Փետրվարի 10-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած աղմկոտ միջադեպի հերոսը, Հրապարակը գրոհած «Համերի» վարորդ, Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանը, արդեն կես տարի է` կալանավայրում է։ Նրա հարազատները չունեն որևէ տեղեկատվություն նախաքննության ընթացքի վերաբերյալ։ Հանրային պաշտպանն էլ, ինչպես Գեղամի հայրն է ասում՝ «պետական փաստաբան» Տիգրան Գրիգորյանը, պնդում է, որ չունի պաշտպանյալից տեղեկատվություն տալու հանձնարարություն։

Այսպես, լիակատար գաղտնիության պայմաններում ընթանում է հանրային մեծ հետաքրքրություն ունեցող և հնչեղություն ստացած գործը, ինչն անթուլատրելի է, քանի որ Գեղամ Սահրադյանը սովորական կալանավոր չէ։ Նա երկու պատերազմ է անցել, իսկ 44-օրյա պատերազմի օրերին Վարանդայում (Ջաբրայիլ) կռվելով, հանել է շրջափակումից 5 զինվորների և փաստացի փրկել է նրանց կյանքը։

Նա հոգեկան առողջության խնդիրներ ունի, սակայն պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ընդհանուր խցում։

Նրա հայրը՝ Արթուր Սահրադյանը, պատմում է, որ որդին երկար ժամանակ թմրանյութ  է օգտագործել, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, զառանցական մտքեր ունի, բուժվել է «Նուբարաշենի» հոգեկան առողջական կենտրոն, մի քանի անգամ փախել է հիվանդանոցներից։ Նա հաշվառված է նարկոդիսպանսերում։

«Նրան բուժել է պետք, հարկադիր բուժման ուղարկել, գոնե հիվանդանոցում պահեն, ախր։ Հիվանդին տարել, գցել են կալանավորների հետ, 7  «օգտագործողների» հետ է նստած «կամեռում»։ Ոչինչ չեմ կարողանում անել։ Թողել եմ Աստծո հույսին։ Ես քննիչներին փող տվողը չեմ։  Սկզբում տարել էին հիվանդանոոց, ստուգումների, հետո «Արմավիր» ՔԿՀ, հետո «Արմավիրում», որ տեսան հիվանդ է, զանգեցին, ասեցի՝ եկեք տարեք, նա հիվանդ է։ Տարան «Դատապարտյալների հիվանդանոց», հիմա էլի Սովետաշենի բերդում է («Նուբարաշեն» ՔԿՀ)։  Քննիչն ինձ ուզում է համոզել, որ իմ որդին առողջ է, պատկերացնո՞ւմ եք, որ դատի որպես մեղսունակի։ Բայց նա հոգեբուժարանում է պառկել երկար ժամանակ», — Forrights.am-ին ասում է Արթուր Սահրադյանը:

Հայտնի «Համերը», որով մոտեցել էր կառավարության շենքին, հենց իրեն էր պատկանում։

Հիշեցնենք՝ 25-ամյա Գեղամ Սահրադյանին մեղադրում են խուլիգանություն կատարելու, խոշոր չափի գույք ոչնչացնելու, խոշոր չափի թմրամիջոց իրացնելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու համար (ՀՀ Քրեական օրենսգրքի 264, 297, 396, 452-րդ հոդվածներ)։

Նա, ինչպես հայտնի է, փետրվարի 10-ին իր հորը պատկանող  «Համեր» մակնիշի ավտոմեքենայով  մոտեցել էր կառավարության շենքին, ոստիկաններից 1000 դրամ էր ուզել բենզինի համար, նրանք էլ փորձել էին կանգնեցնել տղային, սակայն չէր հաջողվել։

Գեղամը մեքենան աջ ու ձախ վարելով վնասել էր այդտեղ կայանված ավտոմեքենաները, փախել էր, ապա բռնվել ոսկու շուկայի տարածքում։ Գրպանից ոստիկանները թմրանյութ են հանել։ Գեղամի հայրը չի ժխտում, որ որդին օգտագործել է թմրանյութ, բայց երբեք «բառիգ», այսինքն՝ տարածող չի եղել։

Այժմ «Համերն» էլ, ինչպես Գեղամը, «կալանքի» տակ է։ Քննիչները մեքենան չեն վերադարձնում Արթուրին։ Պատճառաբանում են՝ մեջը փամփուշտ կա, պետք է հանեն, մասնագետ չկա, որ հանի։ «6 ամիս է՝ մասնագետ չկա։ Ասում եմ՝ ոչինչ, տվեք, ես կհանեմ։ Ես էդ «Համերը» ուզում եմ նվիրեմ եկեղեցուն։ Աստծուն խոսք եմ տվել, թող հետ տան իմ մեքենան», — դժգոհում է Արթուր Սահրադյանը։

Հայրը համոզված է՝ որդուն առնվազն 10 տարով նստացնելու են․ «Չորս ծանր հոդված են դրել վրան։ Ամեն երկու ամիսը մեկ իրեն հետազոտում են։ Բայց իմ հիվանդ երեխան  ի՞նչ է արել։ Ի վերջո, ոչ ոք չի տուժել, բացի իրենից»։

Նա հիշեցնում է՝ որդին երկու պատերազմների մասնակից է, 44-օրյայի ժամանակ կռվել է Ջաբրայիլում, ու ոչ միայն ինքն է կարողացել դուրս  պրծնել մահվան օղակից, այլև 5 զինվորների է փրկել։

«Հիմա իրեն դատում են, այդ հիվանդ վիճակով։ Ես քննիչին պատմել եմ, որ նա տանն էլ է վատ  վարք ունեցել, պրիստուպի մեջ տվել, դուռն է ջարդել։ Քննիչը սա օգտագործել է իմ տղայի դեմ, ու գրել է, իբր, ես բողոքում եմ, որ տղաս վտանգ է ներկայացնում, որ ավելի խստացնեն տղայիս պատիժը։ Ես իրեն ասել եմ՝ երեխես հիվանդ է, խնդիրներ ունի, իսկ ինքը որոշել է, որ ես բողոքում եմ իմ որդուց», — պատմում է Արթուր Սահրադյանը ու հավելում․

«Սպաները, որոնք երեխեքին թողեցին թուրքի բերանը, չեն դատվում, իսկ իմ երեխեն, որ զինվոր է եղել ու ասենք, քշել է մի աֆիցեռի վրա, դատվում է։ Գուցե, սա էն զինվորն էր, որ եկել էր թքի դրանց վրա։ Նա շատ զգույշ էր, սիգնալ էր տալիս, կամաց էր գնում, որ հանկարծ մեկին վնաս չտա։ իմ տղայի վրա էին կրակում ոստիկանները՝ էլ դիմահար, էլ կողքից»։

Հանրային պաշտպան Տիգրան Գրիգորյանը չի ցանկանում այս գործով մեր հարցերին պատասխանել։ Պատճառաբանում է՝ իր պաշտպանյալը լրատվամիջոցներին տեղեկություն տրամադրելու հանձնարարական չի տվել։

Հարցին, թե ինչ առողջական վիճակում է իր պաշտպանյալը, արձագանքում է․ «Նորմալ վիճակում։ Կոնկրետ այս պահի դրությամբ կա փորձագետի եզրակացություն, և նրա հայրիկի ասածները հակասում են փորձագիտական եզրակացությանը»։

Նրա խոսքով, իր պաշտպանյալը հոգեբույժի կարիք չունի։ Հանրային պաշտպանը նույնիսկ խուսափում է խոսել առաջադրված մեղադրանքներից և արդյոք դրանք փոփոխվել են, թե՞ ոչ։

Նրա վարքագծից տպավորություն էր, որ հանրային պաշտպանը կաշկանդված է և չի ցանկանում օգնել իր պաշտպանյալին, գոնե հանրային հնչեղություն ստացած գործի շուրջ պահանջված, նախաքննության շահերը չվնասող տեղեկություն տրամադրել։

Ի դեպ, Գեղամ Սահրադյանի հայրը գոհ չէր իր որդու պաշտպանության մակարդակից։ Պատրաստվում է բողոք ներկայացնել և քննիչի, և հանրային պաշտպանի դեմ։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՀՈԱԿ փոխտնօրեն Նաիրա Բաբայանից փորձեցինք ճշտել՝ ինչու է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող կալանավորը պահվում ընդհանուր խցում, ճի՞շտ է, որ այնտեղ 7 թմրամոլ կալանավորներ են իր հետ պահվում նույն խցում և արդյոք չկա նրան մասնագիտացված բաժանմունքում պահվելու անհրաժեշտություն։ Բաբայանը, սակայն հրաժարվեց պատասխանել, ասելով, որ չի կարող որևէ տեղեկություն տրամադրել Գեղամ Սահրադյանի առողջական վիճակի մասին, քանի որ դա արգելված է օրենքով։ Նա խուսափեց պատասխանել նաև մեր մյուս հարցերին։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest