Հայաստանում օրինաչափ հարց է ծագել՝ Արցախի վերացումից հետո ինչո՞ւ ՀՀ իշխանությունները չեն հանդիպում ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Բայց ինչո՞ւ պիտի հանդիպեին։

Բանն այն է, որ որոշ տեղեկություններով Շահրամանյանին հանդիպել էին եվրոպացի խորհրդարանականները, հետևաբար Փաշինյանը նույնպես պիտի հանդիպեր նրան ցույց տալով, որ գոյություն ունի Ղարաբաղ, որի օրինական ղեկավարն է Սամվել Շահրամանյանը։ Իսկ ի՞նչ են խոսել եվրոպացի խորհրդարանականները Շահրամանյանի հետ։ Ակնհայտորեն գլխավոր հարցը, որ հետաքրքրել է նրանց, գոյություն ունի՞ որևէ փաստաթուղթ, որով 2024-ի հունվարի 1-ից դադարում է գոյություն ունենալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Շահրամանյանը նրանց ասել է, որ գոյություն չունի, ամեն ինչ տեղի է ունեցել հայտարարության մակարդակով։

Հաջորդ հարցը, որ հետաքրքրել է եվրոպացիներին՝ ո՞ր դեպքում արցախցիները կվերադառնան Ղարաբաղ։ Բնականաբար Շահրամանյանն ասել է, որ վերադարձող ղարաբաղցիների անվտանգության երաշխավորները պետք է Ադրբեջանից ուժեղ լինեն, որպեսզի վերջինս չհետապնդի հայերին։ Ուրիշ հարց չկա, որով Շահրամանյանը կարող էր հետաքրքրել եվրոպացիներին։

Հիմա ինչո՞ւ պիտի Փաշինյանը հանդիպի Շահրամանյանին։ Պարզ է, չէ՞, որ մինչև սեպտեմբերի 19-ը Ղարաբաղի գլխին կախված սպառնալիքներին Փաշինյանը տեղյակ է եղել։ Տեղյակ է եղել, օրինակ, այն թեմայից, թե ինչո՞ւ ԼՂ նախկին իշխանությունները հասան Արայիկ Հարությունյանի հրաժարականին ու խորհրդարանով նախագահ ընտրեցին Սամվել Շահրամանյանին այն դեպքում, երբ ադրբեջանցիներն ասում էին՝ նախագահ ընտրելու փոխարեն համաձայնվեք խաղաղ կապիտուլացիային կամ դուրս եկեք Ղարաբաղից։ Տեղյակ է, չէ՞, Փաշինյանը, որ Ադրբեջանի այս պահանջը մերժելով է ԼՂ ԱԺ-ն ընտրել ԼՂ նախագահ։

Փաշինյանն ինչո՞ւ պետք է հանդիպի ԼՂ նախագահին, եթե այդ մարդը ՀՀ-ում այլևս որևէ կարգավիճակ չունի բացի «պատմականորեն ողբերգական» կերպար լինելուց, որի օրոք Լեռնային Ղարաբաղը վերջնականապես, մինչև վերջին քառակուսի միլիմետրը հանձնվեց Ադրբեջանին և այն էլ մեկ օրում մոտ 500-ի հասնող զոհերով։

Շահրամանյանն իսկապես սպասում էր Փաշինյանի հետ հանդիպմանը հույսով, որ նրա հետ թաքուն պայմանավորվածությունների կհասնի իր ճակատագրի վերաբերյալ։ Իսկ Փաշինյանը հո գիտի՞, որ Լեռնային Ղարաբաղի կործանումը Ռուսաստանի հետ մինչև վերջ հուսահատորեն համագործակցող ԼՂ իշխանությունների ձեռքի գործն է, հանդիպելով Շահրամանյանի հետ Փաշինյանը որոշակիորեն կընդուներ, որ Արցախի կործանումն անխուսափելի էր և որ Սամվել Շահրամանյանն ընդհանրապես վատ ժառանգություն էր ստացել Արցախի նախկին իշխանություններից և ոչինչ փրկել այլևս չէր կարող։

Եթե Փաշինյանին մնար, նա ավելի շուտ քրեական գործ կհարուցեր Շահրամանյանի և նրան նախագահ ընտրած ԼՂ ԱԺ պատգամավորների նկատմամբ, բայց այդ քրեական գործը նոնսենս կլիներ, քանի որ բոլոր այդ մարդիկ Ադրբեջանի նոմինալ կամ միջազգայնորեն ճանաչված քաղաքացիներին էին, որոնք հայ լինելու պատճառով հրաժարվում էին համագործակցել Ադրբեջանի հետ գոնե շրջափակումը վերացնելու և սեպտեմբերի 19-ի էսկալացիան թույլ չտալու համար։

Շահրամանյանի հարցազրույցն էլ Արցախի Հանրային հեռուստաընկերությանը ցույց տվեց, որ նա ասելու ոչինչ չունի, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել ՀՀ իշխանություններին։ Այս ամենից չի ենթադրվում, որ ԼՂ վերջին նախագահին լսելու կարիք չկա։ Բայց ենթադրվում է, որ պետությունը չի կարող նրան լսել-չլսելու հարցը դարձնել ներքաղաքական թոփ թեմա, նա արդեն պատմություն է և նրան լսելը կարող է հետաքրքրել միայն Արցախի վերջին օրերի մասին վավերագրական կինոնկարներ նկարահանողներին։

Մհեր Արշակյան

Մհեր Արշակյան

Pin It on Pinterest