Խաչատրյան Ռազմիկ։ Ասկերան քաղաքից։ Աշխարհազոր, կամավորագրվել է մեկ օր յա պատերազմին։ Մահացել է սեպտեմբերի 19-ին, մարտական դիրքում։ Հուղարկավորվել է այսօր, հոկտեմբերի 20-ին, Եռաբլուրում։ Մեկ ամիս պահանջվեց, որ Ռազմիկի մասունքը հողին հանձնվի։

«Ի՞նչ տարբերություն, մեկ օր, թ՞ե 44։ Կռիվը կռիվ է, հայրենիքի պաշտպանության համար է», — եղբայրն է ասում՝ Հարութ Խաչատրյանը։

10 հոգի անձնակազմ է եղել Ասկերանի 414-րդ դիրքում։ Ռազմիկը գնդացրորդն էր, ՊԿ գնդացիրի վրա էր։ «Էդ զենքին պոստի պապա ենք ասում։ Շատ հզոր զենք է։ Երեք վիրավոր տվեցին։ 10 հոգուց հինգը վիրավորներին տեղափոխեցին, ախպերս մնաց, ինքն ու օգնականն էին։ Օգնականին խփեցին։ Մենակով բոյ էր տալիս։ Ամեն տեղից մի 100 հոգի մտնում էր։ Երեք կողմից հարձակում գնաց։ Եղբայրս եւ  դիմացն էր պահում, եւ  ձախ կողմը։ Ասկերանի գետի  մոտի պոստն էր, չգիտեմ, լսած կա՞ք։ Թուրքերը երկար ժամանակ չեն կարողացել մտնել դիրք։ Ինքն ու իր օգնականը մինամյոտից մահացան», — պատմում է Հարութը հպարտությամբ։

21 տարեկան է։ Վերջին մեկ ամսում ծերացել է։ «Հոգով 50 տարեկան մարդ եմ», — ասում է։

Մինչև հողում ամփոփվելը, Ռազմիկ Խաչատրյանի մասունքները Ասկերանի 414 մարտական դիրքից պտտվել են տարբեր քաղաքների մորգերով, վերջապես հասնելով քաղաք Մասիս։  Նախ՝ բաց դաշտում է մնացել հերոսի  մարմինը, և մի քանի օր նրան մոտենալ հնարավոր չի եղել։ Դիակները կարողացել են հանել միայն 5-6 օր անց, սեպտեմբերի 24-25-ի որոնողական աշխատանքների ժամանակ։

Ռազմիկի մարմինը Ստեփանակերտի «մորգից» սառնարան մեքենայի մեջ են դրել, այլ դիակների հետ ու տարել են Գորիս։ Բայց սեպտեմբերի 25-ին եղավ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի բենզինի պահեստի պայթյունը, և պայթյունի զոհերին բերեցին Գորիսի դիահերձարան։

Ռազմիկ Խաչատրյանի և մյուս զոհված տղաների մարմինները ստիպված հանեցին Գորիսից, տարան տարբեր քաղաքներ։ Երբ Խաչատրյանները վերջապես տեղեկացան ԴՆԹ փորձաքննության  արդյունքներին, Ռազմիկի մարմինը Գյումրիում էր։ Հարութը մեծ եղբոր հետ գ նաց Գյումրի և Ռազմիկին բերեց Մասիս։  Ուրախ է, որ գոնե կարող է այցելել եղբորը Եռաբլուրում, ծաղիկներ տանել նրա շիրիմին։ Շատերը այդ հաճույքից էլ են զրկված։

Նույնականացման եզրակացությանը ընտանիքը սպասել է երկար։ Գրեթե մեկ ամիս։

Հարութ Խաչատրյանը գտնում է, որ մեղքը քննիչինն է։

«Մենք երկար ժամանակ համոզված էինք, որ դեռ եղբորս մարմինը չեն հանել։  Գնացինք քննչական, Երևանում, որ  հարցնենք, թե հանել են դիակը, թե չէ։ Քննիչը ասեց՝ ես ձեզ էս երկու օրը կզանգեմ, երբ պատասխանը գա։ Քննիչի դեմը  մի 100 թուղթ կար։ Մեծ եղբայրս էդ ժամանակ դիմացն էր նստած։ Պատահաբար աչքը կպավ ամենավերևի թղթին, տեսավ՝  իմ հեռախոսն է գրած մի անկյունում։ Ասեց՝  էս մերն ա ոնց որ։

Նոր քննիչը նայեց, տեսավ եղբորս եզրակացությունն է։ Թե, բա՝ կներեք, չէի նկատել։ Երկու օր է, թուղթը դիմացն է եղել, ինքը չի էլ տեսել։ Զինվորական քննիչ էր։ Երևի, երբ որ պարապ լիներ, կզանգեր, կասեր, եկեք վերցրեք ձեր թուղթը։ Եթե եղբայրս չնկատեր, եսիմ երբ ասեին», — պատմում է Հարութը, նշելով՝ իհարկե, լավ քննիչներ էլ կան, բայց էս մեկը․․․ ո՞ նց կարող էր այդպես անել։

Ռազմիկի մահը միակ ողբերգությունը չէ, որ պատուհասել է ընտանիքին  վերջին մեկ ամսում։ Սեպտեմբերի 30-ին Մասիսի քաղաքային գերեզմանոցում Հարութն ու նրա հարազատները հուղարկավորեցին Ասկերանի Սառնաղբյուր գյուղում սպանված երեխաներին՝ տասնամյա Միքայել Ղազարյանի և ութամյա Նվեր Ղազարյանին։

«Իմ եղբոր երեխեքն էին։ Ես նրանց տարել էի Ստեփանակերտ, ընդեղից երեխեքին տարա Մասիս, չկարողացա բարձրանալ պոստ, եղբորս կողքին լինել, երեխեքի հետ էի։ Ինչ ասես, լսում էինք, որ երեխեքի վիզը կտրել են, տենց բան չկա, մինալյոտ էր, ասկոլկից են մահացել, երեխեքս», — հիշում է Հարութը։ Մահացած երեխեքի մասին խոսում է այնպես, ասես նրանք ողջ են՝ երեխեքին  տարա Գորիս, երեխեքին տարա Մասիս, երեխքը հիմա Մասիսում են։

Ասում է, որ Ասկերանում  ինքն անձամբ վայրագություններ չի տեսել։ Բայց համեմատելով սեպտեմբերյան դեպքերը 44-օրյա պատերազմի հետ, մի մեծ տարբերություն է նկատել․ այն ժամանակ զինվորներին էին սպանում, մորթում, գերի վերցնում։ Բայց հիմա թիրախում նաև խաղաղ  բնակիչներն էին։

«Աղջիկներին բռնաբարել են գյուղերում, երեխեքին տանջել են։ Ես չեմ տեսել, բայց մարդիկ են պատմում։ Մեծ կին կար Մարտակերտի գյուղերից մեկում։ Ամսի 18-ին էդ կնոջը ադրբեջանցիները բռնեցին, տարան իրենց պոստ, ծեծեցին, ասեցին՝ թոռ, կամ տղա ունե՞ս, որ ծառայում  է։ Կինն ասել է՝ ոչ, չունեմ։ Հետո զանգել են իրենց հրամանատարին, հարցրել են, ի՞նչ անենք։ Հրամանատարն էլ ասել է, եթե չունի ծառայող երեխա, թողեք գնա, բայց եթե զինվոր տեսնեք, ջահել տղա, մորթեք։ Էդ կինը գիտեր թուրքերեն, ինքն է հետո պատմել։ Էդպես էլ անում էին»։

Խաչատրյանների ընտանիքը հիմա Մասիսում է, որպես ժամանակավոր տուն ծառայող ամառանոցում։ Ջուրն ու գազը դրսում են։ Ուտելիքը դրսում է՝ պատրաստվում։ 7 հոգամոց ընտանիքը մեկ մահճակալ ու մեկ բազմոց ունի, բայց չի բողոքում։ Ասկերանից 3-4 դոշակ են բերել։ Մի քանի հոգի գետնին են քնում։ Լվացքի մեքենա, ինչ որ իրեր տվել են մարդիկ։ «Կարմիր Խաչն» է մի անգամ օգնել։ Սնունդ, հիգիենայի պարագաներ է տվել։ 7 հոգուց երեքը միանվագ օգնություն են ստացել՝ 100 հազար դրամի տեսքով։ Մյուսների 100 հազարները չեն նստել։ Պետությունն էլ ոչինչ չի արել ընտանիքի համար։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest