«Սեւան» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալների հացադուլը այսօր դադարեցվել է։ Նախ, հացադուլից հրաժարվեցին  3 ցմահներ, ապա նաև բոլորը։ Քրեակատարողական ծառայությունից բացատրում են, որ պատճառը հացադուլավորների հետ տարված բացատրական աշխատանքներն են։ Սակայն հասկանալի չէ, թե ինչ կարելի է բացատրել 20 եւ ավելի տարիներ ճաղավանդակների հետևում անցկացրած, բազում հացադուլների միջով անցած բանտարկյալներին։

Դատապարտյալների հարազատները պնդում են, որ նրանք հացադուլը դադարեցրել են առողջական պատճառներով։ «Բոլորի առողջությունը քայքայված է», — Forrights. am-ին հայտնում է հացադուլավորի հարազատը։ Չի բացառվում նաև, որ ցմահների դեմ ճնշում է գործադրվել։

Հացադուլը սկսվել էր նոյելբերի 27-ին։ Ցմահ դատապարտյալներին անցնող օրերին այցելել են արդարադատության փոխնապխարարներից մեկը, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ։  «Ոչ մի առանձնապես բան չեն ասել։ Ուղղակի խոստումներ են տվել, ոնց որ միշտ, թե մենք ձեզ խնդրում ենք հացադուլից հրաժարվեք, մենք ձեզ կարող ենք մասնակից դարձնել օրենքների ընդոնմանը, դուք մեզ բացերը ներսից ցույց կտաք, իբրև թե չգիտեն, նոր պետք է ցույց տան։ Այս պահին սպասողական վիճակ է», — ասում է հացադուլավորներից մեկի հարազատը։

Հիշեցնենք՝ ըստ ՔԿ ծառայության տարածած տվյալների, խմբակային հացադուլի առիթն այն է, որ ցմահներից մեկին մերժել էին  տեղափոխել ավելի մեղմ ռեժիմ, դատարանները եւս չեն բավարարել դիմումը, դատապարտյալն անժամկետ հացադուլ է հայտարարել, մյուսները միացել են նրան։

Պահման ռեժիմների աստիճանական մեղմացման նոր կարգը սահմանվել է 2019-ին, երբ ուժի մեջ մտան Քրեակատարողական օրենսգրքի փոփոխությունները, եւ սահմանվեց, որ ցմահ դատապարտյալը դրական վարքագիծ ունենալու դեպքում, 15 տարի պատիժը կրելուց հետո կարող է տեղափոխվել կիսափակ ռեժիմի, 18 տարի հետո` կիսաբաց ռեժիմի, իսկ առնվազն 20 տարի կրելուց հետո` բաց ուղղիչ հիմնարկ։ Օրենսդրական փոփոխությունը, սակայն, պրակտիկայում մեծ դժվարությամբ է կիրառվում։

Վերջին 4 տարում ռեժիմի փոփոխության առանձին  դեպքեր եղել են, սակայն ավելի հաճախ դատախազության` պատիժների նկատմամբ հսկողության վարչությունը չեղալ է համարել մեղմ անվտանգային  գոտի տեղափոխման որոշումները և ցմահներին վերադարձրել են նախկին կոշտ պայմաններին։

Ցնահ դատապարտյալների հարազատներից մեկը մեզ փոխանցեց ցմահ դատապարտյալների 14 էջանոց բաց նամակը ուղղված ՀՀ իշխանություններին և ճաղավանդակից ուրս գտնվող հանրությանը։

«Մենք , դատապարտյալներս, հետևելով հին քրեակատարողական օրենսգրքին, անցնելով վերասոցիալիացման ծրագրերը, որոնք նախատեսված էին , ստանալով կրթություն, ձեւավորեցինք դրական վարքագիծ, ինչի շնորհիվ արժանացանք կիսաբաց ռեժիմում պատիժը կրելու հնարավորությանը։ Բայց կատարվեց այն, ինչը խաթարեց մեր ընթացքը։ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտավ նոր քրեակատարողական օրենսգիրքը, որը նախատեսում էր ռեժիմային  այլ գոտիներ և պայմաններ։ Եթե հին օրենսգրքով մենք մեր պատիժը կրելով փակ, կիսափակ, ապա կիսաբաց ռեժիմում ձգտում էինք բաց ռեժիմի, ապա նոր օրենսգիրքը նոր խաղի կանոններ սահմանեց։ Ըստ դրա սահմանվեցին  բարձր, միջին և ցածր անվտանգային գոտիներ, որոնք ուն են բազմաթիվ ենթագոտիներ, խիստ և մ եղմ պայմաններով։ Զդրանց միջև մ եծ տարբերություն չկա։ Դրանք երկարացրեցին մեր ճանապարհը դեպի ազատություն։ Ավելի են խոչընդոտում մեր պահման ռեժիմների մեղմացման գործընթացին։ Ուստի այս փոփոխությունը մենք դիտարկում ենք որպես մեր վիճակը վատթարացնող օրենսդրական ակտ, որը չպետք է կիրառվեր մեր նկատմամբ։ Խախտվել է մեր սահմանադրական իրավունքը», — գրում են դատապարտյալները։

Քրեակատարողական ծառայությունից Forrights.am-ին տեղեկացրեցին, որ «Սևան» քրեակատարողական հիմնարկում առավել ցածր անվտանգային գոտի տեղափոխվելու կապակցությամբ հացադուլ հայտարարած 7 ցմահ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը։

«Նոյեմբերի 30-ին դատապարտյալներից երկուսը, առողջական խնդիրներից ելնելով, քրեակատարողական հիմնարկի ծառայողների, ինչպես նաև բուժաշխատողների բացատրական աշխատանքների արդյունքում դադարեցրել էին հացադուլը։

Դեկտեմբերի 3-ին հացադուլից հրաժարվել էր ևս մեկ դատապարտյալ։ Դեկտեմբերի 4-ին մնացած 4 ցմահ դատապարտյալները «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի հերթական ընդունելությունից և տարված բացատրական աշխատանքներից հետո դադարեցրել են հացադուլը»։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest