Երեկ՝ նոյեմբերի 27-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկում խմբակային հացադուլ է սկսվել։ Forrights.am-ը այս տեղեկությունը ստացել էր դատապարտյալների հարազատներից։ Այսօր մեզ հայտնի դարձավ հացադուլի պատճառը՝ պահման ռեժիմների աստիճանական փոփոխման ինստիտուտը Հայաստանում չի գործում, մարդիկ չեն կարողանու օգտվել իրենց օրենքով սահմանված իրավունքից, տասնամյակներով՝ 25-30 տարի  մնում են լիարժեք մեկուսացման մեջ, ինչը նրանց իրավունքների կոպիտ խախտում է։

«Ի նշան բողոքի իմ և այլ ցմահ դատապարտված անձնանց իրավունքների խախտման դեմ հայտարարում եմ անժամկետ հացադուլ», — երեկ «Սեւան» քկՀ ղեկավարությունը մի քանի նման դիմում է ստացել։

Հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածները իրենց բողոքի նամակները ուղղել են նաև ՀՀ օմբուդսմենին, ՀՀ գլխավոր դատախազին, կառավարության աշխատակազմ, արդարադատության նախարարին, լրագրողներին, խնդրելով այցելել իրենց, լսել ու ներկայացնել հարցը։ Նրանց ծնողները պատրաստվում են ընդունելություն պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։

Բողոքին միացել են նաև այլ դատապարտյալներ, որոնք առողջական վիճակից ելնելով չեն կարող հացադուլ անել, սակայն իրենց բախտակիցների հետ բարձրաձանյում են տարիներ շարունակ չլուծվող խնդիրը։

Մեր տեղեկություններով, բունտ է հասունանում  նաև այլ քրեակատարողական հիմնարկներում, որտեղ ևս կան ռեժիմի մեղմացման իրենց օրինական իրավունքից զրկված դատապարտյալներ։

Օրենք, որը հույս տվեց

2019 թվականի հունիսի վերջին ուժի մեջ մտան Քրեակատարողական օրենսգրքի փոփոխությունները , որոնք պետք է փոխեին  քրեակատարողական հիմնարկներում փակված 90-ից ավելի ցմահ դատապարտյալների կյանքը, հույս տային նրանց, որ ազատումը հնարավոր է, կատարելագործվելու, ուղղվելու խթան հանդիսանային։

Այսպես էին 4-5 տարի առաջ, այն օրերին Արդարադատության նախարարության ներկայացուցիչները բացատրում լրագրողներին հեղափոխական այս փոփոխության իմաստը։

Կոլեկտիվ հացադուլ «Սևան» ՔԿՀ-ումինչո՞ւ ցմահների վիճակը չի փոխվում

Ըստ նոր օրենքի, ցմահ ազատազրկվածը պատժի 15 տարին կրելուց հետո դրական վարքագծի դեպքում կարող է տեղափոխվել կիսափակ ուղղիչ հիմնարկ, 18 տարի հետո կարող է անցնել կիսաբաց ռեժիմի, իսկ պատիժը առնվազն 20 տարի կրելուց հետո նա կարող է տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկ, այսինքն՝ միայն  գիշերն անցկացնել հաստատությունում, իսկ մնացած ժամանակ կարող է ապրել տանը, կամ աշխատավայրում, օգտվել նախկինում արգելված հաճույքներից՝ բջջային հեռախոսից, ինտերնետից, և այլն։

Բայց օրենքը չաշխատեց

Պատիժների եւ հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազները դաժան վերաբերմունք ունեն կալանավայրում 20 և ավելի տարի անցկացրած դատապարտյալների նկատմամբ:

Մեկը մյուսի հետևից չեղյալ են համարվում արդարադատության նախարարության տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները նրանց պահման ռեժիմը մեղմացնելու վերաբերյալ։ Առանձին ցմահներ որպես բողոքի ակցիա  հացադուլ էին հայտարարում։ Բայց բացի առողջության քայքայումից, արդյունքի չէին հասնում։ Թվում էր՝ թավշյա հեղափոխությունը նրանց շրջանցել է, և ցմահ դատապարտյալները մնացել են Քոչարյանի ժամանակներում։ Նրանք գրեթե ամեն ամիս հացադուլի են դիմում, երբեմն, ինչպես այս անգամ, նաև կոլեկտիվ հացադուլների։

Բայց ՔԿԾ-ն առաջընթաց է գրանցում

Քրեակատարողական ծառայությունից Forrights.am-ի լուրը հաստատեցին։ Ծառաության մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանից մենք ստացանք հետևյալ պարզաբանումը։ «Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 7 դատապարտյալ հայտարարել է անժամկետ հացադուլ՝ հաջակցություն մեկ այլ ցմահ դատապարտյալի, որի տեղափոխումը քրեակատարողական հիմնարկի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններից ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններ մերժվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովի որոշումը դատապարտյալի կողմից բողոքարկվել է դատական կարգով, սակայն վերջինիս բողոքները մերժվել են ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների կողմից, իսկ Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել»։

Նոնա Նավիկյանը վիճարկում է դատապարտյալների պնդումը, թե ՀՀ նոր քրեակատարողական օրենսգրքի որոշ դրույթներ չեն գործում կամ գործում են թերի, մասնավորապես՝ դատապարտյալներին առավել ցածր անվտանգային գոտիներ տեղափոխելու հետ առնչություն ունեցող դրույթներն ու իրավական ակտերը։ «Իրենց բողոքով դատապարտյալները փորձում են մեկ դատապարտյալին մերժելու հանգամանքն ընդհանրացնել բոլոր ցմահ դատապարտյալների համար՝ թյուր կարծիք ստեղծելով այն փաստի վերաբերյալ, որ օրենքը չի գործում։ Ի պատասխան դատապարտյալների բողոքի՝ նշենք, որ ինչպես բոլոր քրեակատարողական հիմնարկներում, այնպես էլ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների տեղափոխումն ըստ անվտանգային գոտիների իրականացվում է պատշաճ կերպով, օրենքի սահմաններում։ Մասնավորապես՝ 2023 թվականի ընթացքում 2 ցմահ դատապարտյալ տեղափոխվել է հիմնարկի բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններից միջին անվտանգային գոտու խիստ պայմաններ, իսկ 3 ցմահ դատապարտյալ՝ միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններից ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններ։

Ներկա պահին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող 87 ցմահ դատապարտյալներից 2-ը պատիժը կրում են բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններում, 50-ը՝ բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում, 14-ը՝ միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում, 16-ը՝ միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում, 4-ը՝ ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում, իսկ 1-ը՝ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում։

Ցմահ դատապարտյալների անվտանգային գոտիների մեղմացումները վկայում են քրեակատարողական համակարգում դրական զարգացումների մասին։ Այդ մասին արձանագրել է նաև Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությունն իր՝ 2023 թվականի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ կատարած այցերի ժամանակ», — հաղորդում է ՔԿԾ հանրային կապերի բաժնի ղեկավարը։

«Ես միայն դեգռադացվում եմ, ուրիշ ոչինչ»Արթուր Մկրտչյան

Իրականությունը սակայն այն է, որ օրենքի փոփոխությունից հետո, անցած 4 տարում ընդամնեը 4 ցմահ դատապարտյալ է ազատ արձակվել՝ Արսեն Արծրունին, Ստեփան Գրիգորյանը, Աշոտ Մանուկյանը և Մհեր Ենոքյանը։ Եթե հաշվի առնենք, որ 2018 թվականին, մինչև օրենքի ընդունումը 2 ցմահ էին հայտնվել ազատության մեջ՝ Վահան Մարուքյանը և Կարեն Օգանեսյանը, որն առաջին ազատության մեջ հայտնված ցմահ դատապարտյալներ, ապա հասկանալի չէ, թե որն էր նոր իրավակարգավորման արդյունավետությունը։

Ըստ ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի, օրենսդրական փոփոխությունը ընդամենը խաղ է, որը հնարավորություն է տալիս, բայց ոչ մի դրական տեղաշարժի չի բերում։ Եթե նախկինում մեկ մարմին էր գործում ռեժիմը կամ անվտանգային գոտին որոշելու հարցում ապա այժմ ավելացավ նաև Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը, որի եզրակացությունը որպես կանոն սուբյեկտիվ է և բեկանման ենթակա չի։ «Ես միայն դեգռադացվում եմ, ուրիշ ոչինչ — և սա ուղիղ պատճառահետևանքային կապ ունի նոր քրեակատարողական օրենսգրքի հակասահմանադրական բնույթի հետ, եթե նա կտրված է բարի արմատից ապա և չի կարող բերել բարի պտուղներ: Վերասոցիալականացման ուղուց կրկին անցում ենք կատարում պատժողական քաղաքականության, որը ՀՀ կառավարության որդեգրած սկզբունքների խախտում է։ Ամեն ինչ դարձել է ձևական, մինչ օրս դեռ դուրս չենք եկել սովետական բյուրոկրատական ճահճից: Իրականությունը այն է, որ ոչ թե օրենքն է գործում, այլ պլան են կատարում՝ ամեն ինչը թղթի վրա է տեղի ունենում, թղթի վրա իմ հետ աշխատանք են տանում, որ իմ մոտ դրական վարքագիծ ձևավորեն և այդ վարքագծի վերաբերյալ բացասական դիրքորոշում հայտնում, թղթի վրա առանց հիմնավորելու՝ իմ հանցանք կատարելու բարձր-ցածր հավանականությունն են որոշում, կարծիքներ են իմ մասին կազմում ելնելով այնպիսի տվյալներից, որոնք անհնար է որ փոխվեն (օրինակ կատարած հանցանքի բնույթը), կամ էլ ունեն տասնյակ տարիների վաղեմություն և այնպիսի «մասնագետների» կողմից, որոնք ինձ միայն թղթերով են ճանաչում», — գրում է ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը վարչապետին ուղղված  իր բաց նամակում։

«Ակնհայտ է, որ կա քաղաքական որոշում, որ այս մարդիկ ազատ չարձակվեեն»Ժաննա Ալեքսանյան

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին խնդրեցինք մեկնաբանել քրեակատարողական ծառայության պատասխանը, որում առաջընթաց է գնահատվում այն, որ մի քանի հոգու համար ռեժիմի փոփոխություններ են կատարել այս 4  տարում՝ խիստ ռեժիմից միջին ռեժիմ, որոնք , ի դեպ, շատ չեն տարբերվում իրարից և ընդամենը ավելի են երկարացնում «սոցիալիզացիա» կոչվող գործընթացը, կամ միջինից՝ ցածր։ «Ցմահ դատապարտյալների ազատ արձակման ընդունված օրենքները չեն գործում։ Ռեժիմի փոփոխության վերաբերյալ օրենքի կարգավորման էությունը այն է, որ մարդիկ ազատ արձակվեն, բայց նրանք մնում են փակի տակ։ Կան մի քանի հոգի պայմանական ազատ արձակված, բայց ակնհայտ է, որ կա քաղաքական որոշում, որ այս մարդիկ ազատ չարձավեն։ Բոլորի պայմանական վաղաժամկետ բողոքները մերժվում են, չնայած, որ բոլորն ունեն վարքագծի բարձր նշաձող և լավ բնութագրեր, բայց այդ համակարգը չի գործում։ Թե ներսում իրենք ում՝ ուր են տանում, դա առանձնապես չի փոխում դատապարտյալների կյանքը։ Հացադուլ անող տղաներից  բ ոլորն ունեն դրական վարքագիծ, բայց երբ որ ասում են՝ ազատ արձակման ռիսկայնությունը բարձր է, դա չ՞ի հակասում իրենց տված բնութագրերին», — հարցնում է իրավապաշտպանը։

ՀԳ Ցմահ դատապարտյալների հացադուլի դեպքերը գնալով ավելանում են։ Ընդամնեը  մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի  12-ին  կոլեկտիվ հացադուլ էին հայտարարել  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ավելի քան հինգ տասնյակ ցմահ դատապարտյալներ, պահանջելով կիրառել օրենքը։ Նրանց հարազատները բողոքի ակցիա անցկացրին կառավարության շենքի մոտ։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest