Դոնառա Առաքելյանը իր ամուսնուն, իր երկու աղջիկների հորը՝ Վրեժ Բաղդասարյանին հուղարկավորել է Ստեփանակերտում, 2023 թվականի սեպտեմբերի 24-ին։ Իսկ սեպտեմբերի 25-ին նրան  ասեցին, որ քաղաքում մնալը վտանգավոր է, պետք է հավաքվել ու դուրս գալ։

«Թուրքերը Ստեփանակերտի մեջ էին արդեն։ Լսեցինք, որ երեխաների վրա են կրակել, ու մենք տանը նստած, սպասում էինք, որ դուռը կբացվի, թուրքերը կմտնեն  ներս”, — այն սարսափելի օրերն է հիշում Դոնարան։

Ասում է, որ չէր պատկերացնում, որ Վրեժին ընդմիշտ թողնելու է թշնամու հողում։ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատողները կնոջը և բոլոր նրանց, ովքեր իրենց զոհվածներին հուղարկավորել էին Ստեփանակերտում, ասել էին՝ “Կարմիր Խաչը” անպայման գալու է, հանելու է զոհվածների մարմինները հողից և տեղափոխելու է Հայաստան։

Դոնարան հավատաց։ Այսօր էլ  հավատում է ու սպասում է, որ մի օր Վրեժի մարմինը հասնելու է իրեն։ Չնայած նոր ինֆորմացիա կա՝ որ ադրբեջանցիները չեն համաձայնվել դիակների տեղափոխման ծրագրին, և բոլոր զոհվածների մարմինները մնալու են Արցախում։

«Չգիտեմ, ինչու, թուրքերը չեն համաձայնվել, ասում են։ Էնքան լավ կլիներ, որ ինքը այստեղ լիներ, կգնայինք գերեզմանին, մի ծաղիկ, մի բան կդնեինք կհանգստանայինք”, — հառաչում է Դոնարան։

Վրեժը հաճախ իր հարազատների երազների հյուրն է։ Դոնարան ամեն գիշեր երազում նրա դեմքն է տեսնում։ 13 տարեկան դուստրը՝ Լիլիթը, մի օր արթնացել ու ասել է․ “Պապան երազիս եկավ, ասեց՝ ես ողջ եմ, դիմեք “Կարմիր Խաչին”, որ ես դուրս գամ ստեղից”։

Վրեժն ու Դոնարան Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից են։ Վրեժը երբեք չէր երազել զինվորական գործի մասին, թեև  մարտական գործողությունների ժամանակ Արցախի մյուս տղամարդկանց նման նրան էլ էին կանչում պարտքը կատարելու։ Նա շինարար էր։ 44-օրյա պատերազմից հետո շինարար էր, արցախցիների համար տներ էր կառուցում։

Դոնարան պատմում է, որ շրջափակման օրերին շինարարությունը կանգնեց։ Իրենք այդ ժամանակ Ստեփանակերտում վարձով էին բնակվում, քանի որ Ավետարանոցը վաղուց հանձնված էր թշնամուն։

«Վրեժը ստիպված մտավ բանակ։ Որ ճամփեքը փակվեցին, 6 ամիս մնացել էր տանը, ասեց՝ չենք կարող այսպես մնանք, չենք կարող ապրել, որ գումար չի մտնում տուն։ Գնաց ծառայության։ Որ սեպտեմբերի 19-ի կռիվը սկսվեց, Շուշիի մատույցներում էր, սահմանին։ 5 օր էր, դիրքերում էր։ Նույն օրն էլ զոհվեց դիպուկահարի կրակոցից։ Գլուխն էր վնասվել», — պատմում է Դոնարան։

Վրեժ Բաղդասարյանի ու նրա ընկերների դիակները մի քանի օր չէին կարողանում դուրս բերել։ Հանեցին սեպտեմբերի 24-ին։

Այժմ ընտանիքը Էջմիածնում է։ Դոնարային թվում է, թե Վրեժն էլ է իր հետ, Էջմիածնում, որ նա մասնակցում է ընտանիքի կյանքին։ «Տենց օր չկա, որ ես նրան երազումս չտեսնեմ։ Իրա դեմքն եմ, տեսնում, ոնց որ  մեզ մոտ լինի, բան չի ասում, ուղղակի մեզ մոտ ա մնում։ Էս տան մեջ ես զգում եմ նրա ներկայությունը։ Ամեն օր խոսում եմ իրա նկարի հետ։ Պատմում եմ, ինչ եկավ մեր գլխին, իր երեխաների գլխին», — ասում է Դոնարան։

Նա չի աշխատում։ Երկու անչափահաս երեխաներին պահում է պետության աջակցության գումարներով։ 100 հազար միանվագ օգնության փողով  մի քանի ամսվա վարձ է տվել։ Սպասում է, որ մի դուռ կբացվի։ Տանը, որտեղ ապրում է, ամեն ինչ կա, բացի լվացքի մեքենայից։ «Լվացքը ձեռքով եմ անում։ Ոչինչ մեզ պետությունը չի տվել, մի քիչ սնունդ է տվել ,սկզբում, որ եկանք։ Բայց հիմա դա էլ չեն տալիս։ Ոչ մի բան։ Բայց մեզ Հայաստանից գոհ ենք, գոհ ենք, որ մ եզ ընդունեցին», — խոստովանում է Դոնարա Առաքելյանը։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest