունեցողի համար հրաշալի փրկօղակ է: Ավելին, ինքն անձամբ դա չի ասի, որովհետև իր գործը բռնանալն է, նրան կստիպեն, ինքը կասի: Բայց եթե դա պիտի փրկի Աղվան Հովսեփյանի «շկոլայի» ավանդույթների «լավագույն» շարունակողին, ուրեմն էս երկրում ոչ Պողոս Պողոսյանի դեպքի կրկնությունն է սարերի հետևում, ոչ էլ մարտի 1-ի: Կամ իսկապես Փաշինյանը չի տիրապետում պետական ապարատի անպատկառությանը, կամ ինքն է կանգնած այդ ամենի գլխին: Հավանաբար էս մասին Քյարմյանն ավելի պարզ կասի, երբ ժողովուրդը կմերժի նաև Փաշինյանին:

Մհեր Արշակյան

Մհեր Արշակյան

Pin It on Pinterest