Սեպտեմբերի 20-ին Մաղավուզի կրակային դիրքում զոհված պայմանագրային զինծառայող Արմեն Առաքելյանի կինը՝ Անուշը, երազանք ոնի՝ որ իր Արմենին, , Թալիշի և 44-օրյա պատերազմների մասնակից, հերոսի կոչում տան։ Արցախի արիության մեդալ նա ունի։ Բայց Անուշին հերոսի կոչում է պետք։

3 երեխայի մայր,  անապահով, խառը կյանքի մեջ, օտար քաղաքում հայտնված Անուշ Սարգսյանը ոչ մի սոցիալական պահանջ չի դնում։ Հերոսի կոչում է ուզում Արմենի համար։

ՊՆ-ի տեղը չգիտի, ինչ թղթեր պիտի տանի՝ նույնպես։ Բայց պատրաստ է գնալ, գտնել այն ամենակարող պաշտոնյային, ով կգնահատի իր Արմենին, կհասկանա, որ Արմենը կարող էր չանել այն, ինչ արեց, ու հիմա ողջ կլիներ, իր երեք երեխաների կողքին։

 

Չգնաց դիրքից, որ գյուղեր չմտնեն, մորթեն

«Նրա սխրանքը հանուն ոչնչի չէր, եթե նա շուտ հեռանար կրակային դիրքից, հարևան գյուղերի բնակիչներին մորթելու էին։ Հարևան գյուղի բնակիչների, երեխաների կյանքն է փրկել Արմենը։ Նա ընդամենը վարորդ էր, ու կարող էր մեքենան քաշեր մի կողմ ու էլ չմասնակցեր ոչնչի։ Մեկ է, պուշկի սնարյադները բերել էր, տվել էր կրակողին։ Հիմա երեխեքի ու իմ կողքին կլիներ։ Բայց չգնաց․․․», — ասում է Անուշ Սարգսյանը ու մեր կայքի՝ Forrights.am-ի խնդրանքով կրկին պտտում է հազար անգամ տեսած կինոն այն մասին, թե ինչպես էին մարդ ու կին աշխատում Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի հիվանդանոցում՝ ինքը բուժակ, Արմենը՝ շտապօգնության վարորդ, ու ոնց հետո սկսվեց․․․

Այդ կինոյի դրվագները, ամուսնու ձայնը, Դ-30 հրետանային մարտկոցի կրակային դիրքում նկարված տեսանյութը  նա պահում  է իր հեռախոսի մեջ, բոլորին ցույց է տալիս, միացնում է, որ լսեն։

«Ապրում էինք հարևան գյուղում՝ Վերին Հողաթաղում։ Գետավանում աշխատում էինք։ Նա վարորդ էր, հիմնականում նրա մեքենան սնունդ էր տեղափոխում։ Ամսի 19-ին մենք «սմենի» էինք, կանչի էինք։ Հիվանդ երեխու մոտ էի, որ սկսվեց։  Վազելով եկավ, ասեց՝ քեզ  տանում եմ հիվանդանոց, ես գնամ դիրքեր, վիճակը լավ չի։ Ասեցի՝ ուր ես գնում, չհասցրեցի պահել իրան։ Գնաց շտապօգնության մեքենակով, իր պապային ուղարկեց ինձ մոտ, որ մնա մոտս։ Հիշում եք, էդ օրերին, վառելիք չկար։ Սալյարկա ա խնդրել սրանից, նրանից, գնացել ա դիրքեր։ Ու մեր գյուղի տակից՝ Դրմբոնից, 4 ռեյս սնարյադներ ա տարել»։

 

«Ռուսներին չգիտես, ոնց համոզել, ռուսական ավտո ա ճարել»

Անուշին հետագայում տղաները պատմել են, որ Արմենի մեքենան կրակահերթի տակ էր ընկել, հետնամասը ջարդվել, շարքից դուրս էր եկել։  «Հորքուրի տղան ասել է՝  Արմեն, արդեն քանի ռեյս տարել ես սնարյադը, ավտոդ խփած ա, դու հրաշքով փրկվել ես, մնա, էլի։ Կատաղել ա, ասել ա՝ էս ի՞նչ եք խոսում, շուտ արեք, 4 պոստի պետք է զենք հասցնեմ, զինվորները կրակի տակ են, վիրավոր։ Իր ջարդված ավտոն թողել ա, ռուսներին չգիտես, ոնց համոզել, ռուսական ավտո ա ճարել, ու հիմա էլ դրանով ա սկսել սնարյադ կրել։ Սեպտեմբերի 19-ին ամբողջ օրը Արմենը սնարյադ ա հասցրել  Մաղավուզի դիրքեր», — հպարտությամբ պատմում է Անուշը։

Ամուսնու ընկերները, որոնք բոլորն էլ ողջ են, բացի  մեկից՝ զամպալիտից,  փոխանցել են Անուշին Արմենի խոսքը․ «Տղաներ, էլ փախչելու տեղ չկա, եթե «պուշկեն» չաշխատի, մտնելու են գյուղեր։ Պիտի մնանք»։

Եւ իրոք, այդ ուղղության վրա Մաղավուզի մոտ հակառակորդը զինտեխնիկայի մեծ կորուստներ է ունեցել, դա հաստատել է Արցախի ՊԲ-ն։

Անհնազանդ կրակային դիրքի դեմ ադրբեջանցիները ավիացիա են կիրառել, դիրքի միակ մարտկոցը լռեցնելու համար։

«Ամսի 20-ին մենք աէրոպորտում էինք։  Ես անհանգսիտ էի՝ չզանգեց, չզանգեց, կրակոցներն այնքան շատ էին, ամբողջ երկայնքով լսվում էին կրակոցները։ Այդ օրը մեքենայի մեջ քնեցինք։ Հաջորդ օրը մեզ ասեցին, որ դիրքերից են զանգել են, ասել են՝ Արմենը չկա։ Դա եղել է կրակը դադարելուց մեկ ժամ առաջ։ Բոլորը փախել են, երկու մարդ է զոհվել՝ Արմենն ու զամպալիտը։ Կրակողը նույ նիսկ փկվեց,  ինքն ու զամպալիտը խրամատում են եղել։ ռուսերեն «Г» տառի պես խրամատ է եղել» , — ասում է Անուշը։

Նրան նաև պատմել են, որ Արմենը անընդհատ իր մասին է հարցրել՝ իր ու երեխաների։ Ասել է՝ «տենաս, երեխեքը ո՞նց եղան», անընդհատ ուղեղում ընտանիքն է եղել։

«Պետք է լաց լինեի, ասեի՝ Արմեն ջան, վախում եմ, երեխեքը լացում են, արի։

«Մի անգամ հասցրեց ինձ զանգի, ասեցի՝ թուրքերը մտել են Գետավան։ Լռեց, լռեց, մի բառ ասեց՝ չվախենաս։ Ես շատ  չբողոքեցի, մտածեցի՝ իրան դուխ տամ, չլացեմ։ Բայց իզուր։ Պետք է լաց լինեի, ասեի՝ Արմեն ջան, վախում եմ, երեխեքը լացում են, արի։ Կարո՞ղ ա գար», — հարցնում է մեզ։

Այդ պահին, երբ Արմենը զանգել էր, Անուշն ու երեխաները մեքենայի մեջ էին, գնում էին դեպի Ստեփանակերտի օդանավակայան, կրակահերթի տակ էր։ Մարդիկ դուրս էին գալիս գյուղերից, և նրանց զուգահեռ ադրբեջանցիներն էին մտնում գյուղեր։  « Վաղուհասի, Գետավանի ուղղությամբ էնքան են խփել, սաղ տները փլվել են, մարդիկ՝ պադվալներում։ Եկանք Դրմբոն։ Էդ գշերը  մնացել ենք, ոչ ոք ոչինչ չի ասում, մեկը ասում ա, մոստին խփել են, մեկը թե չեն խփել։ Լուսադեմին եկանք դեպի քաղաք։ Առավոտը Ստեփանակերտում էինք, ու Արմենին բերեցին։  Հետնրես բերինք Երևան, Եռաբլուր»։

6 հոգանոց ընտանիքը ապրում է սիլիկյան թաղամասում։ 300 հազար է վճարում որպես տան վարձ։ Բայց էլ փող չունեն։ Մի քանի օրից տեղափոխվելու են Բյուրեղավան, ավելի մատչելի տուն են գտել այնտեղ։ «Ոչինչ, — ասում է երիտասարդ կինը, — կապրենք, մենակ թե Հայաստանում  Արմենի սխրանքների մասին իմանան, նրան հերոսի կոչում տան»։

Մի քանի օր առաջ նրան զանգել են ռազմական գերատեսչությոնից, Արմենի թղթերն են ուզել։ Անուշը ոգևորվել է, հույս դրել, որ սայլը տեղից շարժվում է։ Բայց այսօր, Արմենի մահվան 40 օրվա կապակցությամբ արթնացել է, մտածել է ամուսնու մասին ու  գրել բառեր, որոնք հակասում են իր մինչ այդ ունեցած մտքերին․

«Ես այս 40 օրերին տեսա իմ մահը առանց մահանալու։ Ասում են, որ դու այսօր վերջնական լքում ես երկնային կյանքը։ Ես մի կերպ ընդունեցի իրականությունը, հիմա էլ կարոտն է խեղդում։ Այն փորձում եմ առնել մեր երեխաներից, մեկի ժպիտի մեջ քո ժպիտն եմ տեսնում, մեկի հայացքի մեջ քո հայացքն եմ փնտրում ։ Ինձ պատմել են, թե դու ինչպես ես կռվել հերոսաբար, բայց ցավոք մի բան հաշվի չառար՝ որ մեզ հերոս պետք չէր, մեզ համար դու հերոս էիր ծնվածդ օրվանից»։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest