Սեպտեմբերի 16-ին ձերբակալված  ՊՆ լրատվական վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ տնային կալանք և գրավ է կիրառվել։ Այս մասին Forrights.am-ին հայտնեց Ալթունյանի պաշտպան Գոռ Սաղոյանը։

Ալթունյանը ՊՆ-ում ունեցել է կազմակերպական-տնօրինչական գործառույթներ և  2019-2021 թվականներին նախարարի կողմից նշանակված է եղել ՊՆ կարիքների համար կազմակերպված երեք մրցույթների պատասխանատու։

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության, պաշտոնեական դիրքն օգտագործելով  «DASARAN.AM» ապրանքային նշանի սեփականատեր Ս.Ա.-ի և գնումների հայտերը նախագծած անձանց օժանդակությամբ, կեղծ տեղեկություններ է մտցրել պաշտոնական փաստաթղթերի մեջ և խաբեությամբ « 2019-2021 թվականների ընթացքում պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ»։

Գոռ Սաղոյանն ասում է, որ իր պաշտպանյալը ոչ միայն  չի ընդունում իր մեղքը, այլև տեղյակ չէ, թե ինչ փաստաթղթեր կեղծելու մասին է խոսքը։ «Ըստ էության, չկա մեղք, որ ընդունի։ Իրենց տեսանկյունից որոշակի նյութեր ներկայացվել են, բայց մենք անպայման կօգնենք վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի այս թյուրիմացությունը պարզվի», — ասում է Գոռ Սաղոյանը։

Ի՞նչ գործարքի մասին է խոսքը և ովքե՞ր են դրա մասնակիցները։

Մեր տեղեկություններով, Պաշտպանության նախարարութունը «DASARAN.AM» կայքին պատվիրել է զորակոչի կազմակերպման վերաբերյալ տեղեկատվական նյութերի պատրաստում և հրապարակում։

Այս կայքի սեփականատեր և հիմնադիրն է Սուրեն Ալոյանը։ Նա, ինչպես նաև «Նոր սերնդի դպրոց »  ՀԿ-ի և «Էլ Ջի Մեդիա» կազմակերպության ներկայացուցիչները, որոնց հետ համատեղ կատարվել է ՊՆ պատվերը, ևս ձերբակալվել էին։ Նրանց բոլորին կասկածում են ՊՆ-ից գումարներ դուրս գրելու ու հափշտակելու մեջ։

Գևորգ Ալթունյանի փաստաբան Գոռ Սաղոյանը հայտնեց նաև, որ թեև իր պաշտպանյալին մեղադրում են խարդախության  և պաշտոնեական կեղծիքի համար, նա նման արարք չի կատարել։

«Մեզ համար անհասկանալի մնաց, թե ինչոմ է կայանում պաշտոնեական կեղծիքը և խարդախությունն ինչպես է դրսևորվել։ Շատ անհասկանալի մեղադրանք է։ Այդ մասին իր ցուցմունքում նաև հայտնել է Գևորգ Ալթունյանը։ Հաշվի առնելով, որ ՊՆ կարիքների համար էր  մրցույթը, շատ մանրամասների մեջ չմտնեմ, բայց խոսքը գնում է ինչ որ անապրանք գործարքի մասին։ Գևորգ Ալթունյանը համապատասխան փաստաթղթեր է ստորագրել, որոնցով ՊՆ-ից նշված ընկերությանը դրամական փոխացումներ են եղել, որոնք Ալթունյանն ու այսպես ասած՝ խմբի մյուս անդամները հափշտակել են։ Իրականում որևէ անապրանք գործարք չկա։ Այսինքն՝ ըստ մեղադրանքի, դա ֆիքցիա է եղել փող դուրս գրելու համար։ Բայց պրոդուկտը պատրաստվել է ու հանձնվել է այն մարմիններին, որոնք եղել են պատվիրատու՝նախ՝ անվտանգության խորհրդին, հետո նաև ՊՆ-ին։ Այսինքն՝ այդ ապրանքը պատրաստվել է, գոյություն ունի օբյեկտիվ իրականության մեջ և հասել է պատվիրատուին», — ասում է Գոռ Սաղյանը։

Dasaran.am կայքի ստեղծող Սուրեն Ալոյանը ներկայում ազատության մեջ է, նրա նկատմամբ կիրառվել է գրավ 1 մլն դրամի չափով։

Ալոյանի պաշտպան Լևոն Սահակյանը պնդում է, որ իր պաշտպանյալը որևէ փաստաթուղթ չի կեղծել, որ բոլոր փաստաթղթերը կազմվել ու կնքվել են օրենքով սահմանված կարգով, իսկ ծրագիրը, որի համար ՊՆ-ն գումարներ է տրամադրել, պատրաստվել է 2-3 տարի,  ապա հանձնվել է ՊՆ-ին։ «Փաստորեն, իմ պաշտպանյալը հանձնել է ծրագիր անթերի որակի, պատշաճ կատարված։ Իմ  պաշտպանյալի կողմից պատրաստված ծրագիրը գործարկվել է ՊՆ-ի կողմից, թ՞ե ոչ, ինչո՞ւ չի գործարկվել, ՊՆ-ի ո՞ր աշխատակիցն է դրա համար մեղավոր, չեմ կարող ասել։ Փաստացի, ծրագիրը չի օգտագործվել հետագայում։ Բայց փաստաթղթային խնդիր չի եղել, որևէ դիտողություն, առաջարկ, խնդրանք ՊՆ-ի կողմից չի եղել», — ասում է Լևոն Սահակյանը Forrights.am-ին։

Գևորգ Ալթունյանը հատկապես ճանաչված է լրագրողական շրջանակում։ Նախկինում հեռոստամեկնաբան, քաղաքական վերլուծաբան, նա միշտ իշխանությանն է ծառայել։ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 2012-2016 թվականներին ղեկավարել է Հանրային հեռուստաընկերթյան ինֆորմացիոն անալիտիկ բաժինը և վարել է «Տեսանկյուն՞ հաղորդումը։ Մինչ այդ աշխատել է մի շարք այլ ԶԼՄ-ներում։

ՊՆ-ում որպես ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Գևորգ Ալթունյանը աչքի է ընկել նրանով, որ չէր պատասխանում լրագրողների հարցերին։ Նրա բջջայինը որպես կանոն անհասանելի էր։ Նա հայտնի էր որպես ամենաանհաղորդ խոսնակ։

Այս ողջ պատմության մեջ թերևս, ամենազարմանալին ոչ թե մեղադրանքն է, այլ այն, թե ինչ գումարներ են փոշիացվել ՊՆ-ի կողմից։ Այն դեպքում, երբ զինվորները չունեն տարրական սաղավարտներ, զրահաբաչկոններ, գիշերային տեսանելիության սարքեր, ՊՆ-ն զորակոչի մասին տեղեկատվական նյութեր է պատրաստում ամեն տարի ու հարյուրավոր միլիոններ է ծախսում այդ նպատակով։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest