Գևորգ Սարգսյանը զոհվել է Մարտակերտում, իր հարազատ Մոխրաթաղ գյուղի մոտակա դիրքում։ Գյուղի ջրամատակարարման հիմնարկում էր աշխատում։ 6 երեխա ուներ՝ երեք տղա, երեք աղջիկ։ Սկզբից մենակ ջահելներին էին  ուղարկում  պոստերը պահելու։ Որ թշնամին չմտնի։ Հետո տեսան՝ երիտասարդները քիչ են, անկախ տարիքից բոլոր տղամարդկանց արդեն սկսեցին ուղարկել դիրքեր։ Հերթափոխով։ Գևորգ հոկտեմբերի 1-ին դառնում էր 42 տարեկան։ Իր ծննդյան օրը նրա անգլուխ մարմինը Երևանի ճամփեքին էր։

Գևորգ Սարգսյանը իր շան  հետ էր «պոստը» պահում։ Որ թուրքը մոտենում էր, շունը հաչում էր։ Մեքենայի անվադողերը ևս հուսալի պաշտպանական միջոց էին Մոխրաթաղի դիրքում։ Դրանցով պատսպարվում էին կրակոցներից։

Սեպտեմբերի 9-ին իրիկունը, ժամը երկուսին զանգեցին՝ Գևորգ, թե կարաս, իջի Մարտակերտ։ Գնաց։ Թուրքին կպած ամենամոտիկ պոստն էր, առաջին գիծ։ 10 օր  մնաց։ Ամեն օր զանգում էր մայրիկին՝ Անահիտ Սարգսյանին։ Սեպտեմբերի 22-ին հետ էր գալու։ Բայց ամսի 19-ին Մոխրաթաղի բնակիչները՝ մի 200-300 ընտանիք, լսեցին կրակոցներ, պայթյուններ, դրմբոցներ, դաշտերի մեջ կրակ տեսան։  Հեռախոսակապն ու հոսանքը կատրվեցին։
Էդ գիշեր էր, որ Անո մայրիկը երազ տեսավ։ «Երեխես իր ընգերին էր կանչում՝ Կարենին՝ Կարեն, Կարեն, օգնի, չեմ կարում դուրս գամ։ Էդ ընգերը՝ Կարենը իրան միշտ օգնում էր, ախբոր պես էին, բայց Կարենին Մարտակերտում օձը կծել էր, նա դիրքերում չէր։ Տանը պարկած։ Կարենին ասեցի՝ Կարեն, Գևորգը քեզ էր կանչում՝ որ օգնես իրեն, կարո՞ղ ա,  մի բան իմանաս տղիցս։ Կարենն ասավ՝ գիտի, որ օձը կծած ա ինձ, չեմ կարա օգնեմ, ինչ՞ի ա քեզ ասել։ Էն ա՝ էդ էրազն էր, երեխուս էլ ոչ ձենը լսեցի, ոչ մի բան», — պատմում է Անո մայրիկը։

Նրան երկար ոչ ոք չի ասել որդու մահվան մասին։ Շատերին է զանգել Անոն։ Մեկն ասում էր՝ երևի, Երևան են տարել, մյուսն ասում էր՝ վիրավոր ա, երևի։ Այդպես տագնապով Անո մայրիկը հասավ Վայք, հետո Արմավիր, հետո Ուջան։

«Ոչ մի բան չվերցրինք։ Մտածում էինք, կարող ա, Գորիսում մնանք, էլի հետ գնանք մեր տունը։ 8 գլուխ անասուն, տուն տեղ թողեցինք,  մենակ շորեր ու մի երկու դոշակ վերցրեցինք։ Բայց չէ։ Գնացինք, ու գնացինք։ Արմավիրում զանգեցի տղուս կամանդիրին, Հարութին, ասեցի՝ հիմա Երևան եմ, գոնե հիմա իմ տղուս տեղը ասա։ Ասեց՝ մայրիկ, դե ի՞նչ ասիմ, էն ա, բերելու ենք Եռաբլուր։ Տղեքդ էլ գիտեն, տեքոր տղեքն էլ գիտեն», — սաղ աշխարքը, Երևան պտտած, Երևանի դիահերձարանում իր երեխն գտած կինը։

Գևորգն անգլուխ է եղել։ Ադրբեջանցիք նրան գլխից են խփել։ Իսկ Անո մայրիկը իր երեխուն կրծած եղունգից է ճանաչել։ «Ինքն իրա մատերը կրծելիս ա եղել։ Էն ա, եղունքներից ճանաչել ենք, որ ինքն ա։ Թեւերի վրա նշաններ են եղել։ Ոտքերի վրա էլ։ Դրանցից ենք իմացել, որ ինքն ա։ Էնպես ա երեխուս խփել, որ գլուխը ցրիվ ա տվել։ Բայց ինքն ինձ ձեն ա տվել, վիրավոր ա։ Ու իմ երեխուն չեն կարեցել փրկեն», — մխկտում է Անո մայրիկը։ Երազը գլխից դուրս չի գալիս։

Գևորգի հոգեհանգիստը հոկտեմբերի 4-ին էր։ Եռաբլուրում։ Անո մայրիկը մտահոգ էր՝ ոնց է գտնելու որդուն։ «Տանը որ մեկը մահանում ա, սանդուղը /դագաղը/ բաց է լինում։ Բայց գնացինք՝ սանդուղ չի եղել բաց։ Ղարաբաղի դրոշակը երեխուս վրին գցած։ Գնացինք, տեսանք, լացինք։ Ամսի 4-ին  մնաց էդտեղ, ամսի 5-ին հանձնեցինք հողին։ Էդ օրը միջնակ աղջկա ծնունդն էր։ Ասեց՝ պապան միշտ տորթ էր բերում, մոմերը վառում , փչում էին, ինչ՞ի պապան չկա։ Երեխուն էդ օրը գերեզման չէինք տարել, որ ծնունդի օրը չտխրի։ Ամսի 19-ին էլ իրա մահվան օրը, 8 տարեկան երեխի ծնունդն ա եղել»։

Անո մայրիկը ժամանակավոր ապրում է Ուջանում։ 12 հոգանոց ընտանիքի հետ  200 հազար դրամով տուն է վարձակալել։  Պետությունից ոչինչ չի ուզում։ Մենակ, որ իրեն 4 պատ տան, մի որևէ «գյուղարանքում», Եռաբլուրից ոչ հեռու։ Որ իր լացն ուրիշի տանը չլացի, ու որդուն կարողանա տեսնել։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest