Արցախցիները կատարյալ անորոշության մեջ։ Նրանց փախստականի կարգավիճակ են տալիս, բայց չեն բացատրում, թե ինչ է տալու իրենց այդ կարգավիճակը։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը վերջին նիստում Արցախից տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ է տվել՝ փախստականի կարգավիճակ։ Հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը որոշում հաստատեց, որով արցախցիներին օրենքի ուժով ճանաչում է փախստական։

Արդարադատության  նախարար Գրիգոր Մինասյանը նիստի ժամանակ պարզաբանեց, որ որոշումը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձանց, ՀՀ տարածքում կամ դրանից դուրս գտնվող անձաց, որոնց  վերջին հաշվառման հասցնեն եղել է Լեռնային Ղարաբաղը։ Փախստական են նաև Արցախում չհաշվառված, բայց այնտեղ ապրած ու այս սեպտեմբերին տեղահանվելուց հետո Միգրացիոն ծառայությունում հաշվառվածները։ Կառավարությունը  հաստատել է փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը:

Փախստականների մասին օրենքով ժամանակավոր պաշտպանության տակ են առնվում այն անձինք, որ Հայաստանում են հայտնվել հարևան պետություններից։

Հարևան պետությունը տվյալ դեպքում արդեն գոյություն չունեցող Արցախի Հանրապետութունն է։

Պետական այրերի բացատրությունները արցախցիների համար հասկանալի չեն։ Իսկ փախստական բառն ինքնին տխուր է հնչում, նվաստացուցիչ և ընդամենը ժամանակավոր պաշտպանվածություն է ենթադրում։

«Թողեցին անհայրենիք, անհասցե», — ասում է Նունե Աղաբեկյանը։ Նրան վիրավորել է փախստական կոչվելու հեռանկարը։

«Ո՞նց կարող է տուն տեղ, հայրենիք կորցրած մարդը գոհ լինել փախստականի կարգավիճակ ստանալուց, մանավանդ, որ այդ կարգավիճակը քեզ ընդմիշտ զրկում է քո հայրենիքից», — կարծիք է հայտնում Կարինե Գրիգորյանը, Ստեփանակերտից։

«Չի կարելի այդ թղթին կարգավիճակ համարել քանի որ միջազգային չէ ՄԱԿ-ի կողմից չէ,սա ավելի շատ մարդկանց խաբկանքի մեջ է գցելու», — արտահայտվում է Մերինե Միրզոյանը։

«Ես գոհ չէմ ես իմ Հադրութն եմ ուզում», — ասում է հադրութեցի Էրիկա Հարությունյանը։ Բոլորի մեջ դեռ ծխում է հանյրենիքը։ Հարցը՝ թե արդյոք գոհ եք, որ փախստականի կարգավիճակ եք ստանալու, վիրավորական է հնչում արցախահայության համար։

«Ոչ, միանշանակ։ Մեզ իրարից հեռացնելու, երկրից հեռանալու, պառակտելու, մեզնից ազատվելու, արտերկրներից մեր կարիքները հոգալու համար ուղարկված գումարները լափելու միջոց է։ Մեզ զրկում են Արցախի քաղաքացիությունից, վերացնում են այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ։ Դրա համար ոչ, ու կրկին ոչ>, — ասում է Նորայր Բեգլարյանը տեղահանվածներից։ Անահիտն էլ տրտնջում․  « Մինը կա վեչ վեր մեզ ասե, հինչ անինք, վեր դուզ ինի։ «Ոնց որ  առանց չոբան ոչխարի սուրու, հունց կարում, քշում են, հինչ օզում անում են։ Ես, օրինակ, ինձ փիս անդարում զգում, անտոն, անհայրենիք, ամեն հինչ ինձետի կասկածելիյա թվամ»։ » , — ասում է Անահիտը։

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանն է անգամ դժգոհ։ Նրա ղեկավարած հասարակական կազմակերպությունը երեք տարի պայքարել է Հայաստանում բնակվող արցախցիներին փախստականի կարգավիճակ տալու համար։ Նրան միշտ մերժել են։ Հիմա դուք ուրախ չե՞ք։ Վերջապես ստանալու եք կարգավիճակը։ Forrights.am-ի հարցին  Հայրյանը պատասխանեց․ «Կարգավիճակը տալուց մեկ-երկու ամիս առաջ եմ հանդիպել իշխանության  մարմինների հետ։ Մեզ ցինիկաբար պատասխանում էին՝ Ձեզ կարգավիճակ չի հասնում, որովհետև դուք Հայաստանի քաղաքացիներ եք։ Տեսնելով ՀՀ իշխանությունների վերաբերմունքը ամեն հայկականի հայնդեպ, մենք որոշել էինք ուրիշ երկրներից կարգավիճակ խնդրենք։ Հիմա էս կարգավիճակը, որ մեզ տալիս, ես սրան սկզբունքորեն դեմ եմ, որովհետև չեմ հասկանում, թե ինչու հանկարծ որոշեցին տալ, ինչը փոխվեց, երբ որ նույն մարդն ինձ մեկ օր առաջ ասում  էր՝ դուք ՀՀ քաղաքացի եք։ Հիմա որոշեցին, որ մենք ՀՀ քաղաքացի չենք, մեզ հասնում է փախստականի կարգավիճակ։ Ես սկսում եմ կասկածել, որ այս որոշման արմատները գալիս են Ռուսաստանից, իսկ ես ամեն ռուսականից վախենում եմ։ Բայց էլի կսպասենք երկու երեք օր»։

Արցախցիները սպասում են ՀՀ կառավարության բացատրություններին։ Մինչ այս պահը հնչած մեկնաբանությունները խառնաշփոթ են ստեղծում և ստույգ չեն։

Այսպես, հոկտեմբերի 25-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտարարություն արեց, որից բխում է, որ  փախստականները թոշակ չեն ստանալու։ Նա ասաց, որ բռնի տեղահանված բոլոր արցախցիները իրավունք կունենան դիմել և քաղաքացիություն ստանալ։  «Դրա արդյունքում նրանք կստանան կենսաթոշակների և օրենքով սահմանված բոլոր նպաստների շահառու լինելու իրավունք», — հայտարարեց Տիգրան Խաչատրյանը։

Ստացվում է, որ փախստականները թոշակ չե՞ն ստանալու։

Իրավագիտության  դոկտոր Գևորգ Դանիելյանը անմիջախես նկատեց փոխվարչապետի թույլ տված վրիպալկը և ուղղեց նրան ․ «Կենսաթոշակի և մի շարք այլ սոցիալական իրավունքներ ծագում են իրավունքի ուժով՝ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու պահից, ինչը իմպերատիվ ամրագրված է

«Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի «իi» ենթակետի համաձայն, եթե ընդունող երկրում կենսաթոշակներ տրվում է հիմնադրամներից, ապա փախստականներին այն տրվում է պետական բյուջեից, այսինքն՝ կենսաթոշակ տրվում է անվերապահ, բոլոր դեպքերում»․ — գրառում գրեց ՖԲ –ում, որը տարածեցին ԶԼՄ-ները։

Ի վերջո, ի՞նչ է տալու փախստականի կարգավիճակը արցախցիներին, որևէ առարկայական առաջխաղացում  նրանց վիճակում  բերելո՞ւ է։

Forights.am-ի հարցերին պատասխանեց ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։

«Կարգավիճակն իրենց զրկում է ապագայում ԼՂՀ քաղաքացի լինելուց և ԼՂՀ-ի հանդեպ պահանջատիրությունից։ Նրանք դառնում են փախստական, որոնց ընդունել է Հայաստանը և իրենց տրամադրել է այն հնարավորությունները, որոնք որ գրված են փախստականի կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայում։ Սա նշանակում է, որ իրենք ունենալու են բոլոր հիմնական Մարդու իրավունքները, քաղաքացիների նման։ Մյուս իրավունքները՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական՝ ունենալու են այնպես, ինչպես արտասահմանցիները»։

Փաստորեն, փախստականի կարգավիճակը ինչ-որ միջանկյալ վիճակ է տեղաբնակի և արտասահմանցու արանքում։

Լարիսա Ալավերդյանը հիշեցնում է, որ փախստականները չեն կարող մասնակցել համապետական ընտրություններին, հանրաքվեին, բայց կարող են մասնակցել ՏԻՄ ընտրություններին, եթե մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում ՀՀ-ում:  Նրանք չեն կարողանալու զբաղեցնել պետական պաշտոններ։

«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ Ապաստան հայցողներն ու Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն ՀՀ տարածքում աշխատանք փնտրելու և աշխատելու նույն պայմաններով, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, սակայն  ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն՝ հանրային ծառայության անցնելու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները:

«Թոշակի մասով փոխվարչապետ Խաչատրյանը մարդկանց մոլորության մեջ քցեց։ Չկա նման բան։ Սա սխալ, խելքից դուրս հայտարարություն է։ Առհասարակ, հստակեցնելու բազմաթիվ հարցեր կան։ Օրինակ, ուսանողը, որը գտնվում է Հայաստանում, դիտարկվելու է որպես օտարերկրացի ու անպայման պետք է վճարի ուսման համար,  թե նա կունենա նույն արտոնությունը, որից օգտվել է։ Կա սկզբունք՝ որ չի կարելի մարդուն զրկել այն իրավունքից, որին նա տիրապետում է։ Այստեղ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ», — ասում է իրավապաշտպանը։

Ըստ նրա ցավալի է, որ ընդունված իրավական փաստաթղթում օգտագործվում է  Լեռնային Ղարաբաղ եզրույցթը։ «Մարդիկ չեն ճանաչվում որպես տարիներ շարունակ գոյություն ունեցող, միջազգային  հարաբերություններին մասնակցած սուբյեկտ։ Սա ցավալի է, և նրանց անձնագրերը դիտարկվում են որպես ոչ իսկական»։

Ըստ լարիսա Ալավերդյանի, բազմաթիվ բարդություններ են առաջանալու արցախցիների համար արտասահմանյան վիզաներ ստանալիս։

«Մինչ օրս արցախցիները մեզ նման գնում, գալիս էին արտասահման, ստանում էին  վիզաներ։ Հիմա այդ ամենը բարդանալու է, որովհետև որևէ պետություն չի ցանկանա ընդունել այս վիճակում գտնվող մարդկանց, վախենալով, որ կավելացնի իր երկրում անօրինական միգրանտների թվաքանակը։ Այս խութերը կան, ես ափսոսում եմ, որ իրենք այնպիսի ոգևորությամբ են այս ամենը ասում, կարծես, թե պարգևատրում են մարդկանց փախստականի կարգավիճակով», — ասաց Լարիսա Ալավերդյանը։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest