Արցախցի երիտասարդ Արման Սարգսյանը պատերազմից հետո մշտապես մասնակցել է բողոքի ցույցներին, հանուն Արցախի փրկության հավաքներին։ Մի անգամ երեք ժամով ձերբակալվել է 2023 թվականին, շրջափակման օրերին, երբ մոյւս ակտիվիստների հետ ճանապարհ էին փակում, պահանջելով, որ Հայաստանի իշխանությունը միջամտի և Արցախի բնակչությանը այնտեղից դուրս գալու ճանապարհ տան։

Այն ժամանակ ոստիկաններն իրեն տարան բաժին, բայց լավ էին վերաբերվել։ Նրանիցից մեկը նույնիսկ ասել է․ «Արման ջան, մենք էլ ենք ձեզ հետ, հանկարծ բերետների ձեռքը չընկնեք։ Ավելի լավ է, մենք բռնենք»։

Այս անգամ՝ 19 տարեկան տղայի բախտը չբերեց՝ ընկավ «բերետավորների» ձեռքը։ Նրան ծեծել են ձեռքերով, ոտքերով, տրորել են, նա չի հիշում,, թե քանի ոտք է իրեն հարվածում։  Նրա լուսանկարը՝ ոստիկանի կոշիկի հետքը դեմքին դաջված՝ արագորեն տարածվեց համացանցով մեկ, սարսուռ առաջացնելով։

Screenshot

«Ո՞նց թե կանգնել է դեմքին», – ապշել է Արմանի մայրը՝ Նաիրա Գրիգորյանը, որին մայիսի 31–ին՝ ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիայի օրը զանգեց ընկերուհին ու ասեց, որ Արմանը բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոցում է, Հերացու վրա։

«Հարվածել է, ու հարվածի տեղը մնացել էր, ճակատին տպվել էր։ Ես սկզբում իմացա, թե ինչ որ բանով խփել են, դուբինկայի հետք ա։ Լացեցի էդ պահին,չկպատկերացրի, որ ոտքը դրել են երեխայիս դեմքին։ Հրաշքով ոչ մի բան չի ջարդվել, բա որ աչքը տրաքե՞ր», – ասում է Նաիրա Գրիգորյանը Forrights.am–ին։

Տղայի արյունլվա դեմքը, գլխի կարերը՝ Նաիրան մի պահ շոկ է ապրել, բայց արագ իրեն հավաքել է։

«Սկզբից վախեցա, հետո մտածեցի՝ հայրենիքի  համար է պայքարում, մարդ կա, չի եկել պատերազմից, մարդ կա՝ կեսմարդ դարձած է եկել։ Բա իրենք ի՞նչ ասեն։ Լացեցի, լացեցի, լռեցի», – ասում է։

Նա բազմազավակ է։ Իր 4 երեխաների հետ ապրում էր Մարտակերտի շրջանի Մահավուզ գյուղում։ Արմանը պատերազմից հետո եկավ Հայաստան, ավագ դպրոցում սովորելու ու մնաց, որովհետև ուսման որակը նրա սրտով էր։ ԵՊՀ ուսանողի տանն էր մնում։ «Միշտ գերազանցիիկ սովորող երեխա է եղել, ֆիզիկան էր սիրում հատկապես։ Ասեց՝ մնամ Երևանում, մինչև կարգավորվի ամեն ինչ։ Բայց անպայման վերադառնալու էր Արցախ։ Նրան որպես լավ աշակերտի, առաջարկել էին գնալ Մոսկվա, սովորելու, ինքը հրաժարվել էր, ուզում էր գիտելիք ձեռք բերել ու գնալ Արցախ՝ ապրելու։ Բայց․․․ էս ամենը կատարվեց, ինքը ծանր տարավ․․․ «Տուվուշը հանուն հայրենիքի» ակցիաների առաջին օրերից ոտքի է ելել, երիտասարդ, ուսանող խելոք տղա է, չի կարող ձեռնպահ մնալ հայրենիքի փրկության շարժումից։ Միշտ ասում է՝ մամա, եթե մենք չէ, ո՞վ», – պատմում է Նաիրան տղայի մասին։

Մայիսի 31–ի բողոքի ակցիայի ժամանակ Արմանը ԱԳՆ աստիճանների վրա կանգնած է եղել։ Հանկարծ հավաքված բազմության միջից ինչ–որ մեկը, որին նա չի ճանաչում ու երբեք չի տեսել ակցիաների ժամանակ, շիշ է նետել ոստիկանների ուղղությամբ, ոստիկաններն էլ այդ շիշը վերցրել ու ցուցարարների կողմն են նետել։

«Ոստիկանները կտրուկ սկսեցին առաջ գալ վահաններով։ Մինչ այդ ես շարքի դիմացն եմ կանգնած եղել, ոստիկանները շատ հանգիստ էին մեզ նայում։ Երբ որ շիշ շպրտեցին, ես աստիճաններով սկսեցի իջնել, փորձեցի հեռանալ տարածքից, բայց մի ոստիկան բռնեց ինձ ու նետեց վահաններից այն կողմ, որտեղ սև բերետավորներն էին։ էդ նույն ոստիկանը ամբողջ ընթացքում կողքս խաղաղ կանգնած է եղել, ու հանկարծ ինձ բռնեց ու բրդեց վահաններից այն կողմ», – վերհիշում է Արմանը այդ օրվա դեպքերը։

Իրավապահները պնդում են, որ ԱԳՆ շենքի մոտ հավաքված ցուցարարները պատրաստվում էին գրոհել ԱԳՆ շենքը, և իրենց գործողություններն իրավաչափ են։

Արման Սրգսյանը որպես ականատես վկա պնդում է՝ գրոհ չի եղել։ «Գրոհը կարող է լինել հրամանով։ Հստակ կարող եմ ասել՝ Սրբազանի կողմից գրոհի հրաման չի եղել ու չէր կարող լինել։ Երբ որ ինձ տարան ու շպրտեցին ավտոբուսի մեջ, ես տեսա, որ այնտեղ շատ մարդիկ կային, որոնց նույն ձևով բերում էին ու շպրտում», – պատմում է Արման Սարգսյանը։

Ըստ նրա, հիվանդանոցում նրա ստացած բազմաթիվ վնասվածքները արձանագրել են, ունի տեղեկանք դրանց վերաբերյալ և պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

Արման Սարգսյանը պնդում է՝ իրեն հայտնի չէ, թե արդյոք կա վարույթ իրեն ծեծի ենթարկելու դեպքով։ «Հիվանդանոց եկել էր մարդ ոստիկանությունից, ինչ որ բաժանմունքից, որը զբաղվում է ոստիկանների կարգապահությամբ, բայց ինձ չի մոտեցել, քննիչներ ինձ մոտ չեն եկել։ Կարծում եմ՝ վարույթ չկա»« – ասաց նա Forrights.am-ի հետ զրույցում։

Իր և մյուս ցուցարարների դեմ ձեռնարկած ոստիկանական վայրագությունները 19 տարեկան այս երիտասարդը որակում է «խուլիգանություն, որը ոչ մի արդարացում չունի»։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հունիսի 4–ին հաղորդել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում «մի խումբ անձինք, սեփական անձի կարծեցյալ առավելություններն ընդգծելու և խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների և արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ»:

Հարուցվել է քրեական վարույթ «Խուլիգանություն» հոդվածով, սակայն ոստիկանների գործողություններին իրավական գնահատական չի տրվել։ Արման Սարգսյանին այցելել են ՄԻՊ գրասենյակից և արձանագրել են նրան պատճառած մարմնական վնասվածքները։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest