Մեկը պիտի կանգնի ու ասի՝ հա, մենք մեղավոր ենք էս ամենում։ Ոչ թե ամբողջ մեղքն է մերը, այլ մենք էլ ենք մեղավոր։ 1918-20 թվին դաշնակցականները մեղավոր էին համեմատաբար ավելի մեծ Հայաստան չունենալու մեջ։ Առ այսօր չեն ընդունում իրենց մեղքը։

Դե, Սովետի օրոք չունեցանք էնպիսի իշխանություն, որ Ալիևի նման կարողանար Մոսկվայի աչքը մտներ ու Նախիջևանի ու Ղարաբաղի համար ստանայինք առավելագույնը։

Միակ քայլը Ղարաբաղը հայկական դարձնելու համար արել է․․․ Միխայիլ Գորբաչովը։ Նա է Ղարաբաղի Հատուկ Կառավարման Կոմիտեի ղեկավար նշանակել Արկադի Վոլսկուն, որը ԽՍՀՄ Սահմանադրությունը շրջանցելով Արցախը հանում էր Ադրբեջանի ենթակայությունից ու տանում դեպի Մոսկվայի ուղղակի ենթակայություն, իսկ ռուսների հետ հարաբերություններ պահել մենք հո գիտեինք։ Վոլսկուն հենց հայաստանցիներն ու ղարաբաղցիները մեղադրեցին լատենտ ադրբեջանական լինելու մեջ։ «ԼՂ-ն դուրս բերել Ադրբեջանի ենթակայությունից ու հայտարարել նրա վարչական, տնտեսական ենթակայությունը Կենտրոնին»,-Վոլսկին սա ասել է 1989թ. հունիսին  Արցախ ժամանած ԽՍՀՄ պատգամավորական խմբի և «Միացում» խմբի անդամների հետ հանդիպմանը։

Դրանից հետո Հայաստանն անկախացավ։ Սկսվեց ղարաբաղա-ադրբեջանական պատերազմը։ Ոչ առանց Ռուսաստանի օգնության հայկական բանակին հաջողվեց վերահսկողություն հաստատել Ղարաբաղում և նրա շրջակա ադրբեջանական բնակավայրերում։ Աշխարհը հայտարարեց, որ երբեք չի ճանաչի գրավյալ տարածքների օկուպացումը։ Դա նշանակում էր, որ հայկական կողմը պետք է պատրաստի նահանջի մի ճանապարհ, որից շահեկան դուրս գար Ղարաբաղը։ Այստեղ իրավիճակը փորձում է փրկել ի՞նչ եք կարծում՝ ո՞վ՝ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը, որը 1997- նոյեմբերին ասում է․ «Ինքնավարության ամենաբարձր կարգավիճակն եմ տալիս, ուրիշ ի՞նչ է ձեր ուզածը»։

Մինչ այդ, սակայն, Հայաստանն ինքն իրեն արգելել էր ստորագրել որևէ փաստաթղթի տակ, որտեղ Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի մաս։ Ղարաբաղցիներն ավելի դաժան էին վարվել, նրանք ընդհանրապես փակել էին բանակցային ցանկացած ճանապարհ՝ իրենց Սահմանադրության մեջ գրավյալ տարածքները դարձրել էին Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս։ Այսինքն, Ադրբեջանին չորով ասում էին՝ էս բանակցությունները ֆնդխություն են, միայն զենքով կարող եք վերցնել ձեր տարածքները։ Հայաստանում չգտնվեց գոնե մի ղեկավար, որ ղարաբաղցիներին ասեր՝ տղերք էս ի՞նչ եք անում՝ դուք ինքներդ եք անիմաստ դարձնում բանակցային գործընթացները։ Ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Արկադի Ղուկասյանը, ոչ Բակո Սահակյանը, ոչ Արայիկ Հարությունյանը կես բերան անգամ սրա համար չեն զղջացել։ Նրանք ղարաբաղցիների մեջ չեն թողել հարցը բանակցություններով լուծելու հույս։

Բայց սա ամբողջ հանցագործությունը չէ, ավելին, սա ընդհանրապես հանցագործություն չէ այն բանի համեմատ, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղի հետ մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը։ Ղարաբաղը լցվեց դավաճաններով, կոռուպցիայով և տոտալիտարիզմով։ Իշխանությունները նույնիսկ հպարտանում էին, որ Ղարաբաղում ազատ մամուլ չկա։ Հայաստանում ընդհանրապես պաշտոնապես զարկ տվեցին «ոչ մի թիզ հող» կարգախոսին։ Ահա ինչու այստեղ ոչ ոք չէր հասկանում, թե ինչ նկատի ունի Սերժ Սարգսյանը, երբ ռուսական հեռուստատեսությամբ ասում է՝ մենք պատրաստ ենք վերադարձնել 7 շրջանները, բայց Ադրբեջանն արդեն դրանք չի ուզում։ Ոչ ոք չէր հասկանում, որովհետև իր կուսակցությունն ուղիղ հակառակն էր ասում իշխանությունը պահելու և Ղարաբաղի անվտանգության անունից երկիրը կործանելու համար։

Այսօր Հանրապետականը քաղբանտարկյալի հագուստ է հագնում։ Նրա կոալիցիոն գործընկեր Իշխան Սաղաթելյանն ընդհանրապես ասում է, թե «ի հեճուկս Ալիևի և Նիկոլի, Արցախի էջը փակված չէ»։ Բա փակեիք։ Որ հազար Նիկոլ չկարողանար բացել։ Ոչ Քոչարյանը, ոչ Սերժը, ոչ Իշխանը, ոչ Նիկոլը՝ ոչ մեկը չի ընդունելու իր մեղքը։ Ոչ ոք չի կանգնի ու ասի՝ հա, ես մեղավոր եմ։ Որովհետև էդ մեղքով պիտի ապրի։ Բայց ինչպե՞ս ապրի, երբ գիտի, որ ինքը միակ մեղավորը չէ։ Չի կարող, ուղղակի չի կարող այնպես լինել, որ մի հոգին լինի մեղավոր։ Որովհետև եթե մի հոգու նշանակեցիր մեղավոր, դու կշփոթեցնես սերունդներին, որոնք դեռ պիտի հասկանան, թե ինչո՞ւ ժողովուրդը այդ մեղավորին նորից ընտրեց, իսկ անմեղներին նորից մերժեց։

Մհեր Արշակյան

Մհեր Արշակյան

Pin It on Pinterest