Փաշինյանի հրաժարականը հաճախ է շոշափվում ընդդիմության հայտարարություններում: Ընդդիմությունը  գլխի չի ընկնում, որ հրաժարականի համար քաղաքական պատճառներ չկան անկախ Արցախում տեղի ունեցածից, անկախ Սահմանադրությամբ ամրագրված ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանել չկարողանալու իշխանության վարքից:

Ինչո՞ւ չկան քաղաքական պատճառներ: Որովհետև հոգու խորքում Հայաստանի ժողովուրդն իրեն պատասխանատու է համարում ստեղծված իրավիճակի համար: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացին իշխանության հետ ձեռք ձեռքի տված համաձայնվել է, որ ինքը Ադրբեջանին զիջելու բան չունի: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացին ժամանակին մեծ կարևորություն չեն տվել Ադրբեջանի հզորացմանը, իսկ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդհանրապես մերժեցին Հայ Ազգային Կոնգրեսի խաղաղության օրակարգը:

Շատերն էին զվարճանում ՀՀԿ-ական իշխանության «ոչ մի թիզ հող թշնամուն» լոզունգով, բայց, միևնույն է, պատրաստ չէին, որ որևէ թիզ հող զիջվի: Ոչ ոք մինչև 2018 թվականը ոտքի չկանգնեց ու իշխանություններին չպարտադրեց գնալ ցավոտ զիջումների: Հիմա, երբ տեղի է ունեցել ավելի սարսափելի քան, քան ցավոտ զիջումներն են, ժողովուրդը ընդունում է, որ այս ամենում կա մեղքի իր բաժինը, հետևաբար, գոնե Ղարաբաղը կորցնելու հարցով դուրս գալ փողոց և պահանջել Փաշինյանի կառավարության հրաժարականը, լուրջ չէ: Այսինքն, ընդդիմությունը, ով էլ որ նա լինի, պետք է հասկանա՝ Ղարաբաղի հարցը չի կարող դառնալ ՔՊ-ական իշխանությանը պաշտոնանկ անելու պատճառ, քանի որ ոչ թե իշխանությունն է ուժեղ ու ատամներով կպահի այսօրվա ունեցածը, այլ ժողովուրդը փողոց դուրս չի գա քաղաքական պատճառներով:

Ժողովուրդը փողոց դուրս չի գա նաև դատական հանցագործությունների պատճառով, քանի որ քրեական հետապնդումների տակ հիմնականում ընկնում են նախկինները կամ նրանց փոխկապակցված անձինք: Հետևաբար ժողովուրդը չի թքի հեղափոխության փիլիսոփայության վրա անկախ այն բանից, թե գործող իշխանություններն ինչ ապօրինություններ են թույլ տալիս նախկինների հանդեպ: Կամ արդյո՞ք թույլ են տալիս: Քանի որ այդ ապօրինությունների մասին խոսում են հատկապես նախկինները:

5 տարի է անցել թավշյա հեղափոխությունից և ցանկացած քաղաքակիրթ երկրում 5 տարին բավարար կլիներ հասկանալու, թե որտեղ է թերացել իշխանությունը և որտեղ է հաջողել: 5 տարվա ընթացքում այսպիսի իշխանությունը նույնիսկ զզվեցրած կլիներ իր հասարակությանը: Կորցրել ենք Ղարաբաղը, Հայաստանից որոշ կտորներ գտնվում են Ադրբեջանի ձեռքում, տնտեսությունը չէի ասի, թե ամենալավ վիճակում է, քանի որ տնտեսական աճի առյուծի բաժինը ապահովում են դրսից ուղարկվող փողերը, արտագաղթը վերադարձել է «հին ու բարի» տեմպերին, ծայրահեղ աղքատությունը նվազել է ընդամենը 1 տոկոսով: Ու այս ամենը 5 տարվա մեջ: Ինչո՞ւ է փողոցը դատարկ:

Հիմնական պատճառը,-դուր է դա գալիս շատերին, թե՝ ոչ,-այն է, որ ժողովուրդը սպասում է խորհրդարանի ընտրություններին: Նրան Փաշինյանը հավատացրել է, որ իր քվեն չի կեղծվի: Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ քվեն իսկապես չի կեղծվում: Ժողովուրդը սպասում է: Ընդ որում սպասում է ատամները սեղմած: Նրան հետաքրքիր չեն հայ-ռուսական, հայ-ամերիկյան, հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերությունները, նրան ոչինչ հետաքրքիր չէ, ինքը սպասում է քվեով իշխանափոխությանը, որովհետև ՀԱՎԱՏՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ:

Բայց հենց Փաշինյանը կեղծեց ժողովրդի քվեն, այն ժամանակ արդեն այդպիսի ժողովրդին հնարավոր կլինի փողոց հանել ցանկացած պատճառով, նույնիսկ ասեղը դեզի մեջ կորցնելու պատճառով, քանի որ հերթական իշխանությունը ժողովրդին հերթական անգամ հիմարի տեղ է դնում:

Մհեր Արշակյան

Մհեր Արշակյան

Pin It on Pinterest