Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իրեն չափազանց կարևոր մարդ է զգում:

Երեկ լրագրողները նրան հարց են ուղղում 2 հայ զինծառայողի առևանգման հանգամանքների հետ կապված, ինքը պատասխանում է. «Ես չեմ պատասխանի էդ հարցին»: Ու վերջ: Առաջին հայացքից զբաղված մարդ է, լրագրողների հավեսը չունի: Ու որևէ նոր բան էլ չունի ասելու, նրանից ի՞նչ են ուզում լսել լրագրողները:

Բայց ահա թե ինչն է խնդիրը: Նախարարը մեկին մեկ կրկնում է Հանրապետական նախարարների և այլ պաշտոնյաների վարքը: Նա իրեն մոտավորապես պահում է նույն կերպ, ինչպես ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, որը լրագրողների վրա թքելուց բացի, մտքով ինչ անցնում, անում էր:

Պարտադի՞ր է ձեր հետևից լրագրողներին վազացնեք: Ինչո՞ւ ՀՀԿ-ական նախարարները չէին կանգնում ու չէին պատասխանում՝ որովհետև գիտեին, որ իրենց տակ մի կեղտ թաքնված է և վախենում էին, որ ցանկացած պահի լրագրողը կարող է այդ կեղտի մասին հնչեցնել:

Դուք էլ եք դառնալու նախկին: Հետո՞ ինչ, որ ի տարբերություն ձեր նախորդողների, դուք լեգիտիմ եք: Եթե անկեղծ լինենք, այս իշխանության մեջ միայն մեկ լեգիտիմ պաշտոնյա կա, քարը տրաքի՝ երկու՝ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը: Մնացածդ, ինչպես ձեր իսկ պատգամավորն էր ասում, Նիկոլ Փաշինյանի ուսապարկն եք: Հետևաբար սովորեք պարզաբանել, թե ինչո՞ւ են օրը ցերեկով անհետանում ՀՀ երկու հպարտ քաղաքացի զինծառայողները:

Ընդհանրապես, Հայաստանում արդեն մոտ 25 տարի է լուրջ խնդիր է լրագրող-պաշտոնյա շփումը: ցանկացած պաշտոնյա լրագրողի հանդեպ իրեն պահում է այնպես, ասես իսկապես ինչ-որ մեծ մեղք ունի թաքցնելու: Դա վերաբերվում է հատկապես ուժայիններին: Նրանք իրենց Աստված գիտի ինչ են երևակայում: Պաշտոնից զրկվում են ու դու հստակ տեսնում ես՝ քամի է, ուրիշ ոչինչ, բայց դա թաքցրել է պետական պաշտոնի մեջ:

ԱԺ-ն միակ վայրն է, որտեղ լրագրողները պաշտոնյա են բռնացնում, ոչ մեկը չի գնում Պապիկյանի տան կամ աշխատասենյակի տակ կանգնում, որպեսզի նրանից մեկնաբանություն խնդրի, նույնը նաև վերաբերվում է վարչապետին: ԱԺ-ն լրագրող-պաշտոնյա «առերեսման» միակ լեգիտիմ վայրն է:

Ու ոչ մի պաշտոնյա չի ասում՝ ես առայժմ չեմ կարող պատասխանել ձեր հարցին: Պիտի ասի՝ ես չեմ պատասխանի էդ հարցին: Այսինքն, դա ի՞նչ հարց է որ: Այսինքն, դու գիտե՞ս ում ես ուղղում էդ հարցը, գիտե՞ս, որ մինչև ինձ հարց տալը լիքը հաց ու պանիր պիտի ուտես: Ու միշտ է սա եղել պաշտոնյա-լրագրող հարաբերության մենթալիտետը:

Սուրեն Պապիկյանն այս իմաստով որևէ Հանրապետականից կրեատիվ չէ: Մնում է, որ հասկանանք, թե ով է Սուրեն Պապիկյանը, երբ ինքը ոչ միայն նախարար չի լինի, այլև իշխանությանը կրկին հեռվից կնայի:

Մհեր Արշակյան

Մհեր Արշակյան

Pin It on Pinterest