Հայաստանում անխուսափելի է հաջորդ հեղափոխությունը: Պատճառն այն է, որ Փաշինյանը բացարձակապես ամեն ինչ անում է ըստ Սերժ Սարգսյանի: Ու խնդիրն ամենևին հանրային ռեսուրսի չարաշահումը չէ: Խնդիրն այն է, որ նա անկյունաքարային ոչինչ չի փոխել: Դիցուք, կուսակցությունների անցողիկության շեմը չի իջեցրել: Սա բերում է նրան, որ սուտ է խորհրդարանական համակարգի կայացումը, միշտ էլ երկու-երեք կուսակցություն են հայտնվելու խորհրդարանում, եթե իշխանությունը ավելի փոքր կուսակցությունների համար քվեներ չկեղծի։

Երկրորդ, ընտրությունները հազվադեպ երևույթ են, որի պատճառով ոչ իշխանական կուսակցությունները, որոնք խորհրդարանում չեն, իրենց մասին բղավելու դաշտ չունեն: Գործարարները ներգրաված չեն անկախ մամուլ ունենալու գործի մեջ: Պատճառն այն է, որ նրանք լրջորեն կախված են իշխանության քմահաճույքներից, նույնիսկ սեփական TV ունեցող Ծառուկյանն է կախված: Դրանից բացի մեր ամենահնչեղ անուններով գործարարները գրեթե կատարյալ անգրագետ ու վախկոտ մարդիկ են, որոնք բիզնեսմեն են իշխանության ողորմածությամբ:

Այս իշխանությունը կամ պետք է Սահմանադրությունը փոխի կամ 5 տոկոսից 2-ի իջեցնի ընտրություններում խորհրդարան անցնելու շեմը։ Քանի դեռ նման բան չկա, բոլոր կուսակցությունները նայելու են իշխանության ձեռքին, ինչպես ժամանակին Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն, Գեղամյանի Ազգային Միաբանությունը, Բաբուխանյանի ՍԻՄ-ը կամ Խոսրով Հարությունյանի Քրիստոնյա-դեմոկրատական միությունը, որոնց Սերժ Սարգսյանը բառացիորեն տիրություն էր անում։

Ո՞վ է հիշում 2018-ի հոկտեմբերին ՔՊ-ի փորձը հասնել այն բանին, որ կուսակցությունները ԱԺ մտնեն 2 տոկոս քվե հավաքելով: ՀՀԿ-ն տապալեց այդ փորձը ու նույն տարում վերջնականապես հեռացավ կառավարման համակարգից: ՔՊ-ն ամբողջ 5 տարի իշխանություն է: Ինչո՞ւ չի կրկնում այդ փորձը: Պատասխանը պարզ է՝ՀՀԿ-ն չի հեռացել, անունն է փոխել: Կամ այսպես ասենք, Սերժ Սարգսյանի կոստյումը չափազանց հարմար եկավ նոր իշխանության հագին։

Միակ տարբերությունը Սերժ Սարգսյանի չարածներից այն է, որ Փաշինյանը բարձրացրել է ամբողջ պետական համակարգի աշխատավարձը, որը Սերժ Սարգսյանը չէր ֆայմում անել: Արդյունքում հեղափոխությունն ուղղակի իր մեջ վերցրեց նաև պետական ապարատը: Փաշինյանն իր նախորդի սխալները չի անի, բայց դա նրան չի ապահովագրի հեղափոխությունից ու այստեղ նրան չի փրկի կառավարման խորհրդարանական համակարգը, որի ժամանակ կարելի է ընտրվել անհաշիվ անգամներ:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը գիտի, որ այսօրվա իրավիճակը դանդաղ գործողության ռումբ է իր աթոռի տակ։ Ուրեմն ինչո՞ւ քայլեր չի անում։ Պատճառը մեկն է։ Չգիտի ինչ անել։ Կա նաև մեկ ուրիշ պատճառ։ Պայմանավորվածություն ունի, որ հեղափոխությամբ էլ թողնելու է աթոռը, քանի որ Հայաստանը աշխարհաքաղաքական փակուղում է ու ինքը չգիտի երկիրն ինչպես դուրս բերել այդ փակուղուց։

Կա նանև երրորդ տարբերակը՝ իսկապես չկա մի քաղաքական ուժ, որին իշխանությունը թողնելով կարող է հեռանալ։ Բայց Սերժ Սարգսյանի օրոք ո՞վ էր ենթադրում, որ նա հենց Նիկոլ Փաշինյանին «կհասունացնի» իշխանության փոխանցման համար։ Բոլոր դեպքերում ևս մեկ հեղափոխությունը ուղղակի խնամվում է։ Եթե մինչ այդ Հայաստան մնա։

Մհեր Արշակյան

Մհեր Արշակյան

Pin It on Pinterest