Իրավապահները լուրջ պայքար է սկսել «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ։

Forrights.am-ի տեղեկություններով, օպերատիվ տեղեկություններ իրացնելով, իրավապահները խուզարկություններ են իրականացրել կալանավորների խցերում և բազմաթիվ արգելված իրեր են բացահայտել։

Կալանավորված անձանցից մեկը՝ Ա․Գ-ն, որի խցում հայտնաբերել են հեռախոսներ, խմիչք, այլ արգելված իրեր, անսպասելիորեն հայտնել է իրավապահներին, որ «Կլորներում» թմրամիջոցներ են «պտտվում» և որ այդ գործում ներգրավված են ե՛ւ դատապարտյալները, ե՛ւ հիմնարկի աշխատողները։

Տեղեկությունը ստանալուց հետո Ազգային անվտանգության հատուկ ջոկատայինները ռեյդ են իրականացրել  «Նուբարաշենում»։ Զինյալ ԱԱԾ-ականները  մտել են խցեր, բերդի աշխատողների աշխատասենյակներ, որից հետո խուզարկություններ են իրականացրել  նաև կալանավայրի ղեկավար աշխատողների տնրեւոմ։ Մեր աղբյուրը հայտնում է, որ նրանցից մեկի տանը հայտնաբերվել են ընդամենը փամփուշտ, սակայն  թմրամիջոցներ չեն գտել։

Օրերս սակայն այս գործով, որի շուրջ լիակատար գաղտնիություն  է պահվում, որոշ տեղաշարժ է նկատվել։ Նույնիսկ կան կալանավորված անձինք։  Պարզվել է, որ թմրամիջոցների շրջանառության մեջ ներգրավված են եղել բերդի բժիշկները։

Մեր աղբյուրը իրավապահ մարմնում հայտնում է, որ այս պահի դրությամբ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալների բուժսպասարկում իրականացնող երեք բժիշկ կալանավորված են։ Նրանց թվում կա կին։

Մենք փորձեցինք պաշտոնապես ճշտել տեղեկությունը։ Քրեակատարողական ծառայությունից հայտնեցին, որ պետք է դիմել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, քանի որ այս ՊՈԱԿ աշխատողներն են զբաղվում դատապարտյալների բուժսպասարկման հարցերով։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նաիրա Բաբայանը Forrights.am-ի հարցմանը տարօրինակ պատասխան տվեց․ «Եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, նախաքննությանն է վնասելու, եթե ոչ՝ հերյուրանք է լինելու։ Ես ձեր այդ հարցին չեմ պատասխանի»։

Դիմեցինք նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, խնդրելով ճշտել տեղեկությունները, որ օրերս հատուկ ջոկատայինները ավտոմատներով մտել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և խուզարկություններ են կատարել տարբեր խցերում, աշխատողների աշխատասենյակներում և տներում, փնտրելով թմրամիջոցներ։

ԱԱԾ-ից ստացանք պատասխան, որում ասված է․ «Ձեր կողմից նշված քրեակատարողական հիմնարկում համապատասխան գործողությունները կատարվել են ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում»։

Քննչական կոմիտեից տեղեկություններն առայժմ ճշտել չի հաջողվում։

Հ․ Գ․ Մեր տեղեկություններով, կալանավորված անձը՝ Ա․Գ-ն, որը իրավապահներին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ տվյալներ է հայտնել, նախկինում պայմանական ազատազրկման է դատապարտված եղել ապօրինի թմրամիջոցների ձեռք բերման և իրացման գործով։

Նա Լոռու մարզի բնակիչ է։

Ա․ Գ-ից  հանցագործության մասին հաղորդում վերցնելուց հետո, նրան տեղափոխել են «Երևան-Կենտրոն> քրեակատարողական հիմնարկ, քանի որ նրա գտնվելը «Կլորներում» կարող անվտանգ չլինել։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest