Այս տարվա մայիսի 2-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց Հայաստանի քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսված սահմանադրական կարգը տապալելու, ինքնիշխանությունը բռնի տապալելու, ինչպես նաև դրան ուղղված կոչերի համար: Քվեարկության ժամանակ օրենքին ձեռնպահ քվեարկեց 30 պատգամավոր:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե մենք Ղարաբաղում պարտվեցինք, որովհետև պատերազմի ժամանակ Հայաստանում գործել է 5-րդ շարասյուն: Ընդունված է 5-րդ շարասյուն անվանել այն քաղաքացիներին, որոնք սեփական պետության ներսում գործում են սեփական պետության դեմ: Այսպիսով, ովքե՞ր են այդ 30 պատգամավորները: Նրանք ինքնալյուստրացված մարդիկ են, որոնք Հայաստանի իշխանության՝ 5-րդ շարասյան մասին հայտարարությունից անմիջապես հետո քվեարկությամբ կոնկրետացրեցին իրենց անձը: Որովհետև առ այսօր բացատրություն չկա, թե ինչպե՞ս կարելի է ձեռնպահ լինել ինքնիշխանությունը բռնի տապալելու, ինչպես նաև դրան ուղղված կոչերի համար քրեական պատասխանատվությանը: Նման դեպքերում նորմալ երկրները պարզապես արտաքսում են այդպիսի քաղաքացիներին:
Նրանց ձերբակալել պետք չէ, նրանց վիրավորել պետք չէ, առավելևս նրանց հանդեպ բռնություն գործադրել պետք չէ, նրանք նույնիսկ օտարերկրյա դեսպանատներում աշխատող հայեր չեն, նրանք Հայաստանի քաղաքացիներ են նույնիսկ եթե ազգությամբ հայ չեն (թեպետ ազգությամբ հայ են):
Իսկ ինչու՞ այդ փաստն այդքան աննկատ անցավ՝ մի պարզ պատճառով՝ Փաշինյանն ինքն էլ չի գաղափար չունի, թե ինչպես վարվել 30 պատգամավորի հետ: Եթե ձերբակալի, փաստորեն կձերբակալի նրանց արտահայտած քաղաքական դիրքորոշման պատճառով և նրանք՝ ուզենք, թե չուզենք, կդառնան քաղբանտարկյալ: Եթե նրանց արտաքսի՝ փաստն այն է, որ եկողները նույնպես ձեռնպահի գաղափարախոսությամբ կմտնեն խորհրդարան (որովհետև այլևս քվեարկված օրինագծի համար նորից քվեարկության կարիք չկա): Նրանց է՞լ պիտի արտաքսի: Բայց եթե նրանք Հայաստանում ծավալում են քաղաքական գործունեություն, փաստորեն այդ գործունեությունը վտանգում է ՀՀ շահերը:
Բայց կա մեկ այլ բացատրություն: Գուցե օրենքին ձեռնպահ քվեարկածներին չի բավարարում պատժաչափի 15 տարի լինե՞լը: Այսինքն, նրանք ուզում են, որ ինքնիշխանությունը բռնի տապալելու, ինչպես նաև դրան ուղղված կոչեր անողներին գնդակահարել կամ ցմա՞հ նստեցնել: Բայց այդպիսի հայտարարություններ նրանք խորհրդարանի ամբիոնից չեն արել: Կամ գուցե նրանց կարծիքով օրենքը կեղծ է, քանի որ այսօր ինքնիշխան Հայաստան գոյություն չունի՞ և անիմաստ է կեղծ ինքնիշխանության պաշտպաններ լինելը: Չգիտեմ: Նրանք այդպիսի հայտարարություններ չեն հնչեցրել:
Խնդիրն այն է, որ Հայաստանի համար մեծ շռայլություն է խորհրդարանում ունենալ միանգամից 30 պատգամավոր, որոնք կամուկացի մեջ են սահմանադրական կարգը տապալելու, ինքնիշխանությունը բռնի տապալելու, ինչպես նաև դրան ուղղված կոչերի համար մարդկանց դատելու պետական պատասխանատվության մասով:
Մհեր Արշակյան