Երեկ «Ժողովրդավարության հայկական ֆորումի» բացմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ժողովրդավարությունը մեր բրենդն է»:

Բրենդը վաճառվող ապրանքն է, որն ունի «հուսալի» կենսագրություն, որը տարբերվում է նմանատիպ այլ ապրանքներից իր «ճշմարտությանը մոտ լինելով»: Բրենդը արտահանում են, ինչպես Կոկա Կոլան: Բրենդը այնպիսի բան է, որ կարող ես պահել քո «տանը», ինչպես Վանա կատուն, բայց թույլ տաս, որ ուրիշներն այն կեղծեն ու սպառեն իրենց երկրներում, ինչպես Մարլբորոն կամ ֆրանսիական կոնյակը:  Դու չես կարող այստեղ ֆրանսիական կոնյակ արտադրել ու դա համարել քո բրենդը: Սա աքսիոմա է:

Ուրեմն պետք է ունենաս քոնը: Հիմա մերն, ինչպես պարզվում է, ժողովրդավարությունն է: Հիմա եթե ժողովրդավարությունը քո բրենդն է, բան չասի: Բայց դու նայե՞լ ես քո սահմաններին: Փակ սահմաններում ի՞նչ բրենդ: Բրենդն ի՞նչ է՝ հրավեր: Երբ մարդը անցնում է Փարիզի Գուչիի կամ Արմանի խանութների մոտով, անպայման մտնում է ներս, որովհետև Գուչին ու Արմանին բրենդ են:

Սթոունհենջը բրենդ է Մեծ Բրիտանիայի համար, նույնիսկ թագավորական Բուքինհեմ պալատի մոտ կանգնող զինվորականն Անգլիայում բրենդ է, մարդիկ էդ կողմերը հասնելիս գնում ու էդ պահակախմբային զինվորի հետ նկարվում են: Վատիկանի շվեյցարական գվարդիան է անգամ բրենդ: Մոսկվայում այսօր այնպիսի ժամանակներ են, որ այնտեղ, օրինակ, բրենդ է Լենինի դամբարանը: Հիմա ո՞րն է մեր Լենինի դամբարանը: Ինքնին Հայաստանն է այսօր Լենինի դամբարան:

Հայաստանն ի՞նչ է անում ժողովրդավարության հետ: Բրենդը մենք հասկացանք ինչ է: Հիմա հասկանանք, թե ինչ է ժողովրդավարությունը: Հեղափոխության առաջին օրերին ի՞նչ էր կատարվում՝ բոլոր պաշտոնյաները բաց էին, Պուտինի հետ զրույցները գալիս պատմում էին Լիճք գյուղի շարքային գյուղացուն, մենք վարչապետին ուղիղ եթերում միայն զուգարան գնալուց չէինք ուղեկցում, Ազգային Ժողովի պատգամավորներն ամբողջ օրը սիրում ու հպարտանում էին մեր ժողովրդով, Սուրեն Պապիկյանը կամ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը դեռ չգիտեին, որ կարելի է ոչ միայն պատասխանել լրագրողների հարցերին, այլ նաև թքած ունենալ այդ հարցերի վրա: Որովհետև նրանք ժողովրդավարության մասին լսելուց հեչ չէին մտածել, որ այն կարող է դառնալ նաև բրենդ: Եթե իմանային, գուցե իշխանությանը մոտ չգային ու չխայտառակվեին իրենց դեմքով այսպիսի ժողովրդավարության համար:

Երբ Փաշինյանն ասում է, որ ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է, նա ասում է, որ Հայաստանի բրենդն է Եռաբլուրում զոհվածների ծնողների հանդեպ ոստիկանության գազանությունները, նա ասում է, որ «եթե անգամ պարտվենք, մենք մեզ պարտված չենք համարի» արտահայտությունն է բրենդ, երբ ոչ ոք դեռ չէր հասկանում, թե ինչո՞ւ է այս մարդը պատերազմի առաջին օրով խոսում պարտությունից: Էդ հետո է պարզվում, որ արդեն պարտված ենք ու չգիտենք:

Նա ասում է նաև, որ մարդկանց ձեռքերից բռնելն ու նրանց վրա թքելն է մեր բրենդը: Նա ասում է, որ Հայաստանի ու Ղարաբաղի ապագայից գաղափար չունենալն է մեր բրենդը: Բայց չէ՞ որ իր ապագայից այսօր գաղափար չունի նաև Լենինը: Այնպես որ, այո, մենք ունենք մեր բրենդը՝ ոմանք դրան ասում են ժողովրդավարություն, ոմանք՝ Լենինի դամբարան:

Մհեր Արշակյան

Մհեր Արշակյան

Pin It on Pinterest